Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հրաժարվեց Պուտինի այցի օրը բերման ենթարկված քաղաքացու դեմ հայցից


Ոստիկանությունը հրաժարվեց ակտիվիստի դեմ հայցից
please wait

No media source currently available

0:00 0:02:37 0:00
Ընդամենը մի քանի րոպե տևած դատական նիստի ընթացքում երեքշաբթի Ոստիկանությունը հրաժարվեց քաղաքացի Վարդան Հարությունյանի դեմ հայցից, ով ամիսներ առաջ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցի օրը բերման էր ենթարկվել ոստիկանության՝ օրենքով սահմանված պահանջները չկատարելու համար։

Վարդան Հարությունյանը դեկտեմբերի 2-ին Երևանում անցկացված բողոքի ակցիաների մասնակիցներից մեկն էր։ Նրա հետ նույն օրը բերման էին ենթարկվել ևս 109 քաղաքացիներ։ Փետրվարին պարզ դարձավ, որ ոստիկանությունը դիմել էր դատարան՝ վերջիններիս տուգանելու հայցերով։ Թե ինչ է պատճառը, որ ոստիկանությունը այսօր հրաժարվեց հայցից, դատարանում գտնվող ներկայացուցիչը հրաժարվեց մեկնաբանել։

Վարդան Հարությունյանի գործով դատական նիստը առաջինն էր Պուտինի դեմ դուրս եկած ցուցարարների շարքից։ Պատասխանող կողմը վստահ էր, որ ոստիկանությունը չի կարող բացատրել, թե ինչու է քաղաքացին բերման ենթարկվել։ Հարությունյանի խոսքով՝ ինքը այդ պահին պարզապես կանգնած է եղել։

«Բերման ենթարկվելու պահին մենք կանգնած էինք ու նայում էինք ոնց էին ոստիկանները աղջիկներին հրում, տղաներին քաշքշում, ոչ տարիք, ոչ սեռ հաշվի չէին առնում... երբ արդեն քանակ ապահովեցին, որ պետք է տանեին, կապ չուներ ով էր, մասնակցում էր, չէր մասնակցում, անցնում էր, ինչ էր անում, բռնեցին ու տարան»,- պատմեց Հարությունյանը։

Պատասխանողի լիազոր ներկայացուցիչ, իրավաբան Արտակ Զեյնալյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունը քաղաքացիներին բերման ենթարկելով պարզապես խախտել է նրանց՝ խաղաղ հավաքներ անցկացնելու և խոսքի ազատության իրավունքները։ Այսօր, ըստ փաստաբանի, ոստիկանության կողմից հայցից հրաժարվելը կարևոր նախադեպ է։

«Այս դրվագով 13 հոգի բերման են ենթարկվել, և դժվար է ասել, կարող է հանդիսանալ նախադեպ, թե՝ ոչ, բայց եթե մյուս գործերով հրաժարում չլինի, մենք այս հայցից հրաժարվելու հանգամանքը օգտագործելու ենք»,- ասաց Զեյնալյանը։

Բողոքի ակցիայի կազմակերպիչներից Նարեկ Այվազյանի խոսքով՝ ոստիկանությունը մոտ 100 մասնակիցների մասով հայցեր է ուղարկել Վարչական դատարան, մինչդեռ նրանցից մի քանիսի գործերը մինչև դատական նիստը կարճվել են։ Առաջիկայում բերման ենթարկվածները իրենք են դատարան դիմելու՝ ոստիկանության գործողությունների դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG