Մատչելիության հղումներ

Ըստ իրավապաշտպանի՝ Ադրբեջանը միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ է թույլ տվել


Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյան, արխիվ
Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյան, արխիվ

Իր տարածքում հայտնված հայաստանցուն խոշտանգելու, նրա արժանապատվությունը նվաստացնելու համար Ադրբեջանը պետք է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնվի, ընդգծում է Լարիսա Ալավերդյանը:

Ադրբեջանի իշխանությունները մի շարք միջազգային փաստաթղթեր են խախտել՝ խոշտանգելով 77-ամյա Մամիկոն Խոջոյանին։ «Ազատության» հետ զրույցում այդ մասին հայտարարեց իրավապաշտպան, Հայաստանի նախկին օմբուդսմեն, Ընդդեմ իրավական կամայականության կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի տարեց բնակիչը մեկ ամիս մնալով ադրբեջանական գերության մեջ՝ երկու օր առաջ հայրենիք է տեղափոխվել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։ Նա այժմ գտնվում է Իջևանի բժշկական կենտրոնում։ Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության, ինչպես նաև բուժող բժիշկ Էմիլ Բրուտյանի, Խոջոյանը վնասվածքները ստացել է գերության ժամանակ, նրան խոշտանգել են։ Հարազատներից միայն դստերը ճանաչած ծերունին պատմել է, թե ինչպես են իրեն տանջել․ ասել է, թե քնել է ցեմենտի վրա, գլուխը վառել են, սրսկել են, ծեծել են։

Լարիսա Ալավերդյանի խոսքերով՝ Ադրբեջանը միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ է թույլ տվել, ինչի համար պետք է առնվազն միջազգային հանրության արձագանքին արժանանա։ Մարդու նկատմամբ դաժան վերաբերմունքին առնչվող միջազգային դրույթները վերապահելի չեն, նկատեց իրավապաշտպանը:

«Նշանակում է՝ եթե որևէ պետություն միանում է՝ լինի դա ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային պայմանագրին, լինի դա Եվրոպական մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիային, մեկ է՝ նա չի կարող վերապահում անել հենց այն հոդվածի վերաբերյալ, որը խոսում է մարդու՝ խոշտանգումներից ազատ լինելու իրավունքի մասին», - ասաց Ալավերդյանը:

Նա թվարկեց առնվազն երեք միջազգային փաստաթուղթ, որոնք վավերացրել են Ադրբեջանի իշխանությունները՝ Ժնևի կոնվենցիաները և ՄԱԿ-ի՝ Ընդդեմ խոշտանգումների, դաժան վերաբերմունքի և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի և պատժի մասին կոնվենցիան, ինչպես նաև Եվրոպական կոնվենցիան։ Իր տարածքում հայտնված Հայաստանի քաղաքացուն խոշտանգելու, նրա արժանապատվությունը նվաստացնելու համար Ադրբեջանը պետք է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնվի, շեշտեց իրավապաշտպանը։

«Համապատասխան մարմինը ինքը չի հարուցում այդպիսի գործեր, պետք է անպայման նա արձագանքի, բայց միջազգային այլ կազմակերպությունները, օրինակ՝ Amnesty International-ը, Helsinki Watch կազմակերպությունը, ես համոզված եմ՝ նրանց պետք է հետաքրքրի այդ դեպքը», - ասաց Լարիսա Ալավերդյանը:

Որպեսզի սա չդառնա հերթական դեպքը, երբ ադրբեջանական գերությունից Հայաստանի քաղաքացին հայրենիք է վերադառնում առողջական խնդիրներով, Հայաստանի իշխանությունները պետք է հետևողականություն ցուցաբերեն, շարունակեց իրավապաշտպանը՝ մանրամասնելով․ - «Ես համոզված եմ, որ և՛ գործադիր իշխանությունը, և՛ Ազգային ժողովը պետք է որ օգտագործի բոլոր հարթակները այս հարցը բարձրացնելու համար և ինչ-որ առումով վերջապես սանձելու: Ոչ թե ուշադրությունը գրավել, այլ ինչ-որ քայլերի պետք է կոչ անի միջազգային հանրության այս կամ այն հաստատությունները, որ իրենք վերջապես սանձեն դա: Որովհետև ստացվում է, որ դա մենք միայն հնչեցնում ենք ու, ինչպես ասում են, մինչև մյուս դեպքը»:

Հիշեցնենք, որ սա վերջին տարիներին երկրորդ դեպքն է, երբ Հայաստանի քաղաքացին ադրբեջանական գերությունից վերադառնում է ծեծված, խոշտանգված։ Չորս տարի առաջ էլ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանն էր վերադարձվել հայրենիք առողջական լուրջ խնդիրներով, նրա իրավունքների պաշտպանության համար դիմում է ներկայացվել Եվրոպական դատարան։

Վերջին տարիների մեկ այլ դեպք Մանվել Սարիբեկյանին է առնչվում՝ սահմանամերձ գյուղի բնակիչ երիտասարդը հատել էր հայ - ադրբեջանական սահմանը, հայտնվել գերության մեջ, իսկ որոշ ժամանակ անց ադրբեջանական կողմը հայտարարեց, թե նա ինքնասպանություն է գործել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG