Մատչելիության հղումներ

logo-print

Գալուստ Սահակյան․ «ՀԱԿ-ը այն ուժը չէ, որ կարող է համախմբել ընդդիմությանը»


ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյան , արխիվ

ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյան , արխիվ

Իշխող կուսակցության փոխնախագահի կարծիքով՝ ոչ մի հետևանք չի կարող ունենալ մարտի 1-ի նույնիսկ բազմամարդ հանրահավաքը:

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցությունը այն ուժը չէ, որ կարող է այսօր համախմբել ընդդիմությանը: «Ազատության» հետ զրուցում այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե չի բացառվում, որ խորհրդարանի չորս ոչ իշխանական ուժերը ինչ-որ մի պահի դնեն երկրի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը:

Ժամանակը նման խնդիր չունի, ասաց ՀՀԿ-ի փոխնախագահն ու ավելացրեց, որ նման կոչերը մտահոգության պատճառ չեն կարող լինել իրենց կուսակցությունում: «Որովհետև բավարար կարողությունների պակաս, քաղաքական շնչառության կորուստ, վերջին հաշվով՝ նաև ՀՀՇ-ն փոխել ՀԱԿ-ի՝ մոռացության տալու համար․․․ Ոչ իշխանական ուժերը երբևիցե չեն միավորվել, առավել ևս՝ դրանք բոլորովին այլ գաղափարախոսություն և սկզբունքներ ունեն, և ոչ էլ այդ խնդիրը իրականության մեջ կա», - ասաց Սահակյանը՝ շարունակելով․ - «Եվ հետո՝ չորս [ոչ] իշխանական ուժերը միասին երբ որ համախմբվում են, դառնում են ընդամենը իշխող կուսակցության 25-30 տոկոսը»:

«Այնպես որ, զինանոցը դատարկ է, քաղաքական խոսքը՝ պակաս», - նշեց ՀՀԿ-ի փոխնախագահը:

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, մարտի 1-ի հանրահավաքում իր ելույթում նշելով իշխանությունների բացթողումներն ու, իր որակմամբ, անշրջելի սխալները, նույնպես խոսեց իշխանափոխության անհրաժեշտության մասին:

«Փառապանծ գեներալի հանճարեղ բնորոշմամբ՝ վերջին բոլշևիկը պետք է հեռանա», - հայտարարեց առաջին նախագահը՝ ակնարկելով Երկրապահ կամավորականների միության վերջերս կայացած համագումարի ժամանակ միության նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի՝ Սերժ Սարգսյանին տված որակումը:

«Արմատական փոփոխությունների իրականացման մտքին աստիճանաբար հակվում են նաև պետական ապարատի որոշ շերտեր, ինչպես նաև խոշոր գործարարների առանձին ներկայացուցիչներ, որոնց այս կամ այն չափի մասնակցությունը համաժողովրդական պայքարին կարող է վճռական դեր խաղալ իշխանափոխության գործընթացում, ինչպես դա տեղի ունեցավ, ասենք, Վրաստանում և Ուկրաինայում։ Այս առումով սիմպտոմատիկ պետք է համարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված պատգամները», - հանրահավաքում իր ելույթում ասաց Տեր-Պետրոսյանը՝ հավելելով․ - «Թերահավատության անխուսափելի արձագանքներին միանգամից հակադարձեմ. ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց, ում հաջողվեց, շնորհիվ նաև Սաակաշվիլու խոհեմության, փափուկ իշխանափոխություն իրականացնել, կամ Ռենատ Ախմետովից ու Սերգեյ Տիգիպկոյից, ովքեր Յանուկովիչին թույլ չտվեցին արտակարգ դրություն հայտարարել Կիևում»։

Հանրապետականի փոխնախագահը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, թե լուրջ չի վերաբերվում այս համեմատականներին: «Բնականաբար լուրջ չեմ վերաբերվում, որովհետև լրջությունը ոչ թե սահմանվում է, այլ լրջությունը պիտի իրական դրսևորումներ ունենա: Բավարար չափով մեզ համար ընկալելի չէ այլ ժողովուրդների տրամաբանությամբ շարժվել առաջ, քանի որ մեր ազգային պետական խնդիրները լրիվ այլ հարթության մեջ են, մյուսներինը՝ լրիվ այլ հարթության», - ասաց Սահակյանը:

Իշխող կուսակցության փոխնախագահը կարծում է, որ ոչ մի հետևանք չի կարող ունենալ մարտի 1-ի նույնիսկ բազմամարդ հանրահավաքը: «Ժողովրդին ասելիք պիտի ունենաս, իսկ ժողովուրդը անընդհատ կրկնված ասելիքների տրամաբանության տակ գիտեն, որ հավաքվում են, հետո պիտի գնան իրենց տները: Որևէ, այդպես, հետևանքներ ձևավորել չի կարող», - պնդում է Գալուստ Սահակյանը:
XS
SM
MD
LG