Մատչելիության հղումներ

Ղրիմի հարցում Պուտինը Ռուսաստանում ընդդիմախոսներ գրեթե չունի


Ուկրաինա, Ղրիմ - Ենթադրաբար ռուսաստանցի զինվորականները Սիմֆերոպոլին մերձակա Պերևալնոե գյուղում, 3-ը մարտի, 2014թ․
Ուկրաինա, Ղրիմ - Ենթադրաբար ռուսաստանցի զինվորականները Սիմֆերոպոլին մերձակա Պերևալնոե գյուղում, 3-ը մարտի, 2014թ․

Ռուսաստանցիների մեծամասնության համար Ղրիմը ռուսական հող է, որի համար ռուս զինվորը արյուն է թափել:

Ռուսաստանում հարցումներ դեռ չեն անցկացվել, սակայն ակնհայտ է, որ ռուսաստանցիների մեծ մասը աջակցում է Ղրիմի հարցում երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը:

Դեմ են փոքր տոկոս կազմող ազատական հայացքներով մոսկվացիները, մեծ քաղաքների բնակիչների փոքր մասը:

Ռուսաստանցիների մեծամասնության համար Ղրիմը ռուսական հող է, որի համար ռուս զինվորը արյուն է թափել, և Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններն էլ ռուսաստանցիները դիտարկում են մոտավորապես այնպես, ինչպես հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկովն է ասում․ - «Ղրիմում ռուսները ապստամբում են խունտայի դեմ, նրանց դեմ, որ հեղաշրջման արդյունքում եկել են իշխանության, այդ թվում նաև նեոնացիստների դեմ»:

Պետք են նաև սահմանադրական փոփոխությունները, Ուկրաինայում անհրաժեշտ է ֆեդերացիա․ երբ երկրի շրջաններն այդքան տարբեր են, ֆեդերացիան ամենաճիշտ ելքն է, ասում է «Եդինայա Ռոսիա»-ն ներկայացնող պատգամավոր, քաղաքագետ Մարկովը:

Ի դեպ, երբ Վիկտոր Յանուկովիչը դեռ Կիևում էր, իսկ ընդդիմադիրները՝ Մայդանում, Մոսկվայում ռուսաստանցի քաղաքագետները հաճախ էին խոսում ֆեդերացիայի մասին: Այսօր, սակայն, Ղրիմը Ուկրաինայից տարանջատելու հարց է օրակարգում:

Արևմուտքը սպառնում է տնտեսական պատժամիջոցներով, ռուսաստանցիներն էլ չեն հավատում, որ Արևմուտքը կարող է կանգնեցնել Պուտինին:

«Պուտինն այսօր արևմտյան առաջնորդներին թույլ է համարում: Նա թույլ է համարում Օբամային, օրինակ, նա համարում է, որ ռուսների դեմ Արևմուտքը չի պատերազմի: Եվ իսկապես, արևմտյան երկրները չեն ուզում երրորդ համաշխարհային պատերազմ սկսել», - նշում է Սերգեյ Մարկովը:

Ռուսաստանցի մեկ այլ քաղաքագետ-մեկնաբանի՝ Սվանիձեի խոսքերով, սակայն, Պուտինը չի հասկանում, թե ինչ հետևանքներ կարող են լինել տնտեսական պատժամիջոցների արդյունքում: «Դժվար թե Արևմուտքն առանց լուրջ արձագանքի թողնի Ռուսաստանի նախագահի որոշումը՝ կլինեն և՛ քաղաքական, և՛ տնտեսական պատժամիջոցներ», - ասում է նա:

Ի դեպ, կիրակի օրը Մոսկվայում անցավ պատերազմի դեմ բողոքի ակցիա, որին, սակայն, մասնակցեց ընդամենը մի քանի հարյուր մարդ: Եվ նույնիսկ եթե ինտերնետում ռուսաստանցիների մի մասը ակտիվորեն քննադատում է Պուտինի որոշումը, իրականում երկրի ներսում այս հարցում Ռուսաստանի նախագահը ընդդիմախոսներ գրեթե չունի:

Ռուս-ուկրաինական հնարավոր պատերազմի ֆոնին այսօր փլուզվել է արժեթղթերի ռուսաստանյան շուկան: Միայն այսօր երկրի ընկերությունները կորցրել են 7-15 տոկոս։ «Գազպրոմ»-ը, օրինակ, կորցրել է շուրջ 12 տոկոս: Փորձագետների կարծիքով՝ սա ընդամենը սկիզբն է: Երկրում աճում են դոլարի և եվրոյի փոխարժեքները․ Մոսկվայում դոլարը վաճառվում է 40 ռուբլով, իսկ եվրոն՝ ավելի քան 52: Ռուսաստանն արդեն կորցրել է 2 տրիլիոն ռուբլի:

Երկրի կենտրոնական բանկը փորձում է միջոցներ ձեռնարկել իրավիճակը փրկելու համար: Վերլուծաբանները, սակայն, հոռետես են: Նրանց կանխատեսմամբ՝ այսպես շարունակվելու դեպքում կապիտալի ահռելի արտահոսք կլինի երկրից, արևմտյան ընկերությունները կհրաժարվեն անգամ արդեն սկսած ծրագրերից:

Ռուսաստանցի գործարարները հազիվ թե այնքան խիզախ գտնվեն, որ կարողանան ստիպել կամ համոզել Պուտինին հրաժարվել իր ծրագրերից․ կա Խոդորկովսկու և մի շարք այլ գործարարների տխուր օրինակը: Միաժամանակ, տնտեսական և քաղաքական պատժամիջոցների հետևանքները կարող են զգալի լինել անձամբ Պուտինի և նրա թիմակիցների համար:
XS
SM
MD
LG