Մատչելիության հղումներ

ՀՀ ղեկավարությունը խուսափում է դիրքորոշում հայտնել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ


Հայաստանին ղեկավարությունը խուսափում է դիրքորոշում հայտնել Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի և Ղրիմում ռուսական զորքերի գործողությունների վերաբերյալ:

Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությունից, այդ երկրից արդեն նախկին նախագահ Յանուկովիչի փախուստից և Ղրիմում ռուսական զորամիավորումների գործողություններից արդեն տևական ժամանակ է անցել, սակայն Հայաստանը ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի, ո՛չ էլ արտգործնախարարի մակարդակով դիրքորոշում չի հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ:

Այսօր «Եռաբլուր» պանթեոնում նշվում էր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-րդ տարեդարձը, ու ներկա էին նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանը:

Փորձեցինք վարչապետ Տիգրան Սարգսյանից ճշտել, թե այնուամենայնիվ, ի՞նչ դիրքորոշում ունի պաշտոնական Երևանը ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ: Վարչապետը հարցն անպատասխան թողեց, իսկ ԵԿՄ նախագահը Մանվել Գրիգորյանը հիշեցրեց՝ «էսօր Վազգենի ծնունդն ա...» ու հորդորեց խոսել միայն «Վազգենի ծնունդից»:

Հայաստանն, ինչպես հայտնի է, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է՝ Ռուսաստանի հետ միասին: Պաշտպանության նախարար Օհանյանին հարցրեցինք, թե հաշվի առնելով այդ հանգամանքը հնարավո՞ր է մեր երկիրը նույնպես ներգրավվի ուկրաինական ճգնաժամում, և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ճգնաժամը Հայաստանի վրա:

«Կարծում եմ՝ իրավիճակն այսօր այնպիսին է, որ և Ուկրաինայում, և Ռուսաստանի Դաշնությունում վերահսկվում է ղեկավարության կողմից»,- պատասխանեց նախարարը։

Պաշտպանության նախարարը նույնպես անպատասխան թողեց մեր այն հարցը, թե ո՞րն է Հայաստանի դիրքորշումը ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ:

Արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ավելի վաղ «Ազատությանը» փոխանցել էր, թե «Հայաստանը դեսպանը գտնվում է Կիևում և ուշադրությամբ հետևում է զարգացումներին»: Այսպես Բալայանը պատասխանել էր մեր՝ այն հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի պաշտոնական Երևանը ուկրաինական ճգնաժամի ու մասնավորապես Ղրիմում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

Ավելի վաղ՝ շաբաթ օրը կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը խոսեց նաև Ուկրաինայի մասին՝ նշելով, թե Երևանը շարունակելու է իր հարաբերությունները Կիևի հետ՝ անկախ ուկրաինացի ժողովրդի ընտրությունից:

«Հաշվի առնելով, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանը բավականին բացասական դիրքորշում ունի Ուկրաինայի նոր իշխանությունների նկատմամբ, կարո՞ղ է դա իր ազդեցությունն ունենալ հայ-ուկրաինական հարաբերությունների վրա»,- հարցրել էինք փոխարտգործնախարարին։

«Հայաստանի Հանրապետության շահերից է բխում շարունակել Ուկրաինայի հետ համագործակցությունը, հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Մենք ունենք միջկառավարական հանձնաժողով, ուղղակի այս իրավիճակը կարող է ինչ-որ չափով հետաձգել... բայց ոչ մեր պատճառով, այլ բուն Ուկրաինան այսօր պատրաստ չէ, որովհետև նորից է ձևավորվում գործադիր իշխանությունը, մայիսին ընտրություններ տեղի կունենան։ Ինչ-որ հարցեր կան, որոնք կհետաձգվեն, բայց ոչ թե պայմանավորված Հայաստանի դիրքորոշումով, այլ որովհետև Ուկրաինայի ներքին իրավիճակով»,- պատասխանել էր Շավարշ Քոչարյանը։
XS
SM
MD
LG