Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինայի հետ հարաբերությունները կշարունակվեն՝ «անկախ ուկրաինացիների ընտրությունից»


Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյան

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյան

Հայաստանը շարունակելու է իր հարաբերությունները Ուկրաինայի հետ՝ անկախ ուկրաինացի ժողովրդի ընտրությունից, շաբաթ օրը կառավարության մամուլի կենտրոնում հայտարարեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ արձագանքելով «Ազատության» հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանի իշխանությունը Ուկրաինայի նոր իշխանության նկատմամբ:

Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությունից և Կիևից արդեն նախկին նախագահ Յանուկովիչի փախուստից անցել է մեկ շաբաթ, սակայն մինչ օրս Հայաստանը ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի, ո՛չ էլ արտգործնախարարի մակարդակով դիրքորոշում չի հայտնել, թե ի՞նչ հարաբերություններ պետք է ունենա պաշտոնական Երևանը ուկրաինական նոր իշխանությունների հետ:

Ուկրաինայի հետ հետագա հարաբերությունների մասին շարունակում է լռություն պահպանել նաև Ռուսաստանի նախագահ Պուտինը։ Այդ պատճառով հայաստանյան ընդդիմադիր դաշտից քննադատություն է հնչում, թե Հայաստանի իշխանությունները սպասում են Կրեմլի դիրքորոշման հստակեցմանը, որից հետո նոր դիրքորոշում կհայտնեն:

«Մենք համարում ենք, որ անկախ Ուկրաինայի ընտրությունից մենք մեր հարաբերությունները շարունակելու ենք։ Սա է մեր դիրքորոշումը։ Այսինքն խնդիրն այն չէ, որ մենք ընդհատել ենք և նորից պիտի սկսենք։ Ո՛չ, դա Ուկրաինայի ընտրությունն է, և անկախ ընտրությունից մեր հարաբերությունները շարունակելու ենք»,- ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

«Հաշվի առնելով, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանը բավականին բացասական դիրքորոշում ունի Ուկրաինայի նոր իշխանությունների նկատմամբ, կարո՞ղ է դա իր ազդեցությունն ունենալ հայ-ուկրաինական հարաբերությունների վրա»,- հարցրեցինք Հայաստանի փոխարտգործնախարարին:

«Հայաստանի Հանրապետության շահերից է բխում շարունակել Ուկրաինայի հետ համագործակցությունը, հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Մենք ունենք միջկառավարական հանձնաժողով, ուղղակի այս իրավիճակը կարող է ինչ-որ չափով հետաձգել... բայց ոչ մեր պատճառով, այլ բուն Ուկրաինան այսօր պատրաստ չէ, որովհետև նորից է ձևավորվում գործադիր իշխանությունը, մայիսին ընտրություններ տեղի կունենան։ Ինչ-որ հարցեր կան, որոնք կհետաձգվեն, բայց ոչ թե պայմանավորված Հայաստանի դիրքորոշումով, այլ որովհետև Ուկրաինայի ներքին իրավիճակով»,- պատասխանեց Քոչարյանը։

Երկու օր առաջ արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Ազատությանը» փոխանցել էր, որ Հայաստանի դեսպանը գտնվում է Կիևում և «ուշադրությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը»:

Վիկտոր Յանուկովիչի վարչակազմին սատարած Ռուսաստանը, ինչպես հայտնի է, ետ է կանչել իր դեսպանին Կիևից:

Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը և փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության մամուլի կենտրոնում այսօր հանդիպել էին լրագրողների հետ՝ խոսելու Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացից:

Մինասյանը տեղեկացրեց, որ մարտի 11-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի ու միության անդամ երեք երկրների նախագահները, ուր և որոշում կկայացվի Մաքսային միությանը մեր երկրի անդամակցության պայմանագրի մշակման մասին:

Շավարշ Քոչարյանը կարծիք հայտնեց, թե առավելագույնը այս ապրիլի կեսերին Հայաստանը ավարտած կլինի «Ճանապարհային քարտեզի» բոլոր դրույթների իրականացումը և պատրաստ կլինի միությանը անդամակցելու վերաբերյալ պայմանագրի կնքմանը:

«Իսկ այդ պայմանագիրը լինելու է միայն ռուսերենո՞վ, թե՞ նաև հայերենով»,- հետաքրքրվեցինք Քոչարյանից:

«Մաքսային միությանը միանալու պայմանագիրը պարտադիր պետք է թարգմանվի, մինչև Ազգային ժողով գալը, իսկ կկնքվի բոլոր չորս պետությունների լեզվով, թե միայն աշխատանքային ռուսերենով, դա դեռ որոշված չէ։ Կամ պիտի լինի չորս լեզուներով, կամ ընդունված միջազգային լեզվով՝ ռուսերենով»,- պատասխանեց Շավարշ Քոչարյանը։
XS
SM
MD
LG