Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյան․ «Հայաստանը բանակցում է աշխատանքային խմբի հետ»


Տարիների ընթացքում մաքսատուրքերի բարձրացումը ցավոտ չի լինելու և գնաճային ճնշումներ չեն լինելու կամ լինելու են մինիմալ, «Ազատությանը» տված հարցազրույցում այսօր ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ վերջնական պատկերը, այդուհանդերձ, պարզ կլինի բանակցություններից հետո:

«Եթե որևիցե բանակցային գործընթաց չլինի, և ընդհանրապես մաքսատուրքերի վերանայումներ չլինեն, առավելագույն գնաճը, որ կարող է լինել, եթե մենք կիրառենք Մաքսային միության մաքսատուրքերը, դա 1.4 տասնորդական տոկոսն է», - պարզաբանեց գործադիրի ղեկավարը, - «Հայաստանը բանակցում է աշխատանքային խմբի հետ, որում ներառված են նաև Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի մասնագետները, որպեսզի Հայաստանի համար լինի անցումնային փուլ և մաքսատուրքերը մեզ համար ավելի սահուն կերպով փոփոխվեն»:

Հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանը հավաստիացրել էր, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո կտրուկ գնաճ չի լինի: Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն էլ ներկայացնելով կառավարության գնահատականը, ասել էր, որ անդամակցության պատճառով առաջացող գնաճը չի գերազանցի 1.5 տոկոսը:

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու առնչությամբ քաղաքական շրջանակներում մտահոգություն կա, որ այդպիսով մեր երկիրը կկորցնի ինքնիշխանությունը: Ավելին՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը հայտարարել էր, որ Եվրամիության հետ առևտրային բանակցություններ հետայսու Հայաստանի փոխարեն կվարի Մաքսային միությունը:

«Ազատության» հարցին՝ վարչապետը նման մտահոգություն չունի՞, Տիգրան Սարգսյանը արձագանքեց․ - «Իսկ եթե դուք դառնայիք Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի պայմանագրի անդամ, այդ դեպքում մեր փոխարեն ո՞վ էր բանակցություններ վարելու, չէ՞ որ դուք ստանձնում էիք միջազգային պարտավորություններ և դա նշանակում է, որ սահմանափակում էիք ձեր ազատ ընտրության հնարավորությունը: Ցանկացած միության մեջ մտնելը ենթադրում է, որ դուք սահմանափակում էիք ձեր գործողությունները, քանի որ այսուհետև ձեր գործողությունները պետք է համաձայնեցված լինեն այդ միության մնացած բոլոր անդամների հետ»:

Բնականաբար, մինչև նման որոշում կայացնելը կշռադատել ենք դրական ու բացասական կողմերը, հավելեց գործադիրի ղեկավարը․ - «Նպատակահարմա՞ր է արդյոք գնալ ազատության որոշակի սահմանափակումների՝ ստանալով առավելություններ, թե՞ նպատակահարմար չէ: Հիմա մեր բոլոր քննարկումները և ուսումնասիրությունները բերեցին միանշանակ այն եզրահանգման, որ Մաքսային միության անդամակցությունը ընդհանուր առ մամբ դրական է ազդելու մեր երկրի զարգացման վրա»:

Որոշակի զիջումների ու սահմանափակումների մասին խոսելով, վարչապետը բերում է Եվրամիության անդամ երկրների օրինակը․ - «Ինչո՞ւ հրաժարվեցին եվրոպական պետությունները իրենց ազգային արժույթը ունենալուց, ինչո՞ւ հրաժարվեցին ինքնուրույնաբար դրամավարկային քաղաքականության իրականացման լիազորությունից, որովհետև նրանք քաջ գիտակցում էին, որ միավորվելով՝ բոլորը կշահեն: Դրա համար մարդիկ գիտակցաբար գնում են այդ քայլերին, որովհետև բոլորն էլ մտածում են իրենց պետության, իրենց քաղաքացիների շահերի մասին»:

Վարչապետը համոզված է, որ Մաքսային միությանն անդամակցելու քաղաքական որոշումը բխում է ժողովրդի շահերից: Հնարավո՞ր է, որ անդամակցելուց հետո Հայաստանը ստիպված լինի հրաժարվել ազգային արժույթից:

«Գիտեք, դա շատ տեսական հարց է այսօր, որովհետև օրակարգում նման հարց չկա: Դա ինտեգրացիայի վերջին փուլն է, երբ որ երկրների տնտեսական զարգացվածության աստիճանները լինում են իրար հետ համադրելի, երբ որ բոլոր տնտեսական հիմքերը ստեղծվում են նման քայլի համար»

Տիգրան Սարգսյանի կարծիքով, այսօր դեռ վաղ է դրա մասին խոսել:
XS
SM
MD
LG