Մատչելիության հղումներ

logo-print

Յանուկովիչի կեղտոտ գաղտնիքները


Ուկրաինացի ցուցարարները և լրագրողները Վիկտոր Յանուկովիչի Մեժգորիեի առանձնատան մոտ, 22-ը փետրվարի, 2014թ․

Ուկրաինացի ցուցարարները և լրագրողները Վիկտոր Յանուկովիչի Մեժգորիեի առանձնատան մոտ, 22-ը փետրվարի, 2014թ․

Համացանցում հրապարակայնացվել են փաստաթղթերը, որոնք Յանուկովիչն ու իր մերձավորները ջրամբարն էին նետել:

Լրագրողներին հաջողվել է ջրի երես հանել Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի կեղտոտ գաղտնիքները: Ինչ-որ մեկն ուզում էր, որպեսզի այդ փաստաթղթերն անհետանային Կիևի ջրամբարում, սակայն փոխարենը դրանք հրապարակայնացվել են համացանցում:

Երբ փետրվարի 22-ի գիշերը Յանուկովիչն ու իր մերձավորները հապշտապ լքել են Կիևից դուրս գտնվող նախագահական առանձնատունը, փախուստից առաջ շտապել են ջրամբարը նետել հարյուրավոր փաստաթղթեր՝ զգուշանալով դրանցում տեղ գտած տեղեկությունների բացահայտումից:

Սակայն լրագրողներն ու ջրասույզները թեև փոքր-ինչ ուշացումով, այդուհանդերձ կարողացել են վերականգնել ջրում թրջված փաստաթղթերի մի մասը: Վերջին մի քանի օրերին մի խումբ լրագրողներ և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ զբաղվում են այդ փաստաթղթերը չորացնելով:

Ավելի քան 500 փաստաթուղթ արդեն իսկ լուսանկարվել և տեղադրվել է համացանցում՝ այդ նպատակով ստեղծված YanukovichLeaks կայքում: Լրագրողների խմբում աշխատում է նաև «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության թղթակիցը, ով փոխանցում է, որ այդ փաստաթղթերը հիմնականում վերաբերում են նախագահական առանձնատան ձեռքբերման կեղտոտ գործարքներին՝ ինչպես է այն կասկածելի ճանապարհով սեփականաշնորհվել, վերանորոգվել և կահավորվել: Դրանցում արտացոլված են նաև ֆինանսական փոխանցումներ՝ խոսքը միլիոնավոր դոլարների մասին է. օրինակ, 2010 թվականի սեպտեմբերին անհայտ նպատակով փոխանցվել է 12 միլիոն դոլար, գրում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության թղթակիցը:

Լրագրողներին հաջողվել է ջրի երես հանել նաև Յանուկովիչի թշնամիների ցուցակը, որում տեղ են գտել ինչպես լրագրողների, այնպես էլ ակտիվիստների, մասնավորապես՝ կանանց միջազգային շարժման, ուկրաինական ազգայնական կազմակերպությունների անդամների անուններ:

Լրագրող և ակտիվիստ Տատյանա Չորնովոլի անունը նույնպես տեղ է գտել այդ ցանկում. Չորնովոլը, հիշեցնենք, հրաշքով է փրկվել այն բանից հետո, երբ շուրջ երկու ամիս առաջ անհայտ անձինք նրան առևանգել էին և դաժանաբար ծեծի ենթարկել:

Ուկրաինայի նախկին նախագահի առանձնատանը գտնվել է ևս մեկ ուշագրավ փաստաթուղթ: Համացանցում տեղ գտած այդ փաստաթղթի լուսանկարից պարզ է դառնում, որ փոքր-ինչ մաշված այդ թուղթը, ամենայն հավանականությամբ, երկար է ծառայել: Խոսքը անունների մեկ այլ ցանկի մասին է, որը Յանուկովիչի կողմից կոդավորվել է. օրինակ, խորհրդարանի նախկին փոխխոսնակին Յանուկովիչը «փոքրիկ ձուկ» է անվանել, պաշտպանության նախկին նախարար Պավել Լեբեդևին՝ «արծիվ», Արսենի Յացենյուկին՝ «նոր հարևան»․․․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG