Մատչելիության հղումներ

Մարտի 1-ից վեց տարի անց սպանություններն անպատիժ են մնում


Վեց տարի առաջ այս օրը՝ մարտի 1-ին, Երևանի կենտրոնում սպանված 10-ը զոհերի համար մինչ օրս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:

Մինչ Ռոբերտ Քոչարյանը իշխանությունը փոխանցում էր Սերժ Սարգսյանին, ընդդիմությունը շարունակում էր պայքարը՝ դժգոհելով ընտրակեղծիքներից:

2008 թվականի փետրվարի 29-ին Երևանի պետական համալսարան այցելելով՝ Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ դիրքորոշում հայտնեց Ազատության հրապարակում շարունակվող պայքարի մասին․ - «․․․Ոստիկանական գործողություններ կիրառելով՝ մաքրել այդ հրապարակը և այդ նաև ժողովրդին հնարավորություն տալ ավելի հանգիստ ապրել: Ես կարծում եմ, այսօր դա մեծ աջակցություն կլինի առաջին հերթին այն մարդկանց, որոնք մոլորված և հոգեբանական բավական ապրումների մեջ գտնվում են այդ հրապարակում: Որովհետև տարբեր հնարքներով ուղղակի իրենց այնտեղ պահում են»:

Ոստիկանությունը «մաքրեց» Ազատության հրապարակը


2008 թվականի մարտի 1-ին, 6:15-ին, ոստիկանությունն անցավ Ազատության հրապարակում քնած ցուցարարներին ցրելու գործին: Ազատության հրապարակում էին հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում՝ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ժամեր անց ցուցարարները Մյասնիկյանի հրապարակում՝ Իտալիայի, Ֆրանսիայի դեսպանատների մոտ հավաքված՝ ուժայիններից պաշտպանվելու համար կեսօրին մոտ կառուցեցին բարիկադներ: Երկու ժամ անց քաղաքապետարանի մոտ հայտնվեց առաջին զրահապատ մեքենան: Մեկ ժամից, տեղի տալով ցուցարարների պահանջներին, ոստիկանական ուժերը ստիպված հեռացան: Ոստիկանական «Վիլիս» - ը քշեց ժողովրդի վրա` վիրավորելով մի քանի քաղաքացու: «Վիլիսն» այրվեց, իսկ ոստիկանները փախան:

Փաստահավաք խմբին, խորհրդարանական հանձնաժողովին ներկայացված պնդումներից է, որ մարտի մեկին, ժամը 16-ից հետո Պաշտպանության նախարարության համարանիշներով մեքենաները` զորքերով լիքը, տեղակայվել են Հանրապետության հրապարակին հարակից տարածքում, իսկ օլիգարխների թիկնազորը և բանակը Մելիք-Ադամյան փողոցի վրա զինվել են ավտոմատներով:

«Չերյոմուխա-7»


Անցյալ տարիներին մամուլը հեղեղվել է վկայություններով, որ 2008-ի մարտի մեկին, ժամը 20-ի սահմաններում ավտոմատներով զինված դիմակավորներ են հայտնվել Մաշտոցի կամրջի մերձակայքում: Իսկ ժամը 21-ի սահմաններում Ձկան խանութի մոտից ոստիկանները շարժվել են Մյասնիկյանի արձանի ուղղությամբ՝ կիրառելով «Չերյոմուխա» հատուկ միջոցը, նաև՝ հրազեն:

Մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրություն հայտարարելու որոշման նախազգուշացումն ազդարարեց այն ժամանակ արտգործնախարար, հիմա որպես այլընտրանքային քաղաքական ուժ հանդես եկող «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը: Նա, մասնավորապես, ասում էր, թե փողոց դուրս եկած մարդիկ «անկարգություններ են իրականացնում»:

Օսկանյանը, մասնավորապես, ասաց․ - «Եթե այդ ապօրինի արարքները շարունակվեն, բոլոր հրամանագրերը պատրաստ են հայտարարելու արտակարգ դրություն»:

