Մատչելիության հղումներ

Հայ - վրացական սահմանով ԶՈԶ տարածման վտանգի նվազեցման ծրագիրն ավարտվեց


Հայ - վրացական սահմանի Բագրատաշենի անցակետը, արխիվ
Հայ - վրացական սահմանի Բագրատաշենի անցակետը, արխիվ
Այսօր ԱՄՆ-ի և Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանապահ զորքերի ներկայացուցիչները մասնակցել են մի արարողության, որը նշանավորում էր հայ - վրացական սահմանով զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) տարածման վտանգի նվազեցմանն ուղղված երկամյա համատեղ ծրագրի ավարտը:

Արարողությանը ներկա էին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը, Հայաստանի ԱԱԾ-ի փոխտնօրեն Արզուման Հարությունյանը և ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ-ի Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության կողմից: Ծրագիրը տրամադրել է սարքավորումներ և մեքենաներ տարբեր ոլորտներում օգտագործելու համար, այդ թվում՝ կապի և հաղորդակցության, սահմանային հսկողության, մարտավարական ենթակառուցվածքների, ուղեկալների և պարեկային գործառնությունների զարգացման համար, ինչպես նաև տրամադրել է ուսուցում սարքավորումների շահագործման և պահպանման ուղղությամբ:

Ռադիո-ռելեային սարքավորումների տեղադրումը հյուսիսային սահմանի երկայնքով մեծապես բարելավել է սահմանապահ զորքերի կապի և հաղորդակցության հնարավորությունը ուղեկալների, պարեկների և հրամանատարական օղակների միջև: Ծրագրի միջոցով տրամադրված գիշերային տեսանելիության սարքերը հնարավորություն են տալիս սահմանապահ զորքերին գործելու ողջ օրվա ընթացքում, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG