Մատչելիության հղումներ

Լավրով-Քերրի բանակցությունների երկրորդ փուլը կրկին անարդյունք էր


Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ և Մոսկվայի ֆոնդային բորսայում ռուսական ընկերությունների բաժնետոսմերի գնի կտրուկ անկում․ այսպիսին էր ռուսական արձագանքն այսօր կեսօրին Ղրիմի Գերագույն խորհրդի կողմից կայացված որոշմանը, որով ինքնավար այս հանրապետությունը հայտարարում է Ռուսաստանի Դաշնությանը միանալու մասին:

Այդ հարցով հանրաքվեն կկայանա արդեն տասն օրից` մարտի 16-ին: Ղրիմում գործող ամենաազդեցիկ ռուսական կազմակերպություններից մեկի` «Русское Единство»-ի ղեկավար Սերգեյ Ցեկովը մեկնաբանելով խորհրդարանի այսօրվա որոշումները՝ նշել է․ - «Մենք վերամիավորվեցիքն մեր հայրենիքի հետ, որի մասն էինք կազմում երկար տարիներ շարունակ: Ես համոզված եմ, որ Ղրիմի բնակիչների ճնշող մեծամասնությունը իր աջակցությունը կհայտնի այդ որոշմանը»:

Ղրիմի բնակչության 12 տոկոսը կազմող թաթարները, սակայն, արդեն իսկ հայտարարել են, որ Գերագույն խորհդրի որոշումներն է՛լ ավելի են սրում իրավիճակը թերակղզում: Այդ մասին հայտարարել է Ղրիմի թաթարներին միավորող կազմակերպության` Մեջլիսի ղեկավար Ռեֆաթ Չուբարովը․ - «Ղրիմի թաթարների Մեջլիսը չի ճանաչելու այս հանրաքվեն, ուստի կոչ է անում Ղրիմի բնակիչներին` անկախ ազգությունից, բոյկոտել դրա նախապատրաստման բոլոր փուլերը, ինչպես նաև բուն քվերակությունը` հանրաքվեյի անցկացման օրը»:

Ղրիմի թաթարների տեսակետը համընկնում է պաշտոնական Կիևի տեսակետին: Այսօր Ղրիմի Ինքնավար Հանրապետության ղեկավարության որոշումը մեկնաբանել է Բրյուսել ժամանած Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը՝ ասելով․ - «Այս այսպես կոչված հանրաքվեն չունի որևէ իրավական հիմք: Այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում Ռուսաստանի իշխանություններին զերծ մնալ անջատականներին աջակցություն ցուցաբերելուց: Ղրիմը եղել է, կա և մնում է Ուկրաինայի անքակտելի մասը»:

Ուշագրավ է, որ Ղրիմի ինքնավարության ղեկավարներն այս քայլին դիմեցին երեկ Փարիզում Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունների ավարտից մոտ 12 ժամ անց և այսօր Հռոմում կայացած բանակցությունների մեկնարկից մի քանի ժամ առաջ: Նախապես նշվում էր, որ Քերրին և Լավրովը Հռոմում կհանդիպեն վաղը կամ նույնիսկ շաբաթ օրը: Իրադարձությունների սրընթաց զարգացումը, սակայն, երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին ստիպեց հանդիպել արդեն այսօր:

«Առայժմ մենք չենք կարող միջազգային հանրությանը հայտնել, որ կարողացել ենք համաձայնության գալ Ուկրաինայի խնդրում», - Հոռմում կայացած բանակցությունների ավարտին հայտարարել է պետքարտուղար Քերրին:

Այն պահին, երբ երկու դիվանագետները բանակցում էին Իտալիայի մայրաքաղաքում, Սպիտակ Տունը հայտարարեց առաջին պատժամիջոցների մասին: Խոսքը Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ոտնահարող ռուսաստանցի պաշտոնյաների դեմ վիզային սահմանափակումների կիրառման մասին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG