Մատչելիության հղումներ

Դերասանի տարեդարձը նշեցին Դատապարտյալների հիվանդանոցի մոտ


Վարդան Պետրոսյանը ծննդյան 55-րդ տարեդարձը անազատության մեջ նշեց: Դերասանի երկրպագուներն ու աջակիցները հավաքվել էին Դատապարտյալների հիվանդանոցի մոտ՝ փորձելով Վարդանին փոխանցել իրենց նվերները, շնորհավորական բացիկները:

Ակցիայի մասնակիցներն իրենց զայրույթն էին հայտնում, որ առանց մեղքը հաստատվելու դերասանին երեք ամսից ավելի ճաղերի հետևում են պահում։ Ֆրանսիայից ժամանած Շանթ Ոսկերիչյանի համոզմամբ՝ սա իշխանությունների վրեժն է Վարդան Պետրոսյանի ընդդիմադիր հայացքների համար։

«Ինքը Րաֆֆիի [Հովհաննիսյանի] կողքը կանգնեց, Հայաստանի ժողովուրդը ընտրել էր Րաֆֆիին... նույնիսկ այստեղի սուտ դատարաններում, որ լրիվ կոռումպացված են, եթե դատվի, հանցավոր գտնվի, նոր թող դատապարտվի։ Քաղաքական է»,- ասաց Ոսկերիչյանը։

Վարդան Պետրոսյանի սփյուռքահայ ընկերը հիշեցնում է, որ նույնիսկ նախաքննական մարմնի տվյալներով դերասանը ոգելից խմիչքի ազդեցության տակ չի եղել։

«Վարդան Պետրոսյանը հոգեպես բարձր մեկն է, որ երկրից փախչողը չէր, եթե նույնիսկ իրեն 10, 20 տարի դատապարտեն, ինքը իրեն արդեն դատապարտված է զգում հոգեպես»,- ասաց Ոսկերիչյանը։

Թեև դերասանի աջակիցները պնդում են, որ ազատության մեջ նա չի թաքնվի, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն, այսօր անդրադառնալով դերասանի խափանման միջոցի հարցին, կարճ արձագանքեց, թե իրավական հիմք չկա նրան ազատ արձակելու համար։

«Խափանման միջոցի ընտրության հարցը ոչ մի կապ չունի հիվանդության հետ»,- ասաց Կոստանյանը։

Նախաքննական մարմինն արդեն ավարտել է գործի քննությունը, և առաջիկա օրերին ակնկալվում է դատավարության մեկնարկը: Ըստ մեղադրական եզրակացության, Վարդան Պետրոսյանը իրականացրել է «ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն», գերազանցել թույլատրելի արագությունը, մեքենան վարելիս հեռախոսով խոսել՝ անզգուշությամբ մահ պատճառելով երկու երիտասարդներին:

Մեղադրանքը հաստատվելու դեպքում դերասանին սպառնում է 4-10 տարվա ազատազրկում: Դատապարտյալների հիվանդանոցի առջև հավաքված մարդիկ հիշեցնում են, որ դերասանը նույնիսկ անձնագիրն է հանձնել իրավապահներին և ցանկության դեպքում անգամ չի կարողանա դուրս գալ երկրից.- «Անազատության մեջ են պահում, քանի որ Վարդանի խոսքը շատ ազդու է, չեն ուզում, որ Վարդանի նման մարդը ազատության մեջ լինի»։

Անահիտ Բախշյանն այսօր տեսակցել էր դերասանին, շնորհավորել տարեդարձը.- «Գրկեցի, համբուրեցի, կարոտել էի շատ, լավ էր, բժիշկը ասաց, որ սկզբի համեմատ բավական լավ է»։

«Ակնհայտ հանցագործը չի կալանավորվում, իսկ երբ իսկապես դժբախտ պատահար է, այո, երկու երիտասարդ կյանքից զրկվեցին, բայց այդտեղ որևէ դիտավորություն, հանցագործություն չեմ տեսնում։ Եթե չլիներ Վարդան Պետրոսյան անուն-ազգանունով այս քաղաքացին, նույն ճակատագրին չէր արժանանա։ Վարդանի քաղաքացիական հայացքները, համարձակ մտքերը, վստահ եմ, որ շատերին վիրավորել են, խոցել են, և իրենք այս պահին հիշում են այդ բոլորը ու առիթը օգտագործում, վրեժ լուծում»,- ասաց Բախշյանը։
XS
SM
MD
LG