Մատչելիության հղումներ

Ոստիկանապետը հանդիպման է կանչել ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքող գյուղացիներին


Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր հանդիպման է կանչել երեկ մի քանի ժամով Աշտարակ-Ապարան ավտոմայրուղին փակած գյուղացիներին ու յոթ գյուղերի ղեկավարներին:

Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ով երեկ տեղում բանակցում էր գյուղացիների և ոստիկանների հետ։

«Բոլոր գյուղերի գյուղապետերին ու համայնքի հինգական անդամի հրավիրել են, որպեսզի բացատրեն, կամ էլ հետաքրքրվել են, թե ինչ է կատարվել... ես չեմ կարծում, թե դա կարելի է։ Ես չգիտեմ ՀԷԿ կառուցելու համար են հրավիրել, թե բացատրություններ ստանալու, միգուցե հրավիրել են հասկանալու, թե ինչու նման գործողություններ տեղի ունեցան»,- ասաց պատգամավորը։

Ոստիկանապետի հետ հանդիպումից հետո, գյուղապետերը, լսելով մեր հարցը, թե ինչ են քննարկել Վլադիմիր Գասպարյանի հետ, մեկը մյուսի հետևից անջատում էին հեռախոսները։

Մինչդեռ գյուղացիների պայքարին միացած բնապահպանները համոզված են, որ այս քայլով իրավապահները փորձում են ճնշել, վախեցնել ու հետագա պայքարից ետ պահել գյուղացիներին: Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Աննա Աղլամազյանը պատմեց, թե ինչպես են երեկ բողոքի ակցիայից հետո իրենց հետապնդել և Երևան հասնելուն պես բռնության ենթարկել: Չորս ակտիվիստներ, Լենինգրադյան փողոցից բերման էին ենթարկվել, ապա ազատ արձակվել։

«30-40 խուժան, ուղղակի ուրիշ բառ չեմ կարող ասել, մեզ վրա հարձակվեցին, չորս հոգու դրեցին մեքենաները։ Հինգ հոգի էին ոստիկանական համազգեստով, մյուսները քաղաքացիական հագուստով էին։ Սրան միայն խուժանապետություն կարող եմ անվանել»,- ասաց Աղլամազյանը.- «Էս ձևով մեր երկրում մեզ հետ չհամարձակվեք վարվել»։

Ինչպես վերաբերում է փոխվարչապետ Արմեն Գևորգյանի՝ նախօրեին արած հայտարարությանը, թե ՀԷԿ կառուցելու մասին խոսք չկա, ապա ծնունդով ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ասաց, թե հիդրոէլեկտրակայանը միանշանակ կառուցվելու է: Պատգամավորն այսօր հանդիպել է Արմեն Գևորգյանին և բանավոր երաշխիքներ ստացել, որ ՀԷԿ-ի աշխատանքի պատճառով գյուղացիներին տրվող ոռոգման ջուրը չի պակասի: Լյովա Խաչատրյանը այս տարբերակին դեմ չէ։

«Եկանք այն համոզման, որ այսօր ՀԷԿ կառուցելու խնդիր դեռ դրված չէ։ Այո՛, կառուցվելու է, բայց երբ ստանան համապատասխան թույլտվություն, կսկսվի քննարկում և բնապահպանների, և համանքնի բնակչության հետ, պարզապես մի փոքր սելը եզից առաջ էր դրվել»,- ասաց Խաչատրյանը։

Բնապահպանները արձանագրում են՝ բացահայտվեց կառավարության հերթական սուտը, արագահոսը վերանորոգելու անվան տակ մասնավոր ընկերությունն իրականում ՀԷԿ է կառուցում։ Բանավոր խոստումները, թե գյուղացիները կկարողանան ջրել իրենց այգիները, Աննա Աղլամազյանը համոզիչ չի համարում։

«Շինարարության կատարող ընկերությունից պետք է պահանջել, որպեսզի ներկայացնի նախագիծ, թող այնտեղ երևա ինչքան ջուր է վերցվելու ՀԷԿ-ի համար, ինչքան ջուր է տրվելու գյուղացուն, և դա կլինի երաշխիքը, թե ինչ է մնալու գյուղացուն»,- ասաց Աղլամազյանը։

Ի դեպ, այսօր լրագրողների հետ հանդիպման էր եկել «Սևան-Հրազդան» ջրառ ընկերության ղեկավար Սամվել Հովհաննիսյանը, ով բնապահպանների հարցադրմանն ի պատասխան ևս հաստատեց, որ ավելի վաղ իմացել է՝ ՀԷԿ է կառուցվում։

«Ընկերությունը գյուղացիների սիրուն աչքերի համար չի վերանորոգում արագահոսը»,- նկատեց բնապահպան Լևոն Գալստյանը։
XS
SM
MD
LG