Մատչելիության հղումներ

Պարտադիրի պահումները չկատարած հաշվապահները ենթարկվում են «հոգեբանական ճնշման»


Շատերն այն հաշվապահներից, ովքեր անցած ամիս, հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի որոշումը, չեն կատարել պարտադիր կուտակային կենսաթոշակային պահումները, այս ամիս էլ չեն պատրաստվում դա անել:

Պետեկամուտների կոմիտեում (ՊԵԿ), մինչդեռ, անցած ամսվա վճարները չկատարելու համար տույժեր են հաշվարկվել:

«Այն հաշվապահները, ովքեր գնացել են ու հարկայինից փորձել են վերցնել իրենց պարտք ու պահանջի, մնացորդների վերաբերյալ տեղեկանքները, այնտեղ կուտակայինի կողքը հաշվարկված են եղել տույժեր», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Իքս Արթ» ընկերության հաշվապահ Լուսինե Վատյանը: - «Տույժերը հաշվարկում են: Դա բացատրում են հարկային մարմիններում, որ դա մեխանիկական և ծրագրային զուտ տեխնիկական թյուրիմացություն է»:

Օրենքի դեմ պայքարողները կարծում են, որ սա նմանվում է արդեն հոգեբանական ճնշման. որոշ հաշվապահներ, տեսնելով, որ ՊԵԿ-ը տույժեր է հաշվարկել, ավելի երկար կմտածեն այս ամսվա աշխատավարձից կուտակային կենսաթոշակային պահումները կատարել-չկատարելու ուղղությամբ:

Նրանք վստահ են, որ գործատու - աշխատող - հաշվապահ եռանկյունում քաոսային վիճակն առաջացել է ՊԵԿ-ի պատճառով հունվարի վերջին, երբ կոմիտեն հաշվետվության էլեկտրոնային նոր ձև մտցրեց` պարտադիր կուտակային կենսաթոշակի դաշտով: ՊԵԿ-ն անպատասխան է թողել օրենքի դեմ պայքարողների` այդ դաշտն ապակտիվացնելու պահանջը:

«Հունվարի 24-ից առ այսօր ինքը պետք է որ ժամանակ ունենար և տույժերի մասով ծրագրային խնդիրները լուծեր: Կարծում եմ, որ շուտով ՊԵԿ-ը պետք է կա’մ հանդես գա որևէ պարզաբանմամբ, կա’մ պաշտոնական ինչ-որ տեղեկություն տա, կա’մ էլ ես կոչ եմ անում, որ գրավոր դիմենք ՊԵԿ-ին և պահանջենք պատասխան, թե ինչու են տույժեր հաշվարկում», - նշեց Վատյանը:

Պահումներ չարած հաշվապահներից ոմանք սոցիալական ցանցերում գրառումներ են թողնում տույժերի վերաբերյալ՝ գրելով, որ այսպիսի ճնշումներով մարդկանց դրդում են թեժացնել պայքարը:

«Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնությունը երեկ տարածած հաղորդագրությամբ իրավապահ մարմինների, տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը հրավիրում է նախաձեռնության անդամների նկատմամբ ահաբեկման, հետապնդման և ճնշման փորձերի վրա:

Հիշեցնենք, որ աշխատավարձը պահումներով ստացած երկաթուղայիններն ահազանգում էին, որ ղեկավարությունը սպառնում է աշխատանքից ազատել բողոքող աշխատակիցներին: Իսկ Երևանի մետրոպոլիտենի երեք աշխատակիցներ բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո ազատվել էին աշխատանքից:

Երևանում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում աշխատակիցների աշխատավարձերից պահումներ չեն արվել հունվարին ու չեն արվելու փետրվարին:

«Որևէ ճնշում նախարարության կողմից կամ որևէ այլ գերատեսչության կողմից դեռ չեմ զգացել: Մենք առաջնորդվում ենք գերագույն դատարանի որոշմամբ․ եթե մեզ ասում են՝ եթե չվաճեք, ապա պատասխանատվության չեք ենթարկվի, ինչո՞ւ պիտի պահեինք բռնությամբ: Ես դա չեմ հասկանում», ֊ «Ազատության» հետ զրույցում ասաց տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG