Մատչելիության հղումներ

Հյուսիսային պողոտան նորոգելու համար միլիոնավոր դոլարներ են պահանջվում


2007-ի վերջին շահագործման հանձնված Հյուսիսային պողոտան այսօր արդեն նորոգվում է, քանի որ բետոնե հատակը 6 տարվա ընթացքում հասցրել է մաշվել։

Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ 5-6 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումը կատարում է մասնավոր հատվածը, մասնավորապես «Տաշիր գրուպը», ոչ թե քաղաքապետարանը։

«Կավելանան կանաչ տարածքներ, նստարաններ, ամբողջությամբ արտաքին լուսավորությունը կփոխվի, ստորգետնյա անցումների համար էլեկտրական շարժասանդուղքներ կտեղադրվեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը։

Հարցին թե ճի՞շտ է, որ փոխարենը «Տաշիր գրուպը» ստանալու է ստորգետնյա կայանատեղիի 2-րդ հարկը, փոխքաղաքապետն ասաց, որ քաղաքապետը «Տաշիր գրուպին» թույլտվություն է տվել ողջ կայանատեղին վերածելու առևտրի և զվարճանքի տարածքի։

Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածը ի սկզբանե նախատեսված էր այնտեղ բնակվող մարդկանց մեքենաների կայանման համար, բայց քանի որ քիչ են բնակիչները, քիչ են նաև մեքենաները, արդյունքում՝ տարածքը մութ է և ամայի, տեղ-տեղ այն աղբանոց է հիշեցնում և գարշահոտից դատելով՝ ծառայում է որպես զուգարան։

«Հյուսիսային պողոտայի վերին հատվածում մենք ոչ մի սրճարանային կամ ժամանցային տարածք չենք հատկացնում, այն ամբողջությամբ թողնում ենք որպես պուրակ երևանցիների համար, ստորգետնյա հատվածում, եթե կա հնարավորություն որևէ սրճարան կամ ժամանցի գոտի կառուցելու, կարծում եմ, որ այն ոչ մի առումով չի խոչընդոտի Հյուսիսային պողոտա զբոսավայրին»,- ասաց Օհանյանը։

«Բարև Երևան» դաշինքից ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը կարծում է, որ եթե գործարարը, որպես բարեգործություն, ներդրում է անում քաղաքում, ապա կարելի էր ներդրումն ուղղել այլ ոլորտ, ոչ թե Հյուսիսային պողոտա։

«4-5 միլիոն սալիկապատման ու լուսավորման համար աբսուրդ թիվ է, այնինչ մենք այսօր ունենք շատ լուրջ խնդիրներ. Մարդիկ վթարային շենքերում են ապրում։ Երևանի քաղաքաշինության պատասխանատուները չգիտե՞ն՝ որտեղ ավելի ճիշտ կլինի ներդրումներն անել։ «Տաշիր գրուպը» իր բիզնես շահն է հետապնդում, ներդրումն անում է, հետ ստանալու համար», - ասաց Դավիթ Սանասարյանը։

Ըստ քաղաքապետարանի՝ հուլիսի վերջին կատարվող պողոտան արդեն բոլորովին նոր տեսք կունենա ներառյալ՝ նոր լուսավորության համակարգ, ինչն անհրաժեշտ է, ենթադրաբար այն պատճառով, որ տարածքի շենքերի բնակարանների լույսերը ո՛չ ուշ երեկոյան, ո՛չ գիշերը չեն վառվում, փողոցային լամպերի լույսն էլ բավարար չէ փողոցը բնակեցված փողոցների նման լուսավորելու համար։

«Այս անգամ արդեն հատակը շատ ամուր է լինելու, պատվելու է գրանիտե սալիկներով», -ասաց Դավիթ Օհանյանը։ Իսկ հարցին, թե ինչու՞ 2007-ին կառուցված հատակը այդքան կարճ կյանք ունեցավ, պատասխանեց. - «Մեզ մոտ աշխատանքները կատարելիս պետք է հաշվի առնեն մեր բնակլիմայական պայմանները և ամեն դեպքում, կարծում եմ մի քիչ շտապողականություն է եղել»։

«Հյուսիսային պողոտայի հատակը կառուցվել է այնքան անորակ, որքան այսօրվա ասֆալտն է արվում»,- հակադարձեց Դավիթ Սանասարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG