Մատչելիության հղումներ

Կառավարության հրաժարականի հարցը ոչ իշխանական ուժերի «օրակարգից դուրս չի եկել»


Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը, ինչպես «Ազատությանը» փոխանցեց Ռուբեն Հակոբյանը («Ժառանգություն»), դեռ չեն քննարկել, թե ինչ նոր նախաձեռնությամբ են առաջիկայում հանդես գալու:

Հակոբյանի խոսքով՝ իրենք կողմնակից են քաղաքական օրակարգը քայլ առ քայլ ընդլայնելուն․ - «Չեմ կարծում, որ հնարավորություն կտանք չարախնդալու նրանց, ովքեր համառորեն պայքարում են, որպեսզի չկարողանա կայանալ այդ համագործակցությունը»:

Նա կարծում է, որ իրենց քաղաքական խորհրդակցություններն անպայման արդյունք են տալու:

Ինչպես «Ազատությանն» ասաց Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ), Լևոն Տեր-Պետրոսյանի ձևակերպած «հրաշալի քառյակն» իսկապես ձևավորված է, «Բարգավաճ Հայաստան»-ը, «Ժառանգություն»-ը, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն իսկապես ստիպում են արձագանքել բարձրացված հարցերին․ - «Կա [քառյակը] այն տրամաբանությամբ, որով այն սկսել է գործել: Իսկ այդ տրամաբանությունը շատ հստակ է․ եթե մենք չենք կարողանում առայժմ ամբողջական օրակարգով համաձայնության գալ, դա չպիտի խանգարի, որ մենք կոնկրետ քայլեր կատարելով առաջ գնանք»:

Նա խոստովանեց, որ քառյակի քննարկումները հաշտ ու խաղաղ չեն անցնում, ինչը Ռուստամյանն առողջ է համարում․ - «Տարաձայնությունների առկայությունը մեզ չպիտի խրտնեցնի: Ընդհակառակը, եթե կան տարբեր մոտեցումներ, իսկ դա բնական է․․․ բա բազմակարծությունն ինչի՞ համար է կարևոր ժողովրդավարության համար: Այդ բազմակարծությունը պետք է լինի, որ բանավեճերը տեղի ունենան առարկայական իմաստով»:

Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը ոչ իշխանական ուժերը քննարկում են տարեսկզբից, սակայն մինչև այժմ կոնկրետ նախաձեռնությամբ հանդես չեն եկել: Ռուստամյանը փոխանցեց, որ հարցն օրակարգից դուրս չի եկել․ - «Մեծ փաթեթ է սա: Իր մեջ ներառում է ընդհանրապես երկրի վիճակի գնահատումը՝ համատեղ, և դրանից դուրս գալու ելքերի առաջարկումը՝ համատեղ: Այսինքն մենք միայն չպիտի ասենք վատ է, բայց պիտի նաև ասենք, թե մենք ոնց ենք պատկերացնում այդ վիճակը փոխելը»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի շուրջ աշխատանքները դեռ չեն ավարտվել․ - «Ուզում ենք փաթեթն ամբողջությամբ ներկայացնել, որ նաև համոզիչ լինի մարդկանց համար, որ ի վերջո ինչ այլընտրանք ենք առաջարկում: Այսինքն չլինի այնպես, որ Պողոսի փոխարեն Պետրոսը գա, և մնա ամեն ինչը նույնը»:

Մարտի 1-ի հանրահավաքում ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել էր նաև ամբողջական իշխանափոխության (ինչին ձգտում է Կոնգրեսը) հարցին՝ խորհրդարանում Կոնգրեսի հետ համագործակցող ԲՀԿ-ի, «Ժառանգության» և ՀՅԴ-ի ծրագրերի մասին ասելով, թե նրանք հակված են «փուլային, հանգրվանային» լուծման, այսինքն՝ նախ պարտադրել կառավարությանը հրաժարականը և դրանից հետո միայն մտածել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների մասին:

Ռուստամյանն ասաց, որ ամբոջական իշխանափոխության մասին չորս ուժերի հանդիպումների ընթացքում խոսում են, պարզապես համաձայնության չեն եկել: Հարցին, թե ինչ է հասկանում Դաշնակցությունը ամբողջական իշխանափոխություն ասելով, նա պատասխանեց․ - «Չենք ասում՝ դուք լավը չեք, հեռացեք: Դա չենք ասում: Մենք ասում ենք, որ նորն էլ գա, ինչ պիտի չանի»:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով, չորս ուժերը կենտրոնացել են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի վրա՝ շրջանցելու համար արտաքին քաղաքական հարցերը:

«Կառավարության խնդիրը, վարչապետի խնդիրը մի էտապ է, որը կուժեղացնի, իհարկե, այդ չորս ուժերի դիրքերը՝ եթե կարողանան հասնել այդ խնդրի լուծմանը: Բայց այդ առումով կան մի քանի հարցադրումներ: Նախ և առաջ այն, թե պաշտոնանկությունից հետո ինչ հաջորդական քայլեր կան, արդյո՞ք ազդելու են նոր կառավարության ձևավորման վրա: Դե յուրե նման լծակներ, իհարկե, չկան: Նաև ամենակարևոր հարցերից մեկն է, թե միմյանց միջև ունե՞ն պատկերացում նոր կառավարության վերաբերյալ, վարչապետի պաշտոնի վերաբերյալ»:

Բադալյանի կարծիքով, հաջողության բանալին այս ուժերի ձեռքին չէ․ - «Հայաստանում մեծ է արտաքին դերակատարումը: Ըստ էության, նախաձեռնությունները առերևույթ բնույթ են կրում: Չորս ուժերը, ըստ էության, երևի ժառանգության» մի փոքր բացառությամբ, այս կամ այն կերպ աջակցություն են ցուցաբերել Սերժ Սարգսյանի Մաքսային [միությանն անդամակցելու] կուրսին: Իսկ դա Հայաստանի վրա է՛լ ավելի է մեծացրել Ռուսաստանի ազդեցությունը»:
XS
SM
MD
LG