Մատչելիության հղումներ

Ղրիմում իրավիճակը՝ Անկարայի և Մոսկվայի շփումների առանցքային թեմա


Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլու, արխիվ
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլու, արխիվ

Ըստ թուրքական մամուլի՝ չի բացառվում, որ այսօր Փարիզում հարցը քննարկեն Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները:

Թուրքական մամուլի պնդմամբ` այս օրերին Ղրիմում ստեղծված իրավիճակը պաշտոնական Անկարայի և Մոսկվայի երկկողմ շփումների առանցքային թեման է:

Չի բացառվում, որ արդեն մի քանի ժամից Փարիզում այս հարցը քննարկեն Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները` Ահմեթ Դավութօղուն և Սերգել Լավրովը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը` մանրամասնելով, որ երկու նախարարները Ֆրանսիայի մայրաքաղաք են ժամանում Լիբանանի բարեկամների միջազգային խմբի հերթական հավաքին մասնակցելու նպատակով:

Ըստ թուրքական մամուլի` Ղրիմում ծավալված իրադարձություններին Անկարայում հետևում են մեծ ուշադրությամբ: Ահմեթ Դավութօղլուն Ղրիմի շուրջ իրավիճակի վերլուծությունն ու դիվանագիտական բոլոր քայլերի համակարգումը հանձնարարել է իր տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուին, ով, հիշեցնենք, հայ - թուրքական արձանագրությունների մշակման գործընթացում ներգրավված առանցքային թուրք դիվանագետն էր:

Zaman-ի տեղեկություններով՝ Սինիրլիօղլուն կապի մեջ է իր ռուսաստանցի գործընկեր Գրիգորի Կարասինի հետ: Նույն աղբյուրի փոխանցմամբ` երկուշաբթի երեկոյան Ղրիմում ստեղծված իրավիճակը քննարկվել է նաև Չանկայա պալատում կայացած հատուկ խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն ու արտգործնախարար Դավութօղլուն:

Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ Անկարայի գլխավոր մտահոգությունն այսօր Ղրիմում բնակվող թաթարների անվտանգությունն է: Անցած շաբաթավերջին Թուրքիայի արտգործնախարարը այս հարցը քննարկում էր Կիևում` Ուկրաինայի նորանշանակ կառավարության անդամների հետ, իսկ Ուկրաինայի մայրաքաղաքից վերադառնալուն պես նա հանդիպեց Թուրքիայում բնակվող Ղրիմի թաթարների հայրենակցական միության անդամների հետ:

«Ղրիմի թաթարների ճակատագրի հանդեպ Թուրքիան անտարբեր լինել չի կարող», - հայտարարեց Դավութօղլուն այդ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ թերակղզու բնակչության մոտ 12 տոկոսը կազմող թաթարական համայնքը պետք է անի ամեն ինչ` «ծուղակում չհայտնվելու համար»:

Star պարբերականին տված հարցազրույցում ևս Դավութօղլուն անդրադարձել է Ղրիմում ստեղծված կացությանը՝ նշելով․ - «Ինչ-ինչ ուժեր կարող են փորձել այս հակամարտությունը վերածել ռուս - թաթարական, որպես հետևանք՝ նաև ռուս - թուրքական բախման: Մենք դա չպետք է թույլ տանք»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այս հայտարարությունները, ի դեպ, հնչեցին այն բանից հետո, երբ Անկարայում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կորսունսկին կոչով դիմեց Թուրքիայի իշխանություններին` խնդրելով «քաղաքական, տնտեսական, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ռազմական օժանդակություն ցուցաբերել Ուկրաինային»:

Star-ին տված հարցազրույցում, սակայն, Ահմեթ Դավութօղլուն խորհուրդ է տալիս պաշտոնական Կիևին ավելի հաշվենկատ արտաքին քաղաքականություն որդեգրել: «Ուկրաինան պետք է Թուրքիայից օրինակ վերցնի և վերականգնի հավասարակշռությունը Եվրոպայի և Մոսկվայի միջ: Մեծ սխալ կլինի, եթե Եվրոպայի հետ հարաբերությունները զարգացնելուն զուգահեռ Ուկրաինան խզի կապերը Մոսկվայի հետ», - ասում է Դավութօղլուն` միաժամանակ նշելով, որ Անկարան պատրաստ է ոչ միայն ակտիվորեն մասնակցել Ղրիմում ծագած ճգնաժամի հանգուցալուծմանը, այլև ջանքեր գործադրել ռուս - ուկրաինական հարաբերությունների բարելավման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG