Մատչելիության հղումներ

logo-print
Վաղը «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա աշխարհահռչակ ակորդեոնահար Ռիշար Գալիանոյի համերգը:

«Տարվա եղանակներ» անունը կրող համերգին կմասնակցի նաև Հայաստանի կամերային նվագախումբը՝ Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Կկատարվեն Անտոնիո Վիվալդիի և Աստոր Պիացոլայի ստեղծագործությունները, ինչպես նաև Գալիանոյի «Օպալո» կոնցերտը նվագախմբի և ակորդեոնի համար:

Լրագրողների հետ հանդիպմանն այսօր պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք ծանոթ է հայ կոմպոզիտորներին, ֆրանսիացի երաժիշտը պատասխանեց․ - «Բոլոր ակորդեոնահարները նվագում են «Սուսերով պարը», ես նույնպես նվագել եմ: Բայց անչափ կցանկանայի Կոմիտասի գործերից նվագել: Հույս ունեմ, որ Վահան Մարտիրոսյանի հետ համատեղ մի ծրագիր կիրականացնենք ապագայում, որտեղ կհնչեն թե՛ Կոմիտասի, թե՛ այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Կոմիտասի երաժշտությունը շատ է համընկնում իմ խառնվածքին»:

Վաղվա համերգի ծրագրով Գալիանոն և Հայաստանի կամերային նվագախումբն արդեն ելույթ են ունեցել անցյալ տարի Փարիզում: Վահան Մարտիրոսյանը շեշտեց, որ այդ համագործակցությունը շարունակելու են նաև ապագայում:

«Ցանկություն կա իր կողմից, որ ես իրեն ծանոթացնեմ հայ ժամանակակից կոմպոզիտորների հետ, որ ինքը կարողանա հետո իր ընտրությունը կատարել, տեսնել որն է իրեն ավելի մոտ, որը ինքը կարող է դարձնել իրենը», - նշեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ նվագախումբը հրավերներ է ստացել Ֆրանսիայից, Շվեյցարիայից, ու ծրագրում են, որ այդ համերգներին կմասնակցի նաև Գալիանոն:

Գալիանոն փոխանցեց, որ մտերիմ է եղել Պիացոլայի, ինչպես նաև Շառլ Ազնավուրի հետ: Վերջինիս նվիրել է մի ամբողջ ծրագիր, որն անվանել է «Ջազնավուր»:

Այսօր երեկոյան Ֆիշար Գալիանոն կնվագի «Մեցցո» ակումբում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG