Մատչելիության հղումներ

Հոգեբանական ճնշումներ՝ նոյեմբերի 5-ի գործով կալանավորվածի նկատմամբ


Նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով կալանավորված, Նուբարաշենի մեկուսարանում գտնվող 39-ամյա Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Հրանտ Անանյանը դիմել է գլխավոր դատախազին՝ նշելով, որ հոգեբանական ճնշում է գործադրվել Հովհաննիսյանի նկատմամբ քննչական գործողության ժամանակ: Այս տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց Արմեն Հովհաննիսյանի կինը՝ Շողեր Հակոբյանը:

Ըստ Շողեր Հակոբյանի, երեք քննիչ փորձել են հոգեբանական ճնշում գործադրելով Արմեն Հովհաննիսյանից ցուցմունք կորզել նոյեմբերի 5-ի դեպքերի վերաբերյալ: Կնոջ փոխանցմամբ, Հովհաննիսյանը հրաժարվել է նման իրավիճակում ցուցմունք տալ։

Հովհաննիսյանը բարձրագույն զինվորական կրթություն է ստացել Կիրովի անվան բարձրագույն հրամանատարական ուսումնարանում: 20 տարի ծառայելուց հետո իր դիմումի համաձայն, զորացրվել է՝ անցնելով թոշակի։ Կինը պատմում է, որ երբ Հովհաննիսյանը Կապանից գնացել է Երևան՝ միանալու Շանթ Հարությունյանի նախաձեռնած բողոքի ակցիաներին, ինքը ամուսնու նոթատետրում գտել է նրա գրառումները՝ Հարությունյանի մտքերը Հայաստանում ստեղծված իրավիճակի և հեղափոխության անհրաժեշտության մասին։

«Ինքը Շանթին վաղուց էր ճանաչում, Շանթի հետ մենք ընտանիքով ենք մոտ, նախ 2003 թվականից ես Շանթի հետ Կապանում ընտրությունների ժամանակ եմ աշխատել, այս ժամանակ Շանթը իր թեկնածությունը Լիցկայի (Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի) դեմ էր դրել, պատգամավորական ընտրություն էր, իսկ Արմենը Շանթին համակրել է որպես պարզ, ազնիվ, հայրենասեր քաղաքացի, մեծատառով մարդ»,- ասաց Հակոբյանը։

Անցյալ շաբաթ ոստիկանության քննիչը նոյեմբերի 5-ի գործով կալանավորվածների նկատմամբ ընտրված խափանման միջոցը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդությունները ներկայացրել է դատարան: Այս տեղեկությունն «Ազատությանը» փոխանցեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ըստ ոստիկանության, քննիչը դեռ տեղեկացված չէ, թե երբ է դատարանը քննելու այդ միջնորդությունները: Կալանքի ժամկետը լրանում է մարտի 5-ին և 6-ին: Ի՞նչ քննչական գործողություններ պետք է կատարի նախաքննական մարմինը 14 կալանավորվածների գործով, որ կրկին միջնորