Մատչելիության հղումներ

Ոչ իշխանական ուժերը կմասնակցեն գազային հանձնաժողովի աշխատանքներին


Գազաբաշխիչ կայան Հայաստանում

Գազաբաշխիչ կայան Հայաստանում

Նրանք պատվիրակներ են ներկայացրել, նույնիսկ իշխանական ուժերի հետ կողմ են արտահայտվել, որ այդ հանձնաժողովը ղեկավարի հանրապետական Դավիթ Հարությունյանը:

Խորհրդարանական ոչ իշխանական քաղաքական ուժերը կմասնակցեն գազի հարցով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին:

Նրանք պատվիրակներ են ներկայացրել, նույնիսկ իշխանական ուժերի հետ կողմ են արտահայտվել, որ այդ հանձնաժողովը ղեկավարի հանրապետական Դավիթ Հարությունյանը՝ միաձայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հանձնաժողովում «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնող Ռուբիկ Հակոբյանը:

Գազային հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը:

«Ժառանգության» ներկայացուցիչը հայտարարեց, որ հիմնական հարցերին կսկսեն անդրադառնալ վաղվանից, երկուշաբթի օրը գումարած առաջին նիստում հիմնականում կազմակերպչական հարցեր են լուծել: «Ըստ աշխատանքների ծավալի պայմանականորեն բաժանեցին չորս խմբերի, և հաջորդ նիստի ժամանակ արդեն այդ, թե ով ինչ նախասիրություն ունի, որ խմբում կընդգրկվի, կամրագրենք դա», - ասաց Հակոբյանը:

Գազի հարցով հանձնաժողովը, ըստ Հանրապետականի հեղինակած նախագծի, ուսումնասիրելու է 2011-13 թվականներին գազի դիմաց ռուսական կողմին կուտակած 300 միլիոն դոլար պարտքի ձևավորման օրինականությունն ու չափի հիմնավորվածությունը, ինչպես նաև «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի ունեցած 20 տոկոս բաժնեմասի գնահատման գործընթացը, բայց անցած տարվա դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված և ընդդիմադիրների գնահատմամբ խիստ վիճահարույց գազային պայմանագրերին չի անդրադառնալու:

Հանձնաժողովը գազի գնի ձևավորման և սպառողների շրջանում գազի ցածր ջերմատվության մտահոգություններն է ուսումնասիրելու՝ չնայած գազային համաձայնագրերով մինչև 2044 թվականը Հայաստանը պարտավորվել է գազը ռուսական «Գազպրոմ»-ից ձեռք բերել, նաև գազի այլընտրանքային ներկրման հարցն է քննարկելու:

Այս հանձնաժողովը ստեղծվեց իշխանական Հանրապետականի նախաձեռնությամբ՝ ընդդիմության նույնաբովանդակ ձեռնարկը խստորեն քննադատվելուց և մերժվելուց մի քանի օր անց, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը կարծում էր՝ հարցերը թաղելու համար:

Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ երեկվա նիստում նման որևէ մտահոգություն չի հնչել: «Հիմա նոր-նոր են աշխատանքները սկսվել, չեմ ուզում այս պահին որևէ գնահատական տալ: Երբ արդեն կանցնենք բովանդակային քննարկումներին, երբ արդեն հստակ հարցադրումները պետք է ունենան իրենց պատասխանները, թերևս այդ ժամանակ կարելի է ասել՝ տեղին էին մտահոգությունները, թե ոչ», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Հանձնաժողովը 10 անդամ ունի՝ 5 իշխանական և 5 ոչ իշխանական, աշխատելու է դռնփակ՝ առանց լրագրողների մասնակցության:
XS
SM
MD
LG