Մի քանի ժամ հետո Քոչարյանը հայտարարեց արտակարգ դրություն: Արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը դեռ վիճարկվում է Եվրոպական դատարանում:

Ավելի վաղ Քոչարյանն ասել էր, թե սկսել են թալանել խանութները: Մարտին 1-ի գործով մեղադրված քաղաքական գործիչները դատարաններում պնդում էին, որ թալանը եղել է Քոչարյանի հայտարարությունից հետո:

Ոստիկանների գործողությունների գնահատում


2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ 10 անձանց սպանության գործը, ըստ իրավապահների, դեռ նախաքննության փուլում է: 2009 թվականի հուլիսին հարուցվեց առանձին քրեական գործը հատուկ միջոցների հետ վարվելու կանոնները խախտելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:

Հանրությունը դեռ տեղյակ չէ «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցներ կիրառելու համար 4 ոստիկանի նկատմամբ հարուցված քրեական գործի ելքից: «Չերյոմուխա-7» հատուկ միջոցը ոստիկանները, ըստ կանոնների, իրավունք ունեին կիրառել՝ կրակելով բացառապես պատերին կամ գետնին, սակայն կրակել են 23-ամյա Տիգրան Խաչատրյանի, 28-ամյա Գոռ Քլոյանի և 34-ամյա Արմեն Ֆարմանյանի ուղղությամբ՝ սպանելով նրանց:

Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի հանրապետական ղեկավար Սամվել Նիկոյանը չէր վարանում հայտարարել, թե ոստիկանության գործողությունները մարտի 1-ին եղել են «իրավաչափ»:

Մինչդեռ, մարդու իրավունքների պաշտպանի՝ 2008 թվականի զեկույցի մեջ նշված էր․ - «Առավել մտահոգիչ ենք համարում 2008 թվականի մարտի 1-ից 2-ը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից դրսևորած ոչ իրավաչափ վարքագիծը, որը զուգորդվել է բռնություններով, խոշտանգումներով, զանգվածային ձերբակալություններով»: Ռոբերտ Քոչարյանն այս զեկույցի հեղինակ, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանին որակեց որպես իր «ամենաանհաջող կադր»: Որևէ քաղաքական հայտարարության հետևանքով մարտի 1-ի սպանությունների համար պատասխանատվություն չկրեց որևէ անձ:

Դատապարտված ընդդիմադիրներ


Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ պատասխանատվություն կրեցին քաղաքացիական անձինք: Ընդդիմադիր հայացքներով հայտնի 65 անձ դատապարվեց ազատազրկման, 6-ը` արդարացվեց, իսկ Շանթ Հարությունյանը ճանաչվեց անմեղսունակ: Ավելի ուշ ազատազրկվածներից 28-ին ներում շնորհվեց ՀՀ նախագահի անունից, 26-ը համաներմամբ ազատվեց պատիժը չկրած մասից: Եվրոպական դատարան բողոքներ են գրել տասնյակ ընդդիմադիրներ և մարտի 10-ի զոհերից 9-ի իրավահաջորդներ

«Նոր թափ»


Մինչ Եվրոպական դատարանը շարունակում էր քննել մարտի մեկի գործով բողոքները, 2011թվականին Հայաստանի նախագահի նստավայրում ապրիլի 20-ին խորհրդակցություն հրավիրելով՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե հանձնարարական է տալիս ավելի մանրակրկիտ և հանգամանորեն անդրադառնալ մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել էր, որ հարցը անձնապես իր համար «շատ կարևոր» է. - «Ձեզ ուղղված իմ պահանջն է` կրկին և առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ ըստ ձեզ որևէ նոր բան չի կարող լինել: Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել»: Այս հայտարարությունից հետո էլ իրավապահների գործունեության որևէ արդյունք մինչ օրս չկա:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG