Մատչելիության հղումներ

Գյումրիում գործող մի քանի բանկերում «Ազատության» թղթակցի կատարած հարցումներից պարզվել է, որ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են արտասահմանից կատարվող դրամական փոխանցումները (տրանսֆերտները):

Բանկերում, ճիշտ է, այդ մասին միայն բանավոր տեղեկություններ էին տրամադրում: Կանխատեսում էին նաև, թե առաջիկա ամիսներին տրանսֆերտների ծավալը է՛լ ավելի կնվազի՝ կապված ՌԴ միգրացիոն նոր օրենքի կիրառման հետ:

Տնտեսագետ Կարեն Պետրոսյանի վերլուծությամբ՝ այդ օրենքի կիրառման արդյունքում արտագնա աշխատանքի մեկնողների թիվը մոտ կիսով չափ կկրճատվի․ - «Մոտավորապես 30-50 տոկոս կրճատումների մասին է խոսքը: Իսկ դա, եթե փորձենք համադրել մեր ներքին տրանսֆերտների տարբեր գնահատումների հետ, մոտավորապես մեկ միլիարդ դոլարի մասին է խոսքը: Սա նշանակում է, որ մենք ավելի աղքատ ենք դառնում, այդ միջոցները էլ չենք ստանում և, բնականաբար, չենք կարողանում ծախսել: Եթե չենք կարողանում ծախսել, նշանակում է, որ մեր վճարունակ պահանջարկը տնտեսության մակարդակով նվազում է: Իսկ վճարունակ պահանջարկի նվազումը բերում է մի շարք բացասական հետևանքների»:

Ընդհանուր առմամբ Հայաստանում տրանսֆերտների ծավալը կազմում է շուրջ 2․4 մլրդ դոլար: Դրանց կրճատումը, ըստ Պետրոսյանի, կհանգեցնի աղքատության ցուցանիշի աճին․ - «Աղքատացումը ունի իր բացասական հետևանքները տնտեսության համար: Ինչքան հասարակությունն աղքատ է դառնում, այնքան հասարակության մեջ ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու կարողությունը կրճատվում է»:

Ինեկոբանկի Գյումրիի մասնաճյուղի կառավարիչ Էդուարդ Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Տրանսֆերտների ծավալների նվազեցման դեպքում պարզ է, որ մեր ժողովրդի գնողունակությունը կվատանա, կնվազի մեր ապրանքաշրջանառության ծավալը մարզում և հանրապետությունում»:
XS
SM
MD
LG