Մատչելիության հղումներ

logo-print

Շանթ Հարությունյանը հրաժարվել է մասնակցել դատական նիստին՝ այն որակելով «շոու»


Նոյեմբերի 5-ից կալանավորվածների կալանքի ժամկետները երկարաձգվել են։

Անցած տարվա նոյեմբերի 5-ի բախումների հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանը բոյկոտել և չի մասնակցել Կենտրոնի դատարանում գումարված դատական նիստին, որի ժամանակ նրա կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով. դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և ոչ միայն Շանթ Հարությունյանը, այլ նաև նույն գործով անցնող մյուս 14 կալանավորները կշարունակեն մնալ բանտերում։

Նիստին մասնակցելուց հրաժարվելը Հարությունյանը հիմնավորել է այսպես՝ չի ցանկանում մասնակցել «հերթական շոուին», «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նրա նախկին կինը՝ Ռուզան Բադալյանը։

«Եթե երկու ամսվա ընթացքում ոչ մի քննչական գործողություն չի իրականացվում, ոչ մի փաստ չկա, որ ինքը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն է կիրառել, ոչ մի հիմնավորում չունեն երկարաձգելու, բայց միևնույն է՝ երկարաձգում են արդեն երկրորդ անգամ։ Նրանք ապօրինաբար չորս ամիս է գտնվում են բանտում, ոչ մեկի վրա չեն կարողանում այդ հոդվածը հաստատել, ուղղակի պահում են բանտերում, մինչև տեսնեն՝ ինչ կորոշեն»,- ասաց Բադալյանը։

Շանթ Հարությունյանին սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում, քանի որ նա մեղադրվում է նոյեմբերի 5-ի ակցիայի ժամանակ գետնին ընկած ոստիկանին ծեծելու մեջ։ Սակայն, Ռուզան Բադալյանի փոխանցմամբ, Հարությունյանը շարունակում է հերքել իր արարքում հանցակազմի առկայությունը, քանի որ այդ անձը եղել է քաղաքացիական հագուստով, չի ներկայացել, որևէ տարբերանշան չի կրել, Հարությունյանը և նույն մեղադրանքով բանտերում գտնվող մյուս կալանավորները չէին կարող ենթադրել, որ նա ոստիկանության աշխատակից է։ Հարությունյանը մեղադրվում է ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ։

«Իշխանությունները, նախաքննական մարմինը ոչ մի կերպ չեն կարողանում հաստատել այդ 316-րդ հոդվածը, դա միանշանակ սադրիչ է եղել՝ ոստիկան, թե ոչ ոստիկան... Մարդը քաղաքացիական հագուստով է եղել և ոչ մեկը չէր կարող ասել, որ նա ոստիկան է եղել»,- ասաց Հարությունյանի նախկին կինը։

Նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում ձերբակալված, երկու օր անց ազատ արձակված Արման Մխիթարյանը «Ազատության» հետ զրույցում տարակուսած էր ոչ միայն իրեն ձերբակալելու, այլև երկու ընկերներին՝ Ավետիս Ավետիսյանին և Սևակ Մնացականյանին մինչև այժմ բանտում պահելու և կալանքի ժամկետն էլ երկարաձգելու փաստից։ Մխիթարյանը Ազատության հրապարակ է եկել միջադեպից ուշ, երբ մի քանի տասնյակ մարդ արդեն բերման ենթարկված է եղել։

«Ազատության հրապարակում երկու երիտասարդ նստած էին Շանթի տեղը՝ «Ես սկսում եմ հեղափոխություն» պաստառով, հարձակվեցին էս տղաների վրա, ձեռքը բռնեցի, ասացի՝ «ի՞նչ է եղել, սրանց ինչո՞ւ եք տանում», «բա արի գնանք, կասեմ ինչու ենք տանում», ինձ էլ հավաքեցին զուտ դրա համար։ Նույնը կարող եմ ասել մյուս տղաների մասով, Ավետիս Ավետիսյանի մասով կրկին ոչինչ չկա։ Նայում ենք կադրերը, որևիցե հարված, որևիցե պայթյուն չի եղել, և առաջին սադրանքը նաև տեսագրությունից տեսնում ենք, որը քաղաքացիական հագուստով ոստիկանն էր, որ առաջինը պայթեցրեց և էդ խառնաշփոթը ստեղծեց, ու սկսեցին խփել էդ սադրիչին, ու դրանից էլ ամեն ինչ գնաց»,- ասաց Մխիթարյանը։

Սևակ Մնացականյանն էլ բանտում է ընկերոջ նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացիական հագուստով անձին հրելու համար, հավելեց նախկինում ձերբակալված երիտասարդը՝ համոզմունք հայտնելով, որ այս գործով կալանավորվածներին բանտերում պահելը պատահական չէ։

«Դա նմանատիպ բռնկումները և առհասարակ քաղաքացիական անհնազանդությունը, կանխելու, խեղդելու, խեղճացնելու միտում ունի»,- ասաց նա։

Նոյեմբերի 5-ին կալանավորվածների գործով դիմում է ուղարկվել նաև Ամենայն հայոց կաթողիկոսին։ «Շանթ և ազատություն» հիմնադրամն է ակնկալում եկեղեցու հրապարակային վերաբերմունքը 15 անձանց բանտում պահելու և այսպիսով նրանց ընտանիքներին ու 25 անչափահաս երեխաների հոգեբանական բազմաբնույթ ճնշումների ենթարկելու փաստերի առիթով։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչ Միքայել Հայրապետյանը, «Ազատության» հետ զրույցում «գավառամտություն» որակելով այս անձանց ազատ չարձակելը, համոզմունք հայտնեց, որ դրանով ակտիվ հասարակությանը փողոցից և հրապարակներից հեռու պահելու խնդիր չի լուծվում, հակառակը՝ հասարակությունն ավելի է բորբոքվում։

«Պարզապես գավառամտության ցուցիչն է, որևէ այլ հիմնապատճառ չեմ տեսնում ես։ Այսօր բորբոքել մեր երկրի համար շատ վտանգավոր պահի, տեսնում ենք մեր շուրջ ինչ է կատարվում, ամենաքիչը, ինչ մեզ պետք է այսօր, ցնցումներն են, մենք այդ շռայլության իրավունքը չունենք, անծայրածիր Ուկրաինան չենք»,- ասաց Հայրապետյանը։
XS
SM
MD
LG