Մատչելիության հղումներ

Յացենյուկ․ «Սա այլևս իմ երկրին հայտարարված պատերազմ է»


Ուկրաինացիները բողոքում են օկուպացիայի դեմ, Չերկասի, 2 մարտի, 2014թ.

Ուկրաինացիները բողոքում են օկուպացիայի դեմ, Չերկասի, 2 մարտի, 2014թ.

Արևմտյան երկրները Ռուսաստանին մեղադրում են ագրեսիա կատարելու մեջ։

Ուկրաինան պահեստայինների զորակոչ է հայտարարել


«Հաշվի առնելով հնարավոր ագրեսիայի վտանգը, ես հրամայել եմ մարտական պատրաստության բերել Ուկրաինայի զինված ուժերը»,- ասել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, զինված ուժերի հրամանատար և Գերագույն ռադայի նախագահ Օլեքսանդր Տուրչինովը։

Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Անդրիյ Պարուբին այսօր հանդիպել է լրագրողներին։

«Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշել է` առաջին. գլխավոր շտաբի պետը և զինված ուժերի հրամանատարը, մնացած ստորաբաժանումների հրամանատարներն անմիջապես բանակը բերում եմ մարտական պատրաստության։ Երկրորդ. Ուկրաինայի ԱԳՆ-ը անմիջապես պետք է դիմի Բուդապեշտի պայմանագիրը ստորագրած երկրներին՝ ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությանը՝ Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորելու խնդրանքով»,- ասել է Պարուբին։

Ի՞նչ է Բուդապեշտի հուշագիրը


Այստեղ պարզաբանենք, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ուկրաինան իր տարածքում տեղակայված միջուկային զենքը կամավոր հանձնել է Ռուսաստանին և ստորագրել է Միջուկային զենքի չտարածման միջազգային պայմանագիրը։

Դրա դիմաց Ուկրաինան, Միացյալ Նահանգները, Բրիտանիան և Ռուսաստանը 1994 թվականի դեկտեմբերի 5-ին Բուդապեշտում կնքել են առանձին հուշագիր, որի համաձայն, կողմերը ճանաչում են Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը` ստորագրման պահի առկա սահմաններում, հրաժարվում են ուժ կիրառել Ուկրաինայի նկատմամբ, պարտավորվում են քաղաքական նպատակներով չկիրառել տնտեսական պատժամիջոցներ, ղեկավարվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներով այն դեպքում, եթե Ուկրաինան ենթարկվի միջուկային գրոհի, այդպիսի զենք Ուկրաինայի նկատմամբ չկիրառել, համատեղ քննարկումներ անցկացնել, եթե ի հայտ գան հարցեր հուշագրում նշված պայմանավորվածությունների վերաբերյալ։

Ի դեպ, պետք է նշել, որ Բուդապեշտի հուշագիրը ստորագրվելուց հետո չի վավերացվել, ինչը Մոսկվային տալիս է իրավունք պնդելու, որ այն, փաստորեն, ուժի մեջ չի մտել։

«Սա կարմիր գիծն է»


Մինչդեռ, իրավիճակը թեժանում է։ Այսօր հատուկ հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը։

«Սա կարմիր գիծն է, սա սպառնալիք չէ, սա այլևս իմ երկրին հայտարարված պատերազմ է։ Մենք կոչ ենք անում նախագահ Պուտինին հետ քաշել զորքերը և հավատարիմ մնալ միջազգային պարտավորություններին, երկկողմ և բազմակողմ համաձայնագրերին, որոնք կնքել են Ուկրաինան և Ռուսաստանը»,- ասել է Յացենյուկը։

Ենթադրվում է, որ այսօրվա դրությամբ ռուսները Ղրիմում իրենց զինծառայողների թիվը հասցրել են մոտ 15 հազարի։

Մոսկվան այս գործողությունները բացատրում է Ղրիմի բնակչության ռուսախոս մեծամասնության, ինչպես նաև Սևծովյան ռազմական նավատորմի զինծառայողների անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ։

Հյուսիսատլանտյան խորհուրդը նիստ է գումարել


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը դատապարտել է Մոսկվայի քայլերը։

«Ուկրաինան մեր հարևանն է և ՆԱՏՕ-ի վստահելի գործընկերը, մենք բոլոր կողմերին հորդորում ենք անհապաղ ձեռնարկել վտանգավոր իրավիճակներից զերծ մնալու միջոցներ, մասնավորապես, Ռուսաստանին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը»,- այսօր Բրյուսելում ասել է գլխավոր քարտուղարը։

«Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հանդեպ ուժի գործադրումը միջազգային իրավունքի խախտում է և հակասում է ՆԱՏՕ - Ռուսաստան խորհրդի և Գործընկերություն հանուն խաղաղության սկզբունքներին: Ռուսաստանը պետք է հարգի իր պարտավորությունները ՄԱԿ-ի կանոնադրության և ԵԱՀԿ-ի սկզբունքների առջև: Սրանց վրա է հիմնվում Եվրոպայի խաղաղությունն ու կայունությունը», - ասված է, մասնավորապես, Հյուսիսատլանտյան դաշինքի կիրակի օրը ընդունած հայտարարությունում, որը երեկոյան հրապարակել է Ռասմուսենը:

ՆԱՏՕ-ի գործադիր կառույցը` Հյուսիսատլանտյան խորհուրդը, նիստ է գումարել Լեհաստանի պահանջով։ Լեհերը Ռուսաստանի ներխուժումը հարևան Ուկրաինա իրենց համար սպառնալիք են որակում։

Նախօրեին Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հեռախոսով զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ասել, որ Մոսկվայի կողմից միջազգային օրենքների շարունակվող ոտնահարումը կհանգեցնի Ռուսաստանի քաղաքական և տնտեսական մեկուսացման։

Միացյալ Նահանգները, Կանադան և Ֆրանսիան արդեն սառեցրել են Սոչիում հունիսին նախատեսված Մեծ ութնյակի գագաթնաժողովին նախապատրաստվելու աշխատանքը։

Վաղը Եվրամիության արտգործնախարարները Բրյուսելում արտակարգ ժողովում կքննարկեն Ուկրաինայի վիճակը։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգն այսօր կմեկնի Կիև։ Նա ասել է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտված է։

«Ո՜չ պատերազմին»


Մոսկվայում մի քանի տասնյակ ակտիվիստներ անցկացրել են ցույց «Ո՜չ պատերազմին» կարգախոսով։

«Ես եկել եմ պաշտպանության նախարարության շենքի մոտ` բողոքս հայտնելու Ուկրաինա կատարված ներխուժման դեմ, հավատում եմ, որ Ղրիմն ինքը պետք է ընտրություններով որոշի իր պատկանելության հարցը»,- ասել է Ելենա Բեզրուկովան։

«Մենք չենք ուզում, որ Ռուսաստանի իշխող վերնախավի կայսերական պատվախնդրության պատճառով պատերազմ սկսվի մեր երկրի և Ուկրաինայի միջև, որը մենք եղբայրական պետություն ենք համարում»,- ասել է Ռոման Կորոլյովը։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին այսօր Ռուսաստանին դատապարտել է «Ուկրաինայում աղաղակող ագրեսիա կատարելու» համար։

Այսօր Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր հավատացյալներին խնդրել է աղոթել Ուկրաինայում խաղաղության համար։

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ ասել է, թե բանակն Ուկրաինայում կիրառելու որոշում դեռ չկա, և դրա ընդունումը կախված է այդ երկրում իրադարձությունների ընթացքից:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG