Մատչելիության հղումներ

Հայկական կողմը պահանջում է, որ Կարմիր Խաչը շուտափույթ այցելի Արսեն Խոջոյանին


Հայկական բանակի զինծառայողները Ադրբեջանի զորքերի հետ շփման գծում, արխիվ

Հայկական բանակի զինծառայողները Ադրբեջանի զորքերի հետ շփման գծում, արխիվ

Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետը հաստատում է, որ Արսեն և Մամիկոն Խոջոյանները ազգականներ են:

Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու փաստը շաբաթ օրը պաշտոնապես հաստատեց նաև հայկական կողմը:

«Սահմանահատման հանգամանքները առայժմ ճշտվում են, լրացուցիչ ոչինչ ասել չեմ կարող այս պահի դրությամբ», - այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց Գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:

Ի պատասխան «Ազատության» հարցի՝ Կապրիելյանը հաստատեց, որ Կարմիր Խաչին հայկական կողմը տեղյակ պահել է: «Եվ պահանջ ենք առաջ քաշել, որպեսզի Բաքվի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը շուտափույթ կերպով այցելի Արսենին և տեղեկությունները հայտնի հայկական կողմին: Առայժմ ոչ մի նորություն չունեմ», - հավելեց նա:

Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Կամո Չոբանյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ երեկ, տեղեկանալով Արսեն Խոջոյանի անհետացման մասին, որոնել են նրան, սակայն՝ ապարդյուն: Ուրբաթ օրը ժամը 17-ի սահմաններում ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Թովուզի շրջանում է հայտնվել Հայաստանի քաղաքացի 23-ամյա Արսեն Խոջոյանը՝ քաղաքացիական հագուստով: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ այդ փաստը հաստատել է Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովը: Ադրբեջանական կայքերից մեկը հրապարակեց նաև Խոջոյանի լուսանկարը: Հաղորդվում էր, որ Արսեն Խոջոյանին տեղափոխում են Բաքու, որտեղ նրան պետք է այսօր հարցաքննեն:

Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Խոջոյանը անհետանալուց առաջ եղել է գյուղի արոտավայրում․ - «Անասուն է պահում ներքևի զոնայում, էդ որտեղից որ նախկին [Մամիկոն] Խոջոյանն անցել էր, էդ զոնայում ինքը անասուններ է պահում՝ ոչխար է պահում հիմնականում, հոր հետ: Դե շատ թանձր մառախուղ է եղել, հիմա էլ, էս պահին էլ Շամշադինում շատ թանձր մառախուղ է նստած: Երևի շփոթվել է, մոլորվել է, չեմ կարող ասել: Համենայն դեպս, առաջին վարկածը դա է, որ մոլորվել է, մոլորվել է, շփոթվել է, անցել, չեմ կարող ասել»:

«Ազատության» հարցին՝ հաճա՞խ են արդյոք գյուղացիները այդ վայրում անասուններ արածեցնում, Կամո Չոբանյանը արձագանքեց․ - «Մեր հանդամասերը էդտեղ է՝ և՛ ասենք, խոտհարքները, և՛ արոտավայրերը, և՛ խաղողի այգիները, հողերը՝ մեր վարելահողերը: Էդ տերիտորիան է, էլի, մերն է, դե հիմա, էդ ձև է ստացվել»:

Հարցին էլ՝ ազգակցական կապ ունի՞ արդյոք Արսեն Խոջոյանը օրեր առաջ ադրբեջանական գերությունից վերադարձած Մամիկոն Խոջոյանի հետ, գյուղապետը պատասխանեց․ - «Իրենք ազգակիցներ են, ուղղակի գյուղում այսպես է՝ ասենք, մի ազգը, կոնկրետ ես Չոբանյան եմ՝ բոլոր Չոբանյաններս իրար հեռու-մոտիկ հարազատ-բարեկամներ ենք, էլի: Նույնն էլ իրենք են»:

Արսեն Խոջոյանի ընտանիքի 7 զավակներից ավագն է:

Հիշեցնենք, որ նույն՝ Վերին Կարմիրաղբյուր գյուղից հունվարի 28-ին ադրբեջանական տարածքում էր հայտնվել և գերեվարվել 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, որին ադրբեջանական կողմը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո մարտի 4-ին վերադարձրեց Հայաստան՝ խոշտանգված վիճակում:
XS
SM
MD
LG