Մատչելիության հղումներ

Շվեդիան դեսպանատուն է բացում Երևանում և Բաքվում


Շվեդիայի դրոշները երկրի արտգործնախարարության շենքի դիմաց և խորհրդարանի՝ Ռիկսդագի շենքի վրա, Ստոկհոլմ, արխիվ
Շվեդիայի դրոշները երկրի արտգործնախարարության շենքի դիմաց և խորհրդարանի՝ Ռիկսդագի շենքի վրա, Ստոկհոլմ, արխիվ
Ղարաբաղյան բանակցություններում ամերիկացի համանախագահը ողջունում է Շվեդիայի քայլը՝ անդրադառնալով նաև բանակցային գործընթացին:

«Ուրախ եմ, որ Շվեդիան դեսպանատուն է բացում Բաքվում և Երևանում: Եվրոպան և ԱՄՆ-ը հավատարիմ են Կովկասի խաղաղությանն ու բարգավաճմանը», - Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Մենք շարունակում ենք աշխատել Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ Ղարաբաղի խաղաղության համար, հիմնված՝ ուժ չկիրառելու, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների վրա», - նշել է ամերիկացի դիվանագետը:

Ջեյմս Ուորլիքը ևս մեկ հետաքրքիր գրառում է կատարել Twitter-ում, տեղեկացնելով, որ հայաստանցի և ադրբեջանցի գործընկերները այս շաբաթ Կոսովոյում են՝ ուսումնասիրելու անցումային շրջանում արդարադատության խնդիրները:

Ամերիկացի դիվանագետը երեկ է ժամանել Ստոկհոլամ: Նա Շվեդիայի կառավարության հետ խորհրդակցություններ է անցկացնում Մինսկի խմբի հարցով: Տեղեկացնելով այս մասին՝ Ուորլիքը, սակայն, չի մանրամասնել խորհրդակցությունների բնույթը:

Հիշեցնենք՝ Շվեդիան Մինսկի խմբի անդամ 11 երկրներից մեկն է:

Վերադառնալով հարավկովկասյան երկու երկրներում դեսպանատներ բացելու Շվեդիայի նախաձեռնությանը, նշենք, որ Շվեդիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում այս մասին տեղադրված հաղորդագրությունում նշված է, թե 2013 թվականին կառավարության ընդունած որոշման համաձայն՝ մարտի 3-ին Շվեդիան բացում է նոր մշտական ներկայացուցչություններ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և Հայաստանի մայրաքաղաք Երևանում:

«Շվեդիայի արտաքին քաղաքականության ծառայությունը պարբերաբար ուսումնասիրում է և ռազմավարական որոշումներ է ընդունում, թե աշխարհում որտեղ Շվեդիայի ներկայությունը կարող է առավել օգտակար լինել», - նշում է արտգործնախարարությունը:

Իսկ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը նշել է. - «Մեր ներկայությունը Բաքվում և Երևանում ուժեղացնում է Շվեդիայի հնարավորությունները՝ ակտիվ դերակատարություն ունենալ տարածաշրջանում, ինչպես նաև շարունակել Շվեդիայի առաջատար ուժը Եվրամիության քաղաքականության զարգացման ուղղությամբ, Եվրոպայի արևելյան հարևանների հետ, Արևելյան գործընկերության շրջանակներում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG