Մատչելիության հղումներ

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՎՊ-ի մասին օրենքում


Իշխանության հասցեին Վերահսկիչ պալատի նախագահի՝ 2013 թվականին բարձրաձայնած խիստ քննադատությունը կարող է վերջինը լինել:

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ մտցնել Վերահսկիչ պալատի մասին օրենքում՝ արգելելով այսուհետ քաղաքական գնահատականներ հնչեցնել, եզրահանգումներ անել հայտնաբերված խախտումների իրավական հետևանքների վերաբերյալ։

Հիշեցնենք՝ ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանն անցած ամռանը Ազգային ժողովին ներկայացնելով հերթական հաշվետվությունը՝ խոսել էր պետական միջոցներն անարդյունավետ ծախսելու մասին ու պնդել, թե բյուջեի 70 տոկոսը վտանգված է։

Այդ հայտարարություններից հետո Զաքարյանն արժանացավ անգամ նախագահի քննադատությանը։ Սերժ Սարգսյանը հրավիրված խորհրդակցությունում հայտարարեց․ - «Վերահսկիչ պալատի նախագահը ի՞նչ իրավունք ունի այդպիսի արտահայտություններ անել: Եթե Վերահսկիչ պալատը կատարելու է նույն աշխատանքը, ինչ աշխատանք կատարում է Ֆինանսների նախարարության վարչությունը, ապա էլ ինչո՞ւ ենք ստեղծել, ինչո՞ւ ենք անունը դրել անկախ մարմին: Այստեղ պետք է մենք շատ լրջորեն զբաղվենք և՛ գործունեության վերակառուցմամբ, և՛, եթե անհրաժեշտ է՝ ապա նաև օրենսդրական փոփոխություններով»:

Փաստորեն, պալատի սուր քննադատությունից ու աղմկահարույց բացահայտումներից հետո, որոնց գերակշիռ մասն ուղղված էր դատական համակարգի դեմ, Արդարադատության նախարարությունն առաջարկում է սահմանափակումներ մտցնել։

«Ես կարծում եմ, ոտքերն ու ձեռքերը կտրում են», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: - «Այս որոշումը եթե ընդունվի, Վերահսկիչ պալատը դառնում է ոչինչ չանող, ընդամենը պետական բյուջեի գումարները վատնող մարմին: Որովհետև իր ամբողջ էությունը, կարևորությունը կայանում է նրանում, որ, ի տարբերություն դատախազության, նախագահի կամ կառավարության վերահսկողության մարմինների, ինքը իրավունք ունի նաև քաղաքական գնահատականներ տալ»:

Եթե կառավարության վաղվա նիստում գործադիրը հավանություն տա առաջարկվող փոփոխությանը, ապա փաթեթը կուղարկվի Ազգային Ժողով։ Այստեղ, ըստ ընդդիմադիր պատգամավորի, մեծամասնությունը, ամենայն հավանականությամբ, կողմ կքվեարկի:

Մինչդեռ, նրա խոսքով, դժվար է տարանջատել քաղաքական հայտարարությունը ոչ քաղաքականից․ - «Հայտնի պատմությունը՝ բյուջեի 70 տոկոսը ռիսկային է․ սա քաղաքակա՞ն հայտարարություն է, թե՞ ոչ: Կարծեք թե, տոկոսային ինչ-որ թիվ է ասում ռիսկայնության հետ կապված: Բայց պարզ է, որ նույնիսկ այդպիսի արտահայտությունը իսկապես կարող է դիտվել որպես քաղաքական, որովհետև գնահատական է տալիս ու չի կարող չտալ»:

ՀԱԿ-ի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի համար ևս պարզ չէ, թե ով և ինչպես պետք է որոշի պալատի կողմից արված հայտարարություններից որն է քաղաքական:

«Թրանսպարենսի Ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօերն Վարուժան Հոկտանյանը կառավարության նախաձեռնությունը համարում է վտանգավոր՝ նշելով, որ այն կկաշկանդի պալատի գործունեությունը։

«Դա կբերի լուրջ խնդիրների, հանրությանը շատ ու շատ կարևոր բացահայտումներ կարող են հայտնի չդառնալ», - բացատրում է նա՝ նշելով, որ սա իշխանությունների պատասխանն է ՎՊ-ի անցյալ տարվա բացահայտումներին․ - «Սա, դժբախտաբար, ավելի ու ավելի խորացող ավտորիտար միտումների արտացոլումն եմ համարում»:

Իսկ Վահագն Խաչատրյանը հիշեցնում է Հայաստանի նախագահի անցած տարվա արձագանքը Զաքարյանի գնահատականներին՝ կրկին այս ամենի պատճառ համարելով նույն այդ բացահայտումներն ու արված հայտարարությունները․ - «Ըստ էության ինքը՝ Սերժ Սարգսյանը հրահանգը տվեց, որ Վերահսկիչ պալատը «չափը անցավ», ուրեմն պետք է նրան տեղը նստացնել: Հիմա տեղը նստացնելու ձևը սա է»:

Վերահսկիչ պալատի մասին օրենքում փոփոխություններ առաջարկող Արդարադատության նախարարությունը մեկնաբանություններ կտա կառավարության վաղվա նիստից հետո։

Ի դեպ, Վերահսկիչ պալատը չի ընդունում առաջարկվող փոփոխությունները՝ պնդելով, թե նոր սահմանափակումները «գործնականում կխոչընդոտեն վերահսկողություն իրականացնել օրենքով և միջազգային փաստաթղթերով սահմանված կարգով»։
XS
SM
MD
LG