Մատչելիության հղումներ

Ղրիմի ինքնավարության ընդլայնման հարցով հանրաքվեն կարող է անցկացվել մայիսի 25-ին


Ռուսամետները պարզել են Ռուսաստանի հսկայական դրոշը Ղրիմի խորհրդարանի շենքի մոտ, 2-ը փետրվարի, 2014

Ռուսամետները պարզել են Ռուսաստանի հսկայական դրոշը Ղրիմի խորհրդարանի շենքի մոտ, 2-ը փետրվարի, 2014

Ղրիմի խորհրդարանի և կառավարության շենքերը շարունակում են մնալ զինված խմբերի հսկողության տակ: Կեսօրին մոտ խորհրդարանը գրաված զինված անձիք թույլ տվեցին պատգամավորներից մի քանիսին մոտք գործել շենք, որտեղ կայացավ ինքնավարության Գերագույն խորհրդի նախագահության նիստը:

Դրա ավարտին Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարեց.- «Ղրիմի խորհրդարանը, մնալով իշխանության միակ բարձրագույն լեգիտիմ մարմինը, աշխատում է բնականոն պայմաններում և պատրաստվում է արտահերթ լիագումար նիստի անցկացմանը: Այդ նիստի օրակարգային թիվ մեկ թեման լինելու է մայիսի 25-ին Ղրիմի ինքնավարության ընդլայնման հարցով հանրաքվե անցկացնելու հարցը»։

Սիմֆերոպոլում՝ խորհրդարանի շենքի մոտ հավաքված ռուսները ևս խոսում են 1992 թվականի սահմանադրության վերականգնման մասին: 1992-ի մայիսին ընդունված Սահմանադրությամբ Ղրիմը հռչակվում էր անկախ, ինքնիշխան պետություն, որն իր լիազորությունների մի մասը հանձնել էր Ուկրաինայի կենտրոնական իշխանություններին: Այդ նույն Սահմանադրությամբ Ղրիմին սեփական նախագահ ունենալու իրավունք էր վերապահվում: 90-ականների կեսին, սակայն, պաշտոնական Կիևը արգելեց 92-ի Սահմանադրությունը` վերացնելով նաև նախագահի պաշտոնը:

Այսօր ցույցի դուրս եկած ռուսական կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ համաձայն են լուծման միայն երկու տարբերակի՝ կամ վերադարձ 92-ի Սահմանադրությանը, կամ միացում Ռուսաստանի հետ:

Իրավիճակը Սիմֆերոպոլում օրվա ողջ ընթացքում բավական հանդարտ էր: Փոխարենը հակասական տեղեկություններ էին ստացվում թերակղզու հյուսիսից: Ուկրաինական խորհրդարանի պատգամավոր Գենադի Մոսկալը նույնիսկ պնդում էր, որ Ղրիմում և Սևաստոպոլում տեղակայված հատուկ նշանակության «Բերկուտ» ջոկատները ապստամբել են` փակել թերակղզու մուտքը Արմյանսկ և Չոնգար քաղաքների մերձակայքում: Ուկրաինացի պատգամավորը պնդում էր, թե «Բերկուտ»-ն այնտեղ գնդացիրներ ու նռնականետեր է տեղադրել։

Սիմֆերոպոլի ռուս ակտիվիստները հերքում են այս տեղեկությունները` պնդելով, թե «Բերկուտ»-ի մարտիկները Սիմֆերոպոլում գտնվող իրենց բազայում են, իսկ Կիևից եկող բանակցությունների բոլոր առաջարկներին ստորաբաժանման հրամանատարները պատասխանում են՝ «մեզ լուծարել են»: Ուկրաինայի ներքին գործերի նորանշանակ նախարար Արսեն Ավակովը երեկ հատուկ հրամանով լուծարել էր «Բերկուտ»-ը:

Իսկ Կիևում այսօր ողջ օրվա ընթացքում հետևում էին կառավարության հաստատման` Գերագույն Ռադայում ծավալված գործընթացին: Մի քանի ժամ առաջ ուկրաինացի խորհրդարանականները 371 կողմ ձայներով նոր կառավարության ղեկավարի պաշտոնում հաստատեցին Արսենի Յացենյուկին: Բնական է, որ նորանշանակ վարչապետի առաջին իսկ հայտարարությունը վերաբերում էր Ղրիմում ստեղծված կացությանը:

«Մենք հավատարիմ ենք մեր երկրի միասնականության և տարածքային ամբողջականության գաղափարին: Նոր կառավարությունը կանի ամեն ինչ և կօգտագործի բոլոր օրինական միջոցները, որպեսզի կայունացնի իրադրությունը Ղրիմում, հասկացնի ողջ աշխարհին և մեր բոլոր հարևաններին, որ Ուկրաինան ինքնիշխան և միասնական պետություն է, և որ անջատողականությունն այստեղ անթույլատրելի է»,- հայտարարել է Յացենյուկը:
XS
SM
MD
LG