Մատչելիության հղումներ

Եվրոպացի արվեստագետները Ռուսաստանում մշակութային միջոցառումների բոյկոտի կոչ են անում


Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժը, արխիվ

Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժը, արխիվ

«Արվեստը ներկա իրողությունների լուրջ քննադատության հարթակ է, և այն միայն քաղաքը գեղեցկացնելու և զբոսաշրջիկներին գրավելու համար չէ», - ընդգծում է ուկրաինացի արվեստաբանը:

Եվրոպացի արվեստագետները կոչ են անում բոյկոտել Ռուսաստանում մշակութային միջոցառումները, ինչպես իրենք են նշում՝ ի նշան Ռուսաստանի զավթողական քաղաքականության դեմ բողոքի:

Մինչ Եվրամիությունը շարունակում է հնարավոր պատժամիջոցներ փնտրել Ռուսաստանի դեմ, արվեստագետներն իրենց հերթին են ակտիվ արշավ սկսել ամբողջ Եվրոպայով մեկ՝ ի պաշտպանություն Ուկրաինայի:

Ղրիմի հարցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականության մշակութային հետևանքներն արդեն իսկ շոշափելի են:

Ռուսատանում նախատեսված մշակութային միջոցառումներից հրաժարվող արտասահմանցի արվեստագետների բանակը հետզհետե ընդլայնվում է:

Նրանցից մեկը Ալվիս Խերմիսն է՝ Լատվիայի «Նոր Ռիգա» թատրոնի ղեկավարը, ով չեղյալ է հայտարարել Մոսկվայի Մեծ թատրոնի հետ իրականացվելիք համատեղ նախագիծը:

Խերմիսի ղեկավարած թատրոնը հրաժարվել է մասնակցել ռուսաստանյան առաջիկա շրջագայություններին, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի և Օմսկի փառատոններում նախատեսված ելույթներից:

«Ռուսաստանի ռազմական ագրեսիան Ուկրաինայի հանդեպ ստեղծել է մի իրավիճակ, որի նկատմամբ Լատվիայի քաղաքացին չի կարող չեզոքություն դրսևորել», - ասվում է թատրոնի կողմից տարածված հայտարարության տեքստում:

Արվեստաբան և համադրող, ազգությամբ ուկրաինացի Կոնստանտին Դորոշենկոն ասում է՝ շատ նկարիչներ չեն ուզում իրենց աշխատանքները ցուցադրել Ռուսաստանում, քանի որ մտավախություն ունեն, որ իրենց այդ քայլը կարող է ընկալվել որպես Ուկրաինայի նկատմամբ Պուտինի գործողությունները արդարացնելու, օրինականացնելու փորձ:

«Իշխանություններն ի վերջո պետք է հասկանան, որ աշխարհը փոխվում է շատ արագ, և միշտ չէ, որ արվեստը պատրաստ է ծառայել իրենց շահերին: Արվեստը հանդիսանում է ներկա իրողությունների լուրջ քննադատության հարթակ, և այն միայն քաղաքը գեղեցկացնելու և զբոսաշրջիկներին գրավելու համար չէ», - ընդգծում է Դորոշենկոն:

Ռուսաստանում անկախ ֆիլմերի «Արտդոկֆեստ» փառատոնը, որը միավորել է չեխական և կանադական հռչակավոր կինոփառատոններ, նույնպես տուժել է եվրոպացի արվեստագետների բոյկոտից:

Մեկ այլ խոշոր մշակութային միջոցառում, ինչպիսին է Եվրամիության կողմից ֆինանսավորվող ժամանակակից արվեստի բիենալեն՝ «Մանիֆեստ»-ը, նույնպես կասեցվել է: Նիդերլանդացի և գերմանացիների արվեստագետների խումբը միջնորդություն է ներկայացրել՝ «Մանիֆեստ»-ի կազմակերպիչներից պահանջելով հունիսի վերջին Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում նախատեսված միջոցառումները հետաձգել այնքան, քանի դեռ ռուսական զորքը Ուկրաինայից դուրս չեն բերվել:

«Եվրոպացի իմ գործընկերները մտահոգված են, որ «Մանիֆեստ»-ը կարող է վերածվել գունագեղ մի շոուի, ինչի միջոցով փորձ է արվում օրինականացնել Ռուսաստանում տիրող ներկայիս ռեժիմը, ինչպես, օրինակ, Սոչիի Օլիմպիադայի դեպքում», - ասում է ուկրաինացի արվեստագետ Կոնստանտին Դորոշենկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG