Մատչելիության հղումներ

logo-print

Արվեստագետները հանդես են գալիս ի պաշտպանություն Սևան Նշանյանի


Գրողների միությունում այսօր հավաքված գրողներն ու արվեստագետները իրենց բողոքի ձայնը բարձրացրին ընդդեմ պոլսահայ մտավորական Սևան Նշանյանի ազատազրկման ու նրա նկատմամբ Թուրքիայում իրականացվող ճնշումների:

Ելույթ ունեցողները հատկապես շեշտում էին այն ծանր, անմարդկային պայմանները, որոնցում գտնվում է ապօրինի շինարարություն կատարելու մեղադրանքով անցյալ տարեվերջին ազատազրկված Նշանյանը:

Գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանի խոսքով՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում համոզված են, որ Սևան Նշանյանը դատապարտվել է բացառապես քաղաքական դրդապատճառներով․ - «Եվ չենք կասկածում, որ սեփական հողամասում ինչ-որ շինարարություն կատարելու պատճառաբանությամբ մի գրողի, մի հրապարակախոսի, մի նշանավոր լեզվաբանի կարող են բանտարկել, անիրավություններ կատարել»:

«Նախ պետք է իմանալ, որ նա միակ հայ քաղաքական բանտարկյալն է Թուրքիայի Հանրապետության տարածքում, և իբրև մտավորական հատուկ են իրեն բանտարկել 2015-ին ընդառաջ, որպեսզի իր ձայնը լսելի չլինի», - ասաց Սարգիս Հացպանյանը:

Նա ներկաներին հանգամանորեն ներկայացրեց պոլսահայ լեզվաբան, հրապարակախոս, գրող, փիլիսոփա, մաթեմատիկոս Սևան Նշանյանի գործունեությունը: Նա առաջիններից էր, որ սկսեց անցած տարի 80-ականներից սկսեց Թուրքիա ներկրել համակարգիչներ՝ զուգահեռաբար ստեղծելով առաջին համակարգչային ամսաթերթը: Այնուհետև Նշանյանը սկսել է ոչ մեծ հյուրանոցներ կառուցել Թուրքիայի ողջ տարածքում՝ մեծ նպաստ բերելով զբոսաշրջության զարգացմանը: Նույն տարիներին, համագործակցելով բրիտանական և ամերիկյան խոշորագույն ընկերությունների հետ, տասնյակ գրքեր է հրատարակել՝ ներկայացնելով Թուրքիայում գտնվող պատմամշակութային հուշարձանները՝ անպայման նշելով դրանց բուն հայկական կամ հունական ծագումն ու անվանումը: Սևան Նշանյանն է հրատարակել «Բառերի տոհմածառը» և «Բառերի աճպարարը» եզակի լեզվաբանական գրքերը, որոնք թուրքերենի համար արմատական բառարանի դեր են կատարում:

«Սփյուռքում միշտ սպասում են Հայաստանի խոսքին: Եվ եթե մղումը Հայաստանից լինի, ես վստահ եմ, որ Սփյուռքում ավելի մեծ մասշտաբով մարդիկ Սևան Նշանյանի ազատության համար ակցիաներ կանեն: Դա շատ եմ կարևորում», - ասաց ծնունդով լիբանանահայ, վերջին տարիներին ընտանիքում հայրենիքում հաստատված բանաստեղծ Սաքո Արեյանը:
XS
SM
MD
LG