Մատչելիության հղումներ

Մեծ յոթնյակը չի մասնակցի Սոչիի գագաթնաժողովին


Ուկրաինա, Ղրիմ - Զինվորականները (ենթադրաբար` ռուսաստանցի) Սիմֆերոպոլին մերձակա Պերևալնոե գյուղի ռազմակայանի մոտ, 3-ը մարտի, 2014թ.

Ուկրաինա, Ղրիմ - Զինվորականները (ենթադրաբար` ռուսաստանցի) Սիմֆերոպոլին մերձակա Պերևալնոե գյուղի ռազմակայանի մոտ, 3-ը մարտի, 2014թ.

Արևմուտքը մտադիր է շատ խիստ հակադարձել Ռուսաստանի ագրեսիային։

Մոլորակի տնտեսապես առավել զարգացած յոթ երկրները հայտարարել են, որ չեն մասնակցելու այս տարվա հունիսին Սոչիում նախատեսված միջազգային գագաթնաժողովին։

Դեռ Բորիս Ելցինի նախագահության օրոք Ռուսաստանը միացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Մեծ Բրիտանիային, Կանադային, Ֆրանսիային, Ճապոնիային, Գերմանիային և Իտալիային, և այդպես կազմվել է Մեծ ութնյակը։

Հիմա` առնվազն ոչ պաշտոնապես, վերականգնվում է հին ձևաչափը՝ Մեծ յոթնյակը, և դա ուղղակիորեն արվում է ի պատասխան Ուկրաինա ռուսաստանյան ռազմական ներխուժման։

Սպիտակ տունը երեկ Միացյալ Նահանգների, Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի անունից հրապարակել է Մոսկվայի գործողությունները դատապարտող հայտարարություն, ըստ որի՝ դրանք հակասում են Մեծ յոթնյակի և Մեծ ութնյակի որդեգրած սկզբունքներին և արժեքներին։

Հայտարարությունում Ռուսաստանի քայլերը որակվում են որպես «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ակնհայտ ոտնահարում»։

Մեծ յոթնյակն իր հայտարարությամբ նաև հավաստիացրել է, որ կաջակցի Ուկրաինային Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ֆինանսական օգնություն ստանալու հարցի շուրջ բանակցություններում։

Այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ և քննարկելու է Ուկրաինայի խնդիրը։

Երեկ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին Ռուսաստանի գործողություններն անվանել է «աղաղակող ագրեսիա» և նախազգուշացրել, որ Ամերիկան և մնացած երկրները դրան շատ խիստ կարձագանքեն։

Հավանական պատժամիջոցների թվում են մուտքի վիզաների մերժումը, Ռուսաստանի հաշվեհամարների սառեցումը, առևտրի ոլորտում տուրքերի ավելացումը և ներդրումային տուգանքները։

«Պուտինն այս ամենից օգուտ չի ստանա։ Նա կարող է որոշ ժամանակ իր զորքը պահել Ղրիմում, բայց ի վերջո տանուլ կտա միջազգային ասպարեզում: Ռուսաստանն է կորցնելու, ռուս ժողովուրդն է կորցնելու, Պուտինն է կորցնելու այն ամբողջ փայլը, որ ձեռք է բերել 60 միլիարդ դոլարով Օլիմպիադա անցկացնելով, նա Սոչիում Մեծ ութնյակ չի կազմակերպի, եթե այսպես շարունակվի, նա ընդհանրապես Մեծ ութնյակում չի լինի», - ասել է Ջոն Քերրին։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հաղորդել է, որ վաղը Քերրին կմեկնի Կիև, որտեղ «Ուկրաինայի ժողովրդին կհայտնի Միացյալ Նահանգների աջակցությունը առանց օտար ուժերի միջամտության և սադրանքների սեփական ապագան կերտելու հարցում»։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը այսօր ասել է, որ «Ուկրաինայում ստեղծված վիճակը Եվրոպայում 21-րդ դարի ամենավտանգավոր ճգնաժամն է»։

Եվրամիության արտգործնախարարներն այսօր Բրյուսելում արտահերթ նիստում քննարկելու են Ուկրաինայի խնդիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG