Մատչելիության հղումներ

Ուկրաինայի կառավարության լեգիտիմությունը` Մոսկվայի և Արևմուտքի հիմնական տարաձայնություն


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպում են Փարիզում, 13-ը հունվարի, 2014թ․

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպում են Փարիզում, 13-ը հունվարի, 2014թ․

Լավրովը Քերրիի հետ այսօր նախատեսվող բանակցություններից մեծ ակնկալիքներ չունի:

Ռուսաստանի արտգործնախարարն ու Միացյալ Նահանգների պետքարտուղարը Ուկրաինայում ստեղծված կացությունը կքննարկեն արդեն մի քանի ժամից Փարիզում` Լիբանանի բարեկամների միջազգային խմբի այսօր մեկնարկող հավաքի շրջանակներում: Այս մասին Մադրիդում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սերգեյ Լավրովը` հասկացնելով, սակայն, որ մեծ ակնկալիքներ այդ բանակցություններից չունի:

«Մեր գործընկերները շատ են ուզում քննարկել [Ղրիմ ԵԱՀԿ-ի դիտորդներ ուղարկելու] հարցը: Դրան զուգահեռ՝ նույն այդ գործընկերները պնդում են, որ համապատասխան որոշումը ԵԱՀԿ-ում կայացվելու է արդեն այսօր: Այդ իսկ պատճառով, ես չգիտեմ՝ որքանով լուրջ են վերաբերվում մեր գործընկերները Փարիզում նախատեսված հանդիպումներին: Ամեն դեպքում, մենք երբեք շփումներից չենք հրաժարվել», - նշեց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ըստ ռուսական «Կոմերսանտ»-ի՝ երեկ մադրիդյան այցի շրջանակներում Լավրովը Ղրիմի հարցը քննարկել է նաև Եվրամիության արտաքին քաղաքականության գլխավոր պատասխանատուի՝ Քեթրին Էշթոնի հետ: Մոսկովյան պարբերականի պնդմամբ՝ բանակցությունները բավական լարված մթնոլորտում են ընթացել: «Ռուսաստանը շարունակում է պնդել, որ հարկավոր է վերադառնալ փետրվարի 21-ին ընդդիմության և Յանուկովիչի միջև Լեհաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջնորդությամբ կնքված համաձայնագրին: Եվրամիությունը դրան կտրականապես դեմ է», - գրում է թերթը:

Ռուսաստանյան դիվանագիտական աղբյուրները «Կոմերսանտ»-ին փոխանցել են, որ Մոսկվան բանակցությունների ընթացքում չի պահանջի, որպեսզի Յանուկովիչը վերադառնա իշխանության: «Փոխարենը՝ ռուսական դիվանագիտությունը պահանջում է, որպեսզի ուկրաինական նոր կառավարության կազմում պաշտոնների վերաբաշխում լինի հօգուտ այն մարզերի, որոնք չէին պաշտպանել Մայդանը», - գրում է «Կոմերսանտ»-ը:

Այն, որ Ուկրաինայի նորանշանակ կառավարության լեգիտիմության թեման Արևմուտքի և Մոսկվայի միջև բանակցություններում առաջին պլան է մղվում, պարզ դարձավ երեկ պետքարտուղար Ջոն Քերրիի Կիև կատարած այցի ընթացքում: Կիևում ԱՄՆ-ի դեսպանատանը հրավիրված ասուլիսի ընթացքում Քերին հայտարարում էր․ - «Ռուսաստանի կառավարությունը պնդում է, թե Ուկրաինայի նորանշանակ կառավարությունը լեգիտիմ չէ և առաջնորդվում է ծայրահեղականների կողմից: Այդպիսով Մոսկվան անտեսում է իրականությունը, անտեսում է այն փաստը, որ Գերագույն ռադան կազմված է ուկրաինացի ժողովրդի ընտրյալներից: Հենց այդ ընտրյալներն էին, որ քվեների ճնշող մեծամասնությամբ հաստատեցին նոր կառավարության կազմը: Նոր կառավարության օգտին քվեարկեցին անգամ Յանուկովիչի Ռեգիոնների կուսակցության անդամները` լքելով իրենց նախկին ղեկավարին»:

Ամերիկյան դիվանագիտական ճնշումը Մոսկվայի նկատմամբ ահագնանում է: Երեկ Սպիտակ տանը խնդրին անդրադարձավ նաև Բարաք Օբաման: «Փաստը, որ մենք դեռ տեսնում ենք զինվորականներին իրենց զորանոցներից դուրս, վկայությունն է այն բանի, որ տեղի ունեցող իրադարձությունների հիմքում ոչ թե Ուկրաինայում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների կամ ռուսախոս բնակչության համար անհանգստությունն է, այլ ուժի միջոցով հարևան երկրում սեփական ազդեցությունը հաստատելու ցանկությունը», - նշում էր Միացյալ Նահանգների նախագահը:

Եվրամիության պաշտոնյաների գլխավոր նպատակը այս օրերին Կիևի և Մոսկվայի միջև ուղղակի բանակցությունների կազմակերպումն է: Այս մասին այսօր խոսեց Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը: «Այսօր մենք փորձում ենք օգտագործել բոլոր տեսակի դիվանագիտական միջոցները, որպեսզի Ուկրաինան և Ռուսաստանը բարձր մակարդակում ուղղակի շփման մեջ մտնեն: Մենք ցանկանում ենք համոզվել, որ երկու երկրների կառավարությունները բանակցում են իրար հետ: Ռուսները վերջին օրերին հակված չէին բարձր մակարդակում նման շփումների գնալ», - նշում էր բրիտանական դիվանագիտության ղեկավարը:

Ղրիմի թերակղզում իրավիճակը անցած գիշեր համեմատաբար հանդարտ էր: Ուկրաինական զորամասերը շարունակում են արգելափակված մնալ առանց տարբերանշանների համազգեստով զինվորականների կողմից: Ռուսական իշխանություններն էլ շարունակում են պնդել, թե նրանք Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողներ չեն: «Նման պնդումները կեղծ են», - այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG