Մատչելիության հղումներ

Սուրիկ Խաչատրյանը «մեղքի զգացում» չունի


Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը թեև ցավ է ապրում անցած տարի հունիսի 1-ին Գորիսում իր տան մոտ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, սակայն մեղքի զգացում չունի:

«Ես մեղքի զգացում չունեմ, բայց ցավ եմ ապրում, որ երիտասարդ տղա է մահացել, և ցավ եմ ապրում, որ այդ արյունը մեր տանն է թափվել», - այսօր լրագրողներին ասաց Խաչատրյանը՝ հավելելով, թե տեղի ունեցածը ընդամենը «խմիչքի հետևանք էր»:

Սյունիքի նախկին մարզպետի՝ Գորիսում գտնվող առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպը ցնցեց հանրությանը: Անցած տարվա հունիսի 1-ի ուշ երեկոյան Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանվեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, երեք անչափահաս երեխաների հայր Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը, ով հայկական Զինված ուժերի զորամասերից մեկի հրամանատարն է, հրազենային ծանր վնասվածքով տեղափոխվեց հիվանդանոց: Վիրավորվեց նաև Նիկոլայ Աբրահամյանը, ով Սյունիքի նախկին մարզպետի ազգականն է ու թիկնապահը:

Տեղի ունեցածի կապակցությամբ կալանավորվեցին Սուրիկ Խաչատրյանի 19-ամյա որդին` Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահը` 25-ամյա Զարզանդ Նիկողոսյանը, որոնց մեղադրանք առաջադրվեց սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով: Սակայն մոտ երեք ամիս անց՝ սեպտեմբերի 7-ին, Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը ազատվեցին կալանքից, նրանց նկատմամբ նաև դադարեցվեց քրեական հետապնդումը, քանի որ քննիչ Ալեքսան Ղազարյանը գտել էր, որ նրանց «գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին»։

«Ջերմ հարաբերություններ են եղել էդ ընտանքի հետ 25 տարիների ընթացքում», - այսօր ասաց նախկին մարզպետը: - «Ճի՛շտ ա, եղել են քաղաքական խնդիրներ․ ասենք երկու անգամ նույն Ավետիքը թեկնածություն է դրել Գորիսի քաղաքապետի, երկու անգամ էլ ես մեկ ուրիշին եմ պաշտպանել: Եվ էդ երկու անգամ իրա չանցնելը, ես վերջում հասկացա, որ իրա մեջ կուտակված թշնամանք կար, որ անպայմանորեն ինքը ուզում էր ինչ-որ բանով պատասխանել»:

Հարցին, թե ինչ է կատարվել մինչև միջադեպը, երբ դեռ մեքենայում էին, Խաչատրյանն արձագանքեց․ - «Մեքենայի մեջ ընդամենը իրա հարբածության աստիճանն էր, որ ինքը չկարողացավ դրսևորի: Ես էլ իրան իջեցրեցի ու թողեցի գնացի: Վեճ չի եղել: Քաշքշոց մեքենայի մեջ չի էլ կարող լինել․․․ Մարդու մեջ ինչքան կուտակված թշնամություն պետք է լինի, որ այդքանից հետո, մեզանից հետո գնաց հասավ տուն և զենքերը վերցրեց, ավտոն էլ վերցրեց, էկավ։ Ցավալին նա է, որ իրա ծնողները չասեցին՝ ո՞ւր ես գնում, դեմը չառան: Այ սա է ցավալին»:

«Ազատության» հիշեցմանը, թե Բուդաղյանների փաստաբանները պնդում են, որ կրակոց է եղել նաև երկրորդ հարկից, Խաչատրյանն արձագանքեց․ - «Փաստաբանի երևակայությունն է․․․ Ես ոչ թե չեմ կրակել, ես այդ ամբողջ դեպքը չեմ էլ իմացել: Հավատացեք, որ իսկապես չեմ իմացել: Հազարավոր մարդիկ, այդ թվում ամբողջ մարզի ոստիկանությունը, հանրապետական ոստիկանությունը, իրենց իսկապես համոզված են եղել, որ ես այդ դեպքին ընդհանրապես մասնակցություն չեմ ունեցել: Խնդրում եմ հասկանաք մի բան: Ես ուզում եմ մարդկային լեզվով ձեզ մի բան ասեմ․ ուրեմն փորձագետների տված եզրակացությունը Ավետիքին կպած չորս փամփուշտները նույն զենքից ա: Ո՞նց կարող էր այդ նույն զենքը և՛ ներքևում կրակվեր, ե՛ վերևում կրակվեր: Խնդրում եմ տրամաբանեք: Կլինի՞ այդպիսի բան»:

Նա կրկին պնդեց, թե միջադեպի ընթացքում ինքը քնած է եղել․ - «Տանը քնած եմ եղել․․․ Ես համաձայն եմ, որ մի քիչ զարմանալի ա, բայց մեր տան դիրքը այնպիսին է․․․ նախ՝ պատուհաններն են հերմետիկ, երկրորդ՝ էդ գետի ձենը էդ ձեները տանում ա, չի թողնում, որ ներսում լսես: Փորձաքննությունը արվել է դրանից հետո, և համոզվել են, որ իսկապես կարող ա էդ գետի ափին կրակելուց տանը չլսես»:

Նա պնդեց, որ ոչինչ չի ձեռնակել իր որդուն և թիկնապահին կալանքից ազատ արձակելու համար․ - «Հավատացեք, որ չէ»: Դիտարկմանը, թե մամուլում շրջանառվել է, թե Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ-ի անդամ է, անընդհատ աշխատել է գործող նախագահի համար և հիմա իր այդ կապերն օգտագործել է, որպեսզի իր համար բարենպաստ ընթացք տեղափոխի գործը, Խաչատրյանն արձագանքեց․ - «Ով էլ ուզում ա ես լինեի, չեմ կարծում, որ այդ դեպքով, որովհետև արյուն էր թափվել, ես թեթև անգամ սխալ ունենայի, ամենավերջին ձևով չպատժվեի․․․ Ես նախագահի հետ չեմ քննարկել: Նախագահը քննարկել ա դատախազի հետ, նախագահը քննարկել ա ոստիկանապետի հետ, քննիչների հետ: Այսինքն՝ նախագահը մինչև այս հարցը չպարզեր, ինքը երբեք իրեն թույլ չէր տա: Մեր նախագահին ճանաչում են բոլորը: Եվ նորից եմ ասում՝ կան բազմաթիվ մարդիկ, որոնք Հանրապետական կուսակցության անդամ էին, նախագահին մտերիմ էին, և իրենց սխալ արարքներին համար նախագահը պատժեց»:

«Սուրիկ Խաչատրյանը ի՞նչ գիտի, որ Ավետիք Բուդաղյանի վրա հայտնաբերված բոլոր հրազենային վանսվածքները նույն զենքից են պատճառվել, եթե Ավետիք Բուդաղյանի մարմնում ընդամենը երկու գնդակ է հայտնաբերվել, մնացած գնդակները չեն հայտնաբերվել», - «Ազատությանը» փոխանցեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը՝ շարունակելով․ - «Իհարկե, այս առումով Սուրիկ Խաչատրյանը պետք է որ ավելի լավ իմանա, թե ինչից է կրակված և ում կողմից: Բայց քրեական գործում, համենայն դեպս, պարզված չէ, քրեական գործի նյութերից չի բխում Սուրիկ Խաչատրյանի այդ հայտարարությունը»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG