Մատչելիության հղումներ

Հեֆերն․ ԱՄՆ-ը առավել քան երբևէ ցանկանում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ


Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերն, արխիվ

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերն, արխիվ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ամենայն հավանականությամբ այս տարեվերջին կայցելի Երևան: Այդ մասին «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները այժմ առավել քան երբևէ ցանկանում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ։

«Շատերը հարցնում են՝ ինչպիսին է Միացյալ Նահանգների արձագանքն ի պատասխան նրա, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը։ Վաշինգտոնը շատ հստակ նշում է՝ ԱՄՆ-ը այժմ առավել քան երբևէ ցանկանում է իր հարաբերությունները ավելի խորացնել և ավելի լավ գործընկեր դառնալ», - ասել է ԱՄՆ-ի դեսպանը։

Անդրադառնալով հայ - ամերիկյան հարաբերություններին՝ Ջոն Հեֆերնն ասել է, որ դրանց մասին թերևս կարելի է դատել բարձրաստիճան փոխայցերի մակարդակին նայելով. - «Նախկին պետքարտուղար Քլինթոնը երկու անգամ այցելել է Հայաստան, մինչ այդ 18 տարի որևէ պետքարտուղար Հայաստան չէր եկել», - փաստել է ԱՄՆ-ի դեսպանն ու հավելել․ - «Անցյալ տարեվերջին, երբ արտգործնախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ պետքարտուղար Քերրիի հետ, նա ցանկություն ունեցավ Հայաստան այցելելու, և հուսով ենք, որ պետքարտուղարը Հայաստան կայցելի այս տարեվերջին»։

Քերրիի առաջիկա այս այցի վերաբերյալ դեսպանը այլ մանրամասներ չի հաղորդել՝ նշելով միայն, որ այն տարածաշրջանային է։ Այդուամենայնիվ, անգամ իր այս հակիրճ պատասխանում Հեֆերնն առանձնացրել է հայ - թուրքական հարաբերություններն ու ընդգծել՝ պետքարտուղարը ցանկանում է դրանք կարգավորել։

«Պետքարտուղար Քերրիի աշխատանքի ընթացքում հասկացել եմ, որ «ստատուս քվոյի» դրությունը նրան չի գոհացնում, և նա հավատացած է, որ ոչ մի հակամարտություն այնքան բարդ չէ, որ հնարավոր չլինի լուծում գտնել», - ասել է Ջոն Հեֆերնը և հավելել․ - «4 տարի է անցել, բայց Հայաստանի խորհրդարանը դեռ պահպանում է հայ - թուրքական արձանագրությունները, և Հայաստանի այդ «համբերությունը» գնահատվում է»։

Հարցազրույցում ԱՄՆ-ի դեսպանը դրական ակնկալիքով է խոսել նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին՝ ասելով․ - «Դուք կտեսնեք, որ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հայաստանի և Ադրբեջանի հետ փորձելու է այս հարցն առաջ մղել, և ես հույս ունեմ, որ Հայաստանի ժողովուրդը կհասկանա, թե ինչով են պայմանավորված այդ որոշումները. դրանք արվում են հանուն խնդրի խաղաղ կարգավորման»։

Հարցազրույցում դեսպանը խոսել է նաև ներքաղաքական խնդիրների մասին՝ փաստելով, որ մարտահրավերներ կան մարդու իրավունքների ու թափանցիկության հետ կապված։ «Հուսով եմ, որ Հայաստանի կառավարությունը և հասարակությունը կծանոթանան Պետդեպարտամենտի վերջին զեկույցին», - ասել է Ջոն Հեֆերնը:

Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների 2013 թվականի զեկույցում Պետդեպարտամենտը Հայաստանի մասով նշել է, որ ամենանշանակալից խնդիրներն են կոռուպցիան, թափանցիկության պակասը, կառավարությունը փոխելու՝ քաղաքացիների սահմանափակ իրավունքը, ինչպես նաև դատական համակարգի սահմանափակ անկախությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG