Մատչելիության հղումներ

ԵՄ-ն սպառնում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ


Բելգիա -- ԵՄ արտաքին քաղաքական հարցերի պատասխանատու Քեթրին Էշթոնը մամուլի ասուլիս է տալիս Ուկրաինայի վերաբերյալ անդամ երկրների արտգործնախարարների արտակարգ նիստից, հետո, Բրյուսել 3-ը մարտի, 2014թ.

Բելգիա -- ԵՄ արտաքին քաղաքական հարցերի պատասխանատու Քեթրին Էշթոնը մամուլի ասուլիս է տալիս Ուկրաինայի վերաբերյալ անդամ երկրների արտգործնախարարների արտակարգ նիստից, հետո, Բրյուսել 3-ը մարտի, 2014թ.

ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը մարտի 3-ի երեկոյան ընդունեց Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի քայլերը դատապարտող և պատժամիջոցներ սահմանող հայտարարություն:

Նախարարների արտահերթ հանդիպումից հետո Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հանդես եկավ հայտարարությամբ. - «Ես այսօր նախարարների արտահերթ հանդիպում եմ հրավիրել` կապված Ուկրաինայում առկա մտահոգիչ իրավիճակի հետ: Վերջին երկու շաբաթում այսպիսի արտահերթ հանդիպում երկրորդ անգամ եմ հրավիրում»:

Էշթոնի փոխանցմամբ` Եվրոպական միությունը խստորեն դատապարտում է Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ Ռուսաստանի ոտնձգությունները: ԵՄ 28 երկրների արտգործնախարարներ իրենց համատեղ հայտարարությունում հիշեցնում են Ռուսաստանին այն բոլոր միջազգային պայմանագրերն ու ակտերը, որով Ռուսաստանը ճանաչում է Ուկրաինայի ամբողջականությունը` համաձայնելով, որ Ղրիմի ինքնավար հանրապետությունը կարող է հանրաքվե անցկացնել միայն տեղական խնդիրների վերաբերյալ, այլ ոչ թե այնպիսի հարցերով, որոնք կարող են փոփոխել Ուկրաինայի տարածքային կառուցվածքը:

ԵՄ-ն կոչ է անում Ռուսաստանին անմիջապես ետ քաշել իր զինված ուժերը Ուկրաինայի տարածքից և խորհրդակցություններ սկսել Ուկրաինայի հետ` համաձայն Բուդապեշտի հուշագրի պայմանների: Այս հարցում Եվրամիությունը ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ համատեղ ուժերով պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել կողմերին` կառուցողական երկխոսության և խաղաղ հանգուցալուծման հասնելու համար: Ռուսաստանի կողմից իրավիճակը մեղմող քայլերի բացակայության դեպքում ԵՄ-ն խոստանում է դադարեցնել վիզային բանակցությունները Ռուսաստանի հետ, ինչպես նաև կիրառել նպատակային պատժամիջոցներ:

Որոշ փորձագետների գնահատմամբ` սա բավականին կոշտ արձագանք է Եվրամիության կողմից:

Դեռ փետրվարի 20-ին, հիշեցնենք, ԵՄ-ին խոսել էր հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին` խոստանալով արգելել մարդու իրավունքների խախտման և բռնությունների համար պատասխանատուների մուտքը Եվրամիություն և սառեցնել նրանց ակտիվները եվրոպական բանկերում:

Միջազգային փորձագետները հեղինակավոր լրատվամիջոցների հետ հարցազրույցներում կարծիքներ են հայտնում, որ Եվրամիությունը «սահմանափակված է իր գործողություններում», ցանկացած կոշտ դիրքորոշում կարող է վտանգավոր լինել, բայց միաժամանակ` արդյունավետ. Եվրամիությունն այս փուլում փորձում է սեղմել, բայց չսրել առանց այդ էլ սրված իրավիճակը:

ԵՄ-ն խոստանում է օգնել Ուկրաինայի նոր կառավարությանն ու իշխանություններին` սահմանադրական բարեփոխումներ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հարցում, այդ թվում խոստանալով Արժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությունը:

«Եվրոպական հանձնաժողովն այսօր փաստահավաք խումբ է ուղարկել Կիև` ուսումնասիրելու իրավիճակը, և վերջապես մենք ուզում ենք ևս մեկ անգամ հաստատել Ուկրաինային ներկայացրած մեր առաջարկը` Ասոցացման համաձայնագրի տեսքով», - հայտարարեց Էշթոնը:

ԵՄ առաջնորդները պատրաստվում են հանդիպել այս հինգշաբթի: Բրյուսելում արդեն խոսվում է, որ կախված Ղրիմի զարգացումներից Ռուսաստանի հանդեպ ճնշումները կարող են ուժեղանալ:
XS
SM
MD
LG