Մատչելիության հղումներ

logo-print
Մարտի 8-ին Հայաստանը աշխարհի բազմաթիվ այլ երկրների հետ նշում է Կանանց տոնը։

Տոնի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Այսօր բոլորս հայտնում ենք ձեզ մեր սերն ու հարգանքը՝ քաջ գիտակցելով, որ ձեր հանդեպ հոգատարությունը երբեք չպետք է սահմանափակվի միայն այս օրով»:

«Հայաստանի բոլոր հաջողությունները հնարավոր են դարձել ամուր ընտանեկան արժեքների և հանրային կյանքի բոլոր բնագավառներում կանանց ամենաաշխույժ ներգրավման շնորհիվ: Անգնահատելի է այն դերը, որ կանայք կատարում են մեր հասարակության մեջ: Վստահ եմ՝ կանանց ներգրավվածությունը շարունակելու է աճել և նպաստել Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը», - նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ իր ուղերձում ընդգծում է նախագահը։

«Մեր մայրերին, տիկնանց, քույրերին և դուստրերին մաղթում եմ անսահման սեր, երջանկություն, ամուր հենարաններ կյանքում և նորանոր հաջողություններ՝ ի բարօրություն մեր ընտանիքների և ի շահ մեր հայրենիքի», - ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում։

«Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում սիրելի տիկնանց և օրիորդաց` մարտի 8-ի առիթով: Գարնանամուտին, բնության զարթոնքի այս օրերին մարտի 8-յան տոնը խնդություն է հավելում մարդկանց սրտերին` առանձնահատուկ կարևորելով կանանց լուսավոր առաքելությունը աշխարհում», - ասված է, մասնավորապես, Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի շնորհավորական ուղերձում, որը տարածել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Գործունեության տարբեր բնագավառներում մեր մայրերը, քույրերն ու դուստրերը իրենց հատուկ սիրով, հոգատարությամբ ու հավատարմությամբ արդյունավորում են իրենց ծառայությունը մեր երկրին ու ժողովրդին, ջանքեր ներդնում` ի խնդիր մեր հասարակության բարօրության, պետության զորացման, պայծառ ու լուսավոր գալիքի կերտման: Ազգային-եկեղեցական մեր անդաստանում անփոխարինելի և բացառիկ է կանանց ուրույն դերն ու նվիրյալ սպասավորությունը, մասնավորաբար` ընտանիքների ամրության, նոր սերնդի կրության ու դաստիարակության գործում», - իր ուղերձում նշում է Վեհափառը՝ շարունակելով. - «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր սրտագին բարեմաղթանքները բերելով` ի խորոց սրտի աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ օրհնության ու շնորհների ներքո պահպանի մեր մայրերին, քույրերին ու դուստրերին և զորացնի ազնիվ ու գովարժան ընթացքով ծառայելու մեր ժողովրդի և Հայրենիքի առաջընթացին: Թող Աստված Իր Սուրբ Աջի հովանին տարածյալ պահի բոլոր տիկնանց և օրիորդաց վրա, պարգևի քաջառողջ արևշատություն, երջանկություն և երկնառաք բյուր բարիքներ»:

Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել նաև Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG