Մատչելիության հղումներ

Հայաստանը Ուկրաինայի հարցում «պետք է ավելի զգույշ և նրբանկատ լինի»


Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյան

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյան

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, ռուս-ուկրաինական հնարավոր հակամարտության դեպքում Հայաստանի համար վտանգավոր է այն, որ Հայաստանը կարող է ներքաշվել հակամարտության մեջ՝ որպես Ռուսաստանի ռազմավարական գործընկեր:

«Այլ կերպ ասած, Ռուսաստան հատել է բոլոր ընդունելի նորմերի ու ստանդարտների սահմանագիծը: Եվ, փաստորեն, սպառնում է անկախ և ինքնիշխան հարևան Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը: Հայաստանը՝ որպես Ռուսատանի ռազմավարական դաշնակից և որպես ՀԱՊԿ-ի միակ անդամը տարածաշրջանում, վտանգված է այն առումով, որ Ռուսատանի նկատմամբ կիրառվելիք որևէ պատժամիջոց, դժբախտաբար, իր անդրադարձը կունենա նաև Հայաստանի վրա»,- ասաց Կիրակոսյանը։

Ավելին՝ Հայաստանը պետք է շատ զգուշ լինի և նրբանկատ վարքագիծ դրսևորի իր արձագանքներում, ասում է վերլուծաբանը:

«Դժբախտաբար Հայաստանի կառավարությունը վերջին օրերին ճիշտ վարքագիծ չդրսևորեց, ինչպես Ուկրաինայի նոր կառավարությունը ճանաչելու, այնպես էլ իրավիճակը լիցքաթափելու կոչ անելու առումով: Անհրաժեշտ է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը լինի ավելի հստակ ու ավելի ակտիվ»,- ասաց Կիրակոսյանը։

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, և որ Հայաստանը Ռուսաստանի միակ հուսալի գործընկերն է տարածաշրջանում, այդուհանդերձ, բարեբախտաբար, ռազմական առումով շատ անհավանական է, որ Հայաստանը ուղղակիորեն ներգրավվի հնարավոր առճակատման մեջ, կարծում է վերլուծաբանը։ Այդուհանդերձ, ավելի երկարաժամկետ հեռանկարում դա կարող է Ռուսաստանի կողմից հրահրվող որոշակի լարվածություն առաջացնել և սադրանքների վտանգ պարունակել Վրաստանի հետ կապված, ինչն էլ Կիրակոսյանի կարծիքով, կարող է վտանգ ներկայացնել Հայաստանի համար:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ օգտվելով Ղրիմի շուրջ ստեղծված խառնաշփոթից, Ադրբեջանը նոր սադրանքներ սանձազերծի հայ-ադրբեջանական շփման գծում, Կիրակոսյանը պատասխանեց.- «Դժբախտաբար, Ադրբեջանը մշտապես օգտագործել է ցանկացած հնարավորություն՝ Լեռնային Ղարաբաղին և Հայաստանի Հանրապետությանը սպառնալու և անգամ հարձակվելու համար: Սակայն հայկական զինված ուժերը շատ զգոն են հասկանալու համար այն նախանշանները, որ Ադրբեջանը, օգտվելով Ղրիմի հակամարտությունից, կարող է ռազմական հարձակում սանձազերծել»:

«Բարեբախտաբար, ադրբեջանական զինուժը շարունակում է ավելի թույլ լինել, քան հայկականը, և Հայաստանը շարունակում է ռազմական առումով գերազանցել Ադրբեջանին»,- նկատեց վերլուծաբանը։
XS
SM
MD
LG