Մատչելիության հղումներ

Ջոն Քերրին մեկնում է Կիև


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի, Վաշինգտոն, 28-ը փետրվարի, 2014թ.
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի, Վաշինգտոն, 28-ը փետրվարի, 2014թ.

Վաշինգտոնը Ուկրաինայի հարցում փորձում է ստեղծել արևմտյան միասնական ճակատ։

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Ջոն Քերրին այսօր մեկնում է Ուկրաինայի մայրաքաղաք, որտեղ հանդիպելու է այդ երկրի նոր իշխանությունների հետ։

Պետական դեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ «Քերրին Ուկրաինայի ժողովրդին կհայտնի Միացյալ Նահանգների աջակցությունը առանց օտար ուժերի միջամտության և սադրանքների սեփական ապագան կերտելու հարցում»։

Անցած շաբաթավերջին Քերրին ասել է, թե Ռուսաստանը 21-րդ դարում 19-րդ դարի քաղաքականություն է վարում։

«Պարզապես անհնար է նման պայմաններում Սոչիում Մեծ ութնյակի գագաթնաժողով անցկացնել։ Կա նաև այլ հանգամանք` Ռուսաստանն ունի ներդրումների և առևտրի մեծ խնդիրներ, ես համոզված եմ, որ Յոթնյակի արտգործնախարարները որդեգրել են ընդհանուր դիրքորոշում, Ռուսաստանը կմեկուսացվի, Ռուսաստանի հետ բնականոն հարաբերություններ հնարավոր չեն», - ասել է Ամերիկայի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Քերրին նաև ասել է, որ Ռուսաստանը կարող է արտաքսվել Մեծ ութնյակից, ռուսական բիզնեսի հաշվեհամարները կսառեցվեն, կկիրառվեն այլ պատժամիջոցներ այն դեպքում, եթե Մոսկվան հետ չքաշի Ուկրաինա մտցրած զինուժը։

Այդուհանդերձ, այսօրվա դրությամբ ոչինչ չի վկայում Կրեմլի մոտեցման փոփոխության մասին, քանի որ ռուսական ուժերն ամրապնդում են իրենց դիրքերը Ղրիմում։

Օբամայի վարչակազմը փորձում է Ուկրաինայի հարցում արևմտյան երկրների միացյալ ճակատ ստեղծել։ Քերրին ասել է, որ պատժամիջոցները մեծ վնաս կհասցնեն Ռուսաստանին, որի ազգային տարադրամը` ռուբլին, մեկ-երկու օրում արդեն էապես արժեզրկվել է։

Այդուհանդերձ, եվրոպական երկրներից ոչ բոլորն են պատրաստ խզել կապերը Կրեմլի հետ։ Գերմանիան, որը Ռուսաստանի հետ ավանդապես ունի տնտեսական ամուր կապեր և փոխշահավետ գործարքներ, նկատել է տալիս, որ կտրուկ միջոցներն այնքան էլ ընդունելի չեն։

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ARD հեռուստակայանին ասել է, թե «Մեծ ութնյակը, փաստորեն, միակ ձևաչափն է, որի շնորհիվ Արևումտքը կարող է ուղիղ խոսել Ռուսաստանի հետ»։

ՆԱՏՕ-ի դիրքորոշումն էլ դեռ զուսպ է և հավասարակշռված։ Հյուսիսատլանտյան դաշինքը քննադատել է Ուկրաինա ռուսական զորք մտցնելու Մոսկվայի որոշումը և հայտարարել, որ ճանաչում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, սակայն ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրների պաշտպանության նախարարները ասել են, թե ունեն լրացուցիչ տեղեկությունների կարիք ամբողջ իրավիճակը ճիշտ գնահատելու համար։

ՆԱՏՕ-ն, այնուամենայնիվ, ունի ռուսների վրա ճնշում բանեցնելու բազմաթիվ միջոցներ։ Էրիք Էդելմանը, ով Ջորջ Բուշի նախագահության օրոք պաշտպանությնան նախարարի տեղակալն էր քաղաքականության հարցերով, ասել է, որ ի պատասխան Մոսկվայի գործողությունների՝ ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել 1997 թվականին ռուսներին տված խոստումից Արևելյան Եվրոպայի երկրներում սովորական ուժերի քանակը չավելացնելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG