Մատչելիության հղումներ

Կոստանյանը չի լսել և «չի պատրաստվում լսել» Գագիկ Ծառուկյանի ելույթը


«Քննչական գործողություններն իրականացվելու են անկախ նրանից, թե դա ինչ շահարկումների տեղիք կտա», - վստահեցնում է Հայաստանի գլխավոր դատախազը։

Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ»-ում ստուգումներ իրականացնելը բացատրում է հարուցված երկու քրեական գործերով, որոնք վերաբերում են Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների չարաշահմանը։

Այսօր լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ քննչական գործողությունների շրջանակներում զննություն իրականացվում է ոչ միայն «Արարատցեմենտ»-ում, այլ նաև 100-ից ավելի այլ կազմակերպություններում, և դա կապ չունի Գագիկ Ծառուկյանի, առավել ևս՝ ԲՀԿ համագումարի հետ։

Հիշեցնենք, «Արարատցեմենտ»-ում ստուգումներ սկսվեցին և գործարանին ու չորս գյուղերի ջուր մատակարարող պոմպակայանը մեկ օրով փակվեց կուսակցության փետրվարի 15-ի համագումարից մի քանի օր անց։ «Բարգավաճ Հայաստան»-ում համոզված են, որ այսպիսով Գագիկ Ծառուկյանին ճնշելու փորձեր են արվում համագումարում երկրի տնտեսական ու սոցիալական քաղաքականությունը «անպտուղ» որակելու և քաղաքական ուժերին միավորելու կոչ հնչեցնելու համար։

«Ես այդ ելույթները ճիշտն ասած՝ չեմ լսել, չեմ էլ պատրաստվում լսել, որովհետև ինձ համար դրանք տվյալ քրեական գործի շրջանակներում և ընդհանրապես մեծ կարևորություն չեն ներկայացնում», - «Ազատության» դիտարկմանն ի պատասխան ասաց Գլխավոր դատախազը: - «Բոլոր կազմակերպություններում անխտիր, կլինի դա ձկնաբուծարան, կլինի դա գործարան, որն այլ տնտեսական գործունեություն է իրականացնում, կլինի դա խոշոր ջրօգտագործող՝ անկախ գործունեության տեսակից, ցանկացած տնտեսական գործունեության տեսակ, որն իր հիմքում ունի ջրօգտագործման մեծ ծավալներ, այս քրեական գործի շրջանակներում քննարկվելու է իրենց ջրօգտագործման հարցը»։

Գևորգ Կոստանյանը տեղեկացրեց, որ քրեական գործը հարուցվել է՝ «2-2,5 ամիս առաջ»։ «Ազատության» հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են հենց հիմա սկսվել այդ ստուգումները, Գլխավոր դատախազը հակադարձեց. - «Իսկ ո՞վ է ասում նոր են սկսվել... Նոր չի սկսվել, այդ ստուգումներն արդեն շուրջ ամիսուկես է ընթանում են: Անմիջապես քրեական գործի հարուցումից հետո ստուգումներ են սկսվել»։

Դիտարկմանը, թե Ծառուկյանի թիմը համոզված է, որ ճնշում է սկսվել նրա նկատմամբ, Կոստանյանն արձագանքեց. - «Ես չգիտեմ ինչու է համոզված, դա ճնշում չի։ Եթե հարուցված քրեական գործով զննություն պետք է անցկացվի ու անցկացվում է, և դա դիտվում է ճնշում, ես այստեղ անկեղծորեն ոչ մի հիմնավորում չեմ տեսնում։ Այստեղ ընդամենը խոսքը գնում է քննչական գործողություններ կատարելու մասին։ Որևէ մեկին մեղադրանք դեռևս առաջադրված չէ այդ գործով, կասկածյալներ ներգրավված չեն, իրականացվում են քննչական գործողություններ։ Եվ իրականացվելու են, անկախ նրանից, թե դա ինչ շահարկումների տեղիք կտա»։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Կառավարությունում այսօր պարզաբանեց, թե ինչու է գործարանին ու շրջակա տարածքներին մատակարարվող ջուրը փակվել՝ վնաս պատճառելով ոչ միայն «Արարատցեմենտ»-ին, այլև գյուղացիներին ու տնտեսություններին. - «Անջատումը եղել է ընդամենը կես օրով, և այդ կես օրում մենք կարողացել ենք հայտնաբերել մի շարք անօրինական ջրօգտագործողներ, այդ թվում՝ ձկնաբուծական տնտեսություններ»։

Նախարարը հայտարարեց, որ գործառույթները անհարկի քաղաքականացնելու խնդիր չկա, իրենք ուսումնասիրություններ սկսել են դեռ դեկտեմբերից, և Ծառուկյանին պատկանող գործարանը որևէ առարկություն չի ներկայացրել։ Իսկ ջրամատակարարման «տեստային անջատում» է կատարվել, որովհետև, ըստ նախարարի, գործարանը ձմռան ամիսներին արտադրական նպատակով գործունեություն չի ծավալել։

Ի դեպ, երեկ պոմպակայանի երկարամյա աշխատակից Հովհաննես Ասլանյանը «Ազատությանը» հավաստիացնում էր, որ 52 տարվա մեջ դա պոմպակայանը փակելու առաջին դեպքն էր, ինչի հետեւանքով ջուրը զուգահեռ ջրանցքով սկսել էր հոսել դեպի Ադրբեջանի տարածք։

Իշխող Հանրապետական կուսակցությունում ասում են, թե «ԲՀԿ-ի քաղաքական վերնախավն ու հալածյալի կերպարը բավական հեռու են իրարից»: «Իշխանությունները վաղուց ճնշումների լեզվով, հալածանքի լեզվով չեն խոսում, որովհետև բավականին բան փոխվել է և՛ մեր միջավայրում, և՛ մեր մտածելակերպում և՛ առհասարակ մեր երկրում», - «Ազատության» հետ զրույցում նշել է Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը։

Անդրադառնալով ոչ իշխանական քաղաքական ուժերի կոնսոլիդացիայից վախենալու մասին պնդումներին՝ պատգամավորը հակադարձել է. - «Նմանատիպ քաղաքական ուժերը հազիվ թե գաղափարական կամ կառուցողական կոնսոլիդացիա ունենան։ Նեղ հատվածական շահերի, պահի ազդեցության տակ կարող են ինչ-որ հարցի շուրջ համախմբվել, բայց այդ շահն ու շարունակականությունը շատ կարճ են տևելու; Միանշանակ լուրջ չեմ վերաբերվում»։

«Վստահ եմ, որ ճիշտ եզրակացություններ հանրությունն արել է արդեն», - «Ազատությանը» փոխանցեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը» - «Որևէ որակում չեմ ուզում տալ, որովհետև մարդիկ ամեն ինչ շատ լավ հասկանում են»։
XS
SM
MD
LG