Մատչելիության հղումներ

logo-print

Պուտին․ «Ռուսաստանը չի դիտարկում Ղրիմի միավորման հնարավորությունը»


Ռուսաստանի նախագահը վերջապես խոսեց Ղրիմի մասին։ Մինչ այդ նա ուկրաինական ճգնաժամը քննարկում էր միայն իր արտասահմանցի գործընկերների հետ։

«Ուկրաինա ռուսական զորքեր մտցնելու անհրաժեշտություն չկա»,- երեքշաբթի հրավիրված ասուլիսում հայտարարեց Պուտինը և հավելեց.- «Անհրաժեշտության դեպքում, եթե իրավիճակը վատանա, Մոսկվան կարող է նման քայլի գնալ»։

Պուտինի փոխանցմամբ՝ պաշտոնական Մոսկվան Ուկրաինայի գործող իշխանությունների լեգիտիմ չի համարում, ու թեև հասկանում է, որ ուկրաինացիները պետք է ինքնուրույն որոշեն իրենց ճակատագիրը, սակայն միայն օրինական ճանապարհով։

Այն, ինչ կատարվեց Ուկրաինայում, ըստ Պուտինի, հեղաշրջում էր, և նա չի հասկանում, թե ինչի համար են դա արել։

«Պարզ էր, որ Յանուկովիչն իր իշխանությունը հանձնել է, երբ փետրվարի 21-ին ստորագրել է ընդդիմադիրների հետ համաձայնագիրը»,- ասաց Ռուսաստանի նախագահը։

Պուտինի փոխանցմամբ՝ Յանուկովիչը չէր էլ պատրաստվում մասնակցել Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններին, և ըստ այդմ, Ռուսաստանի նախագահը չի հասկանում կատարվածի տրամաբանությունը։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մահվան մասին այսօր տարածված լուրերին, Պուտինը ասաց.- «Վիկտոր Յանուկովիչը դեռ ողջ է և իր չարակամներին թաղմանը դեռ մի թեթև էլ կմրսի»։

Անդրադառնալով Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին Արևմուտքից հնչող սպառնալիքներին՝ Պուտինը կոչ արեց մտածել նման քայլերի հետևանքների մասին։

Ղրիմի ապագա կարգավիճակի մասին խոսելիս էլ Պուտինը ասաց, որ Ռուսաստանը չի դիտարկում Ղրիմի միանալու հնարավորությունը։

«Ես ընդհանրապես կարծում եմ, որ միայն քաղաքացիները, որ ապրում են այս կամ այն տարածքում, ազատ քվեարկության, անվտանգության պայմաններում կարող են և պետք է որոշեն իրենց ապագան»,- ասաց Ռուսաստանի նախագահը։

Ղրիմի իշխանությունները մտադիր են մարտի 30-ին անցկացնել ինքնավար հանրապետության ապագա կարգավիճակի մասին հանրաքվե։

Ռուս-ուկրաինական ճգնաժամի ընթացքում Ռուսաստանը հասցրել է փչացնել իր հարաբերությունները Արևմուտքի հետ։ Չնայած «Մեծ ութնյակի» յոթ պետությունների ղեկավարներն արդեն հայտարարել են, որ չեն ժամանելու Սոչի, որտեղ պետք է կայանար «Մեծ ութնյակի» գագաթնաժողովը, Պուտինը այսօր ասաց, որ այդուամենայնիվ, Ռուսաստանը պատրաստվում է այս միջոցառմանը։

«Պատրաստ կլինենք մեզ մոտ ընդունել մեր գործընկերներին, սակայն եթե նրանք չեն ուզում գալ, թող չգան»,- ասաց Ռուսաստանի նախագահը։
XS
SM
MD
LG