Մատչելիության հղումներ

logo-print

Ազատամարտիկները պայքարի և համախմբման կոչեր հնչեցրեցին


Այսօր մեծ թվով ազատամարտիկներ հավաքվել էին Մարտիրոս Սարյանի արձանի մոտ, որտեղ ելույթներ ունեցան նրանց առաջնորդները, հնչեցրեցին համախմբման և արդարության համար պայքարի կոչեր և ժամը 15-ին միացան Ազատության հրապարակի հանրահավաքին։

Ազատամարտիկները նշեցին, որ իրենց այսօրվա հավաքն իր մասշտաբով աննախադեպ է՝ չնայած այն բանին, որ բազմաթիվ ազատամարտիկներ մարզերում լինելու պատճառով չեն կարողացել միանալ։

«Այն, ինչ կիսատ է մնացել մեր պայքարում, մենք պարտավոր ենք այս գարնանը լրացնել»,- ազատամարտիկների հարթակից ելույթ ունեցավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով նշեց, որ գնալու է Ազատության հրապարակ։

«Մենք պետք է հավաքվենք կռվող տղերքով և մեր որոշումը կայացնենք, թե ուր ենք գնում, որովհետև այլևս այսպես ապրելու իրավունք չունենք»,- ասաց ազատամարտիկ Սուրիկ Սարգսյանը։

«Սրանից վեց տարի առաջ տականքը կրակեց հայ ժողովրդի վրա, տասը մարդու կյանք խլեցին։ Եվ արդեն վեց տարի է՝ օրեցօր Հայաստանը գահավիժում է դեպի անդունդ։ Այսօրվանից սկսած մենք պետք է որոշենք, թե ինչ Հայաստանում ենք ապրելու»,- հավելեց Սարգսյանը։

Մենք ոչ թե նվնվում ենք, այլ մռնչում, իր ելույթում նշեց Թալինից ժամանած մեկ այլ ազատամարտիկ։

Ազատամարտիկներից Ռազմիկ Պետրոսյանն էլ ասաց, որ իրենք համախմբվել են և համախմբելու են նաև քաղաքական դաշտը՝ Հայաստանում նոր, իրական ընտրությունների անցկացնելու նպատակով։ Նրանք մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի տասը զոհերի հիշատակը, ապա միացան Ազատության հրապարակի հանրահավաքին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG