Մատչելիության հղումներ

Անվանի ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը և Արտակ Ղուլյանը, գրականագետ Աբգար Ափինյանը և գեղանկարիչ Սուրեն Խորենյանն այսօր ասուլիսի էին հրավիրել լրագրողներին՝ բարձրաձանելու իրենց խիստ բացասական կարծիքը «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի աշտարակը քանդելու և Գառնու տաճարի տարածքում սրճարան կառուցելու վերաբերյալ:

Նրանք հայտարարեցին, որ այլևս անհանդուրժելի իրավիճակ է ստեղծվել, ուստի անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ:

Հայտնի է, որ ՅՈՒՆԵՍԿՈ-ն իր պահպանության ցանկից Նորավանքը հանեց միայն այն պատճառով, որ վանական համալիրի տարածքում ռեստորան կառուցվեց:

Հետևաբար, Սուրեն Խորենյանի համոզմամբ՝ Գառնու տաճարի տարածքում ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ սրճարան կառուցվի․ - «Միակ հեթանոսական տաճարն է: Միշտ եղել է մեր պարծանքը»:

Աբգար Ափինյանի խոսքով՝ նման անփույթ վերաբերմունքը մեկ պարզ բացատրություն ունի․ - «Պետական կառավարման բոլոր ոլորտներում հայտնվել են պատահական մարդիկ․․․ Գիրք ենք հրատարակում, հուշարձան ենք պահպանում, և այդ բոլոր գործերը վերապահված են մասնագիտորեն անպատրաստ մարդկանց»:

Իսկ ճարտարապետ Արտակ Ղուլյանի դիտարկմամբ՝ այնպիսի տպավորություն է, որ մեր երկրում պահպանվում է ոչ թե պատմամշակութային արժեքը, այլ միայն ու միայն բիզնեսի շահը․ - «Այն թվացյալ մտահոգությունը, սրտացավությունը, որ կա, ոչինչ է, եթե վերաբերմունքն այսպիսին է: Բայց այդ վերաբերմունքը միայն մեկ-երկու օրինակով չի սահմանափակվում, համատարած է: Վաղուց է դա գործնականում կիրառվում և դա այսօրվա ժամանակին հատուկ զուտ գործնական շահի հետապնդում է: Պատմամշակութային ժառանգության նկատմամբ վերաբերմունքը պիտի պետության գերակա շահը լինի և ենթակա չլինի որևէ այլ գերակա շահի»:

Սաշուր Քալաշյանն նշեց, որ բազմիցս բարձրաձայնել են իրենց բացասական վերաբերմունքը «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի աշտարակը քանդելու՝ սեփականատերերի որոշման դեմ: Տարեսկզբին Ճարտարապետների միությունը երկրի նախագահին նամակ է հղել, որը առայժմ անպատասխան է մնացել, իսկ կառավարությունը արդեն կայացրել է իր որոշումը:

Անարձագանք է մնացել նաև օրերս Գառնիի տաճարի տարածքում սրճարանի կառուցման դեմ բողոքող մի խումբ երիտասարդների ակցիան․ նրանց սրճարանի համար նախատեսված շինանյութը բերել էին Երևան՝ Մշակույթի նախարարության շենքի մոտ:

«Ազատության» հարցին, թե ինչու պարզապես չեն դիմել Մշակույթի նախարարություն, երիտասարդների բողոքին ներկա գտնված Սաշուր Քալաշյանը պատասխանեց․ - «Մենք իրենից ի՞նչ պատասխան կանկալեինք: Մշակույթի նախարարության մեջ մշակույթից հասկացող մարդ չկա: Կամ եթե կա, նա ուղղակի ձայնազուրկ է: Այս խնդիրը՝ Գառնիի վերաբերյալ, Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը նայել է և հավանություն է տվել: Եթե Մշակույթի նախարարը լիներ Մշակույթի նախարար, այս պահին նա այդ խորհուրդը պիտի ցրեր: Ավելին՝ Ծածկած շուկայի պատմությունից հետո նա պիտի հրաժարանական տար: Որովհետև նա խայտառակ եղավ ամբողջ ազգով մեկ: Ինքն էլ էր պայքարում, դա իր ոլորտն էր, բայց չկարողացավ: Եթե չկարողացավ, ինչո՞ւ է շարունակում իր գործունեությունը: Իր դուրս գալը կլիներ ապտակ կառավարությանը: Ինչո՞ւ չերեց: Որովհետև մտավորական չէ: Համակարգը պետք է փոխել»:
XS
SM
MD
LG