Մատչելիության հղումներ

Սայաթ Նովա 25-ի միջանցիկ մուտքում շինարարություն սկսվեց


Սայաթ-Նովա 23 և 25 շենքերի միջանցիկ մուտքում այսօր առավոտյան արդեն շինարարական աշխատանքներ էին սկսվել՝ չնայած բնակիչների բողոքին:

Բնակիչները պնդում են, որ տարիներ շարունակ իրենց համար որպես մուտք ծառայած տարածքում կառուցապատողը փորձում է խանութ կառուցել: Մինչդեռ կառուցապատողը՝ որպես մուտքի սեփականատեր ներկայացած մի կին, խուսափեց տեսախցիկից և այդպես էլ չմեկնաբանեց, թե ինչով էին զբաղված շինարարները և փորձեց խոչընդոտել մեր աշխատանքը:

Նշենք, որ երկու շենքերի բնակիչները ապօրինի են համարում քաղաքապետարանի տրամադրած՝ մուտքում շինարարություն կատարելու թույլտվությունը: Բնակիչների ահազանգից ժամեր անց Ոստիկանության աշխատակիցները դադարեցրին շինարարությունը:

Այս պատմությունը սկսվել է դեռ 10 տարի առաջ, երբ դատարանի որոշմամբ Սայաթ Նովա 25 և 23 շենքերի միջանցիկ մուտքի սեփականատեր է ճանաչվել հայցվոր Արմեն Օհանջանյանը: Առաջին ատյանի դատարանի այս որոշումը հիմնավորվել է նրանով, որ համասեփականատեր հանդիսացող բնակիչները չեն օգտվում այդ մուտքից: Սակայն Վճռաբեկ դատարանը բեկանել է այս որոշումը, քանի որ պարզել է, որ բնակիչները մշտապես օգտվել են մուտքից, ուստի այն տիրազուրկ չէ: Դրանից հետո գործն ուղարկվել է Վերաքննիչ դատարան՝ նոր քննության: Վերաքննիչը գործը թողել է առանց քննության, քանի որ հայցվորը չի ներկայացել դատական նիստին:

«Հավանաբար հայցվորը հասկանալով, որ իրեն ձեռնտու չէ նոր դատավարական պրոցեսը, քանի որ ի հայտ եկած հանգամանքները՝ սեփականատերերի հայտարարությունն այն մասին, որ իրենք իրականում չեն հրաժարվել իրենց սեփականության իրավունքից, այսինքն հայցվորը որևէ իրավունք չուներ տիրազուրկ ճանաչելու գույքը, չի ներկայացել դատական նիստին: Դատարանն էլ գործը թողել է առանց քննության», - «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց «Ինթրա Վիրաս» իրավաբանական ընկերության փաստաբան Գևորգ Մարտիրոսյանը:

Եվ քանի որ գործը թողնվել է առանց քննության, փաստաբանի ձեւակերպմամբ՝ հայտնվել է փակուղում: Միակ լուծումը բնակիչների համար կրկին դատարան դիմելն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG