Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազը ընդունել է մահացած զինծառայողների ծնողներին


Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ

Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երեկ ընդունել է զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողներ Ա. Ղազարյանի, Ա. Ավետիսյանի, Տ. Օհանջանյանի և Վ. Մուրադյանի ծնողներին, ինչպես խոստացել էր կառավարության փետրվարի 27-ի նիստից հետո նրանց հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ մոտ հինգ ժամ տևած հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են զինծառայողների մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործերով իրականացված քննչական և դատավարական գործողությունները, կատարված աշխատանքը, ձեռք բերված արդյունքները:

Կոստանյանի հանձնարարությամբ, զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանը, պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը և այլ պաշտոնյաներ մահացած զինծառայողների ծնողներին հանգամանալից ներկայացրել են քրեական գործերի ընթացքը: Գլխավոր դատախազի կողմից տեղում տրվել են համապատասխան ցուցումներ, սահմանվել է դրանց կատարման և զեկուցման հստակ ժամանակացույց:

Մահացած զինծառայողների ծնողներից յուրաքանչյուրին հնարավորություն է ընձեռվել անհատապես ներկայացնել իրենց որդիների գործերի վերաբերյալ մտահոգությունները, կարծիքները և եզրահանգումները, որոնք նույնպես, Կոստանյանի ցուցումով, պարտադիր քննարկման առարկա են դարձել նախաքննական մարմնի համար:

Գլխավոր դատախազը նշել է, որ դատախազության լիազորւթյունների շրջանակներում արվելու է հնարավորը՝ բացահայտելու կատարված հանցագործությունները, դրանք կատարողներին, մասնակից անձանց շրջանակը և ըստ մեղքի ու պատժի անհատականացման սկզբունքի ենթարկելու քրեական պատասխանատվության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG