Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի իշխանությունների լռությունը «ոչ արժանապատիվ» են համարում


Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեն դատապարտում է Հայաստանի իշխանությունների լռությունը ռուս-ուկրաինական վերջին զարգացումների շուրջ։ Պաշտոնական Երևանը դեռ ձեռնպահ է այս իրադարձությունների վերաբերյալ որևէ մեկնաբանությունից՝ հիմնավորելով, որ Հայաստանի դեսպանը Կիևում ուշադիր հետևում է զարգացումներին։

Տարածած հայտարարության մեջ Մայդանին համերաշխություն հայտնող կոմիտեն «ոչ արժանապատիվ» է որակում լռությունը՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի շուրջ։ Կոմիտեի ներկայացուցիչ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, համոզմունք հայտնեց, որ Ռուսաստանը Հայաստանի իշխանությունների վրա լուրջ ճնշում է գործադրում այս հարցում։

«Ամբողջ աշխարհում որևէ երկիր չկա, որ այսօր պաշտպանի Ռուսաստանի այս դիրքորոշումը։ Պուտինը փորձեց Բելառուսի նախագահի հետ խորհրդակցել՝ փորձելով կորզել նրանից պաշտպանություն, նույնը Ղազախստանի վարչապետի հետ։ Կարծում եմ, որ հիմա Ռուսաստանի կողմից Հայաստանի իշխանությունները ենթարկվում են բավական լուրջ ճնշման, որպեսզի արտահայտվեն։ Հուսանք, որ գոնե կկարողանան պահպանել այս լռությունը, թեև երաշխիք չունենք։ Գոնե այս ոչ արժանապատիվ լռությունը, որ մինչև այսօր ցուցաբերում են Հայաստանի իշխանությունները, հուսանք, որ կկարողանան պահպանել»,- ասաց Շահնազարյանը։

«Ազատություն» ռադիոկայանի հաջորդ հարցին, թե արդյոք Հայաստանը՝ որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկիր, ստիպված չի լինի ներգրավվել այդ գործողություններում, հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց, որ ՀԱՊԿ անդամների պարտավորությունները ուժի մեջ են անդամ երկրներից որևէ մեկի հարձակման ենթարկվելու դեպքում. տվյալ դեպքում Ռուսաստանը հարձակման չի ենթարկվել։

«Չնայած գիտեք, երբ գործ ունեք Ռուսաստանի հետ, այդ պարտավորությունները թղթերը չեն որոշողը։ Ես չեմ բացառում տեսականորեն, որ կարող է Ռուսաստանը ստիպի, որ Հայաստանը, ինչպես որոշ պաշտոնական հայտարարություններ անի, այնպես էլ ստիպի ինչ-որ բաներ անի... Բայց դա կբերի Հայաստանում շատ լուրջ ընդվզումների, կարծում եմ։ Հուսանք, որ Հայաստանի իշխանությունները գոնե այդքան խելամտություն կունենան, որպեսզի նման ճնշումների փորձեն դիմադրել և գոնե այն լռությունը, որ այսօր կա՝ կարողանան պահպանել։ Մոտավորապես «Լեոպոլդ կատու» կեցվածք՝ «Давайте жить дружно», այդքանով սահմանափակվեն»,- ասաց Շահնազարյանը։

«Լռությունը գոյություն չունենալու ապացույց է»,- «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց կոմիտեի ներկայացուցիչներից Լևոն Բարսեղյանը.- «Իշխանությունների որակները հաշվի առնելով բացարձակ օրինաչափ լռություն է։ Ինչպիսին իշխանությունն է, այնպիսին էլ իր քաղաքական վարքն է։ Հիշեք, ռուս-վրացական պատերազմի օրերին Սերժ Սարգսյանը համարյա չէր ուզում վերադառնալ Պեկինի օլիմպիադայից։ Նույնն էլ սա է, սպասում է, թե մեծ ախպերը ինչ կանի, ինքն ինչպես հարմարվի Վլադիմիր Պուտինի վարքին»։

Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեն իր հայտարարության մեջ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի գործողությունները գնահատում է որպես «միջազգային հանրությանը և գլոբալ անվտանգությանը նետված մարտահրավեր, միջազգային իրավունքի կոպիտ խախտում»:

«Այս գործողությունները հիշեցնում են Եվրոպայի պատմության ամոթալի դրվագները` Հիտլերի կողմից Ավստրիայի անշլյուսը և Չեխիայի բռնակցումը (անեքսիան): Ուկրաինայում ստեղծված ներկայիս իրավիճակը էապես այլ կլիներ, եթե 2008 թվականին միջազգային հանրության դիվանագիտական ջանքերը հիմնված լինեին Վրաստանին տրված անվտանգության գործուն երաշխիքների վրա, և արժանի հակահարված հասցվեր Կրեմլին»,- նշել են հայտարարության հեղինակները։

Կոմիտեն կոչ է անում անհապաղ սկսել Ռուսաստանը «Մեծ ութնյակի» և Եվրոպայի խորհրդի կազմից հեռացնելու գործընթաց, իրականացնել խիստ պատժամիջոցներ Պուտինի ռեժիմի առանցքային դեմքերի և նրա շրջապատի նկատմամբ՝ զրկել նրանց մուտքի արտոնագրերից, սառեցնել նրանց բանկային հաշիվները, սկսել նախաքննություն և պարզել այդ անձանց պատկանող ընկերությունների ու ձեռնարկությունների օրինականությունը:

«Ռուսաստանը մարտահրավեր է ոչ մի այն միջազգային հանրությանը, այլև գոյություն ունեցող աշխարհակարգին։ Ռուսաստանը փորձում է թելադրել իր կանոնները».- ասաց Շահնազարյանը.- «Հետևանքները, ակնհայտ է, որ լինելու են շատ ծանր, ռազմավարական առումով, իհարկե, Ռուսաստանի համար կործանարար։ Այն արձագանքը, որ ցուցաբերում է Արևմուտքը, աննախադեպ է վերջին տարիների համար։ Բավարար է, թե չէ, ինձ թվում է՝ առաջիկա 72 ժամվա ընթացքում պարզ կլինի»։

Կոմիտեի ներկայացուցիչներից Բորիս Նավասարդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «շատ բարդ և անկանխատեսելի» որակեց իրավիճակը։

«Այն, ինչ կատարվում է հիմա, իհարկե, շատ ավելի պատասխանատու հետևանքների կարող է բերել բոլոր մասնակիցների համար։ Արդեն ակնհայտ է, որ կա լուրջ առճակատում Ռուսաստանի և Արևմուտքի միջև, և հիմնական գործող դերակատարը ուկրաինական զարգացումներում, որ ակտիվ քաղաքացիներն էին, այս իրավիճակում այլևս չեն կարողանում լուրջ ազդեցություն ունենալ։ Եվ դա երևի ամենատխուր հետևանքն է ամեն ինչի»,- նշեց Նավասարդյանը.- «Շատ դժվար է կանխատեսել, թե ինչպես են զարգանալու դեպքերը, քանի որ անկանխատեսելի է Ռուսաստանի ղեկավարության վճռականությունը՝ գնալ մինչև վերջ։ Եվ անհասկանալի է, թե որքանով են պատրաստ նույն ադեկվատ ձևով արձագանքել նաև արևմտյան լիդերները, որովհետև նրանցից շատերը ամեն դեպքում Ռուսաստանը համարում են կարևոր գործընկեր»։

«Այս իրավիճակում, իհարկե, ցանկալի էր, որ Հայաստանն ունենար հստակ կողմնորոշում, չի կարելի տարիների ընթացքում այսպես անհասկանալի, անորոշ դիրքում մնալ»,- հավելեց Նավասարդյանը։

Հարցին, թե Հայաստանի համար արդյոք վտանգավո՞ր չէ այդ լռությունը խախտելը և դատապարտող հայտարարություններով հանդես գալը, Նավասարդյանը պատասխանեց. «Բնականաբար, վտանգավոր է։ Բայց վտանգավոր է նաև լռելը, որովհետև եթե զարգացումները գնան այնպես, որ ամեն դեպքում պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ կիրառվեն, Հայաստանը կհայտնվի շատ անհեռանկարային վիճակում»։
XS
SM
MD
LG