Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Ուկրաինան նախարարների մակարդակով խորհրդակցություններ են սկսել


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա ասուլիսը Նովո-Օգարյովոյում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա ասուլիսը Նովո-Օգարյովոյում

Փորձագետները նկատում են, որ Պուտինի երեկվա հայտարարություններից հետո ռուս - ուկրաինական ճգնաժամը տեղափոխվել է քաղաքական և տնտեսական հարթություն:

Ռազմական ուժ չկիրառելու մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո Ռուսաստանը և Ուկրաինան սկսել են նախարարների մակարդակով խորհրդակցություններ: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենի Յացենյուկը:

Նա հավելել է, որ այդ խորհրդակցությունները դեռ բավական դանդաղ են ընթանում, սակայն դրա հետ մեկտեղ նաև գոհունակություն է հայտնել, որ առաջին քայլերն արդեն արվում են:

Նույն օրը ավելի վաղ, հիշեցնենք, Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի կառավարությանը հանձնարարել է վերականգնել շփումները Ուկրաինայի կառավարության՝ Յացենյուկի գլխավորած կառավարության հետ: Այսինքն, թեև Ռուսաստանի նախագահը հայտարարում է, որ Ուկրաինայում կատարվածը միանշանակ հեղաշրջում է, այդուամենայնիվ, նա փաստացի ճանաչում է այդ կառավարությունը:

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը, մեկնաբանելով Պուտինի երեկվա ասուլիսը, համոզմունք է հայտնում, որ Ռուսաստանի նախագահը ցանկանում է մեղմել ստեղծված իրավիճակը, կարգավորել ռուս - ուկրաինական ճգնաժամը:

«Նա ի սկզբանե հայտարարում է Մոսկվայի դիրքորոշումը, ընդգծում է, որ Կիևում հեղաշրջում է տեղի ունեցել, ընդգծում է, որ Յանուկովիչը դե յուրե մնում է Ուկրաինայի նախագահը, սակայն սրա հետ մեկտեղ ասում է, որ Յանուկովիչը չունի քաղաքական ապագա, և որ Ուկրաինայում անհրաժեշտ է անցկացնել նախագահական ընտրություններ՝ իրավիճակը կարգավորելու համար», - նշում է Վենեդիկտովը:

Թեև, փորձագետների գնահատմամբ, Պուտինը երեկ նահանջել է իր կոշտ դիրքորոշումից, պետք է նշել, սակայն, որ նույն ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, թե Ռուսաստանը չի հատկացնելու նախկինում խոստացած վարկը Ուկրաինային, բացի այդ՝ երեկ հայտնի դարձավ, որ «Գազպրոմ»-ը չեղյալ է հայտարարում գազի արտոնյալ գները Ուկրաինայի համար:

Փորձագետները նկատում են, որ Պուտինի երեկվա հայտարարություններից հետո ռուս - ուկրաինական հնարավոր ռազմական ճգնաժամը տեղափոխվել է քաղաքական և տնտեսական հարթություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG