Մատչելիության հղումներ

logo-print

Հղիության ախտաբանության համավճար չի կիրառվի


Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյան

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյան

Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով, հղիության ախտաբանության համավճար չի կիրառվի` հաշվի առնելով հղիության ախտաբանության ստացիոնար բուժման համավճարի ներդրման մեխանիզմների հստակեցման անհրաժեշտությունը:

Հայտնելով այդ մասին՝ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը նշում է, որ հարցը քննարկվել է նաև բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստում, որի ընթացքում ևս առաջարկվել է հստակեցնել հղիության ախտաբանության համավճարի ներդրման մեխանիզմները:

Միաժամանակ, նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը հայտարարված կանանց առողջության պահպանման միամսյակի ընթացքում ամբուլատոր պոլիկլինիկական օղակում լաբորատոր-գործիքային հետազոտությունների համար ներդրված համավճարը կանանց համար չի գործի: Այդ օրերին ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզային բազմաթիվ բժշկական կազմակերպություններում կիրականացվեն մանկաբարձագինեկոլոգիական և նեղ մասնագիտական անվճար խորհրդատվություններ, հետազոտություններ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև բուժում և վիրահատություն։

«Կանանց և երեխաների առողջության պահպանումը առողջապահության նախարարության քաղաքականության գերակա ուղղություն է: Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի նախաձեռնությամբ կանանց առողջության միամսյակի կազմակերպումը նպատակ ունի հոգ տանելու կանանց և նրանց ընտանիքների առողջության համար», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG