Մատչելիության հղումներ

logo-print

Յանուկովիչը, ըստ Պուտինի, լեգիտիմ, բայց առանց իշխանության նախագահ է


Վլադիմիր Պուտին և Վիկտոր Յանուկովիչ, Մոսկվա, 17-ը դեկտեմբերի, 2013թ․

Վլադիմիր Պուտին և Վիկտոր Յանուկովիչ, Մոսկվա, 17-ը դեկտեմբերի, 2013թ․

«Ուկրաինայում տեղի ունեցածը հակասահմանադրական հեղաշրջում և իշխանության զինված զավթում է», - հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ:

Ըստ Ռուսաստանի նախագահի` Վիկտոր Յանուկովիչը ոչ մի անօրինական հրաման չի տվել, նա չի հրամայել կրակել ցուցարարների վրա, ավելին՝ հրամայել է ոստիկանական ուժերը դուրս բերել մայրաքաղաքից:

«Յանուկովիչը փետրվարի 21-ին արդեն հանձնել էր իր իշխանությունը, արտահերթ ընտրություններ նշանակել, թե ում էր անհրաժեշտ այս ամենը՝ հայտնի չէ», - ասաց Պուտինը:

Ի պատասխան հարցի՝ արդյոք լեգիտիմ համարո՞ւմ են Ուկրաինայի ներկայիս իշխանություններին, Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ Ուկրաինայի միայն խորհրդարանն է որոշ առումով լեգիտիմ, մնացած և ոչ մի կառույց լեգիտիմություն չունի: Պուտինի խոսքով` Ուկրաինայի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող անձը լեգիտիմ չէ, իրավական առումով կա միայն մեկ լեգիտիմ նախագահ` Վիկտոր Յանուկովիչը, ով, սակայն, իշխանություն չունի:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Յանուկովիչին ապաստան տալու հարցին՝ Պուտինը վստահեցրեց, որ իրենք այդ որոշումը կայացրել են զուտ մարդասիրական նկատառումներից ելնելով, քանի որ այլապես Յանուկովիչին Ուկրաինայում պարզապես կսպանեին, ինչը ամենահեշտ ձևն է լեգիտիմ նախագահից ազատվելու:

Այնուամենայնիվ, ըստ Ռուսաստանի նախագահի, Վիկտոր Յանուկովիչը քաղաքական ապագա չունի:

Ինչ վերաբերում է Ուկրաինա զորք մտցնելու հարցին, ապա Պուտինը հայտարարել է, որ դրա անհրաժեշտությունը դեռ չի տեսնում, սակայն նման հնարավորություն ունեն, ունեն նաև իրավական հիմք` իրավական առումով լեգիտիմ նախագահ Յանուկովիչի դիմումը, որը իրենց խնդրել է օգտագործել ռուսական զինված ուժերը Ուկրաինայի բնակչությանը պաշտպանելու համար:

Ռուսաստանի նախագահը հայտարարել է նաև, որ օրերս երկրի արևմուտքում անցկացված զորավարժությունները Ուկրաինայի հետ կապ չունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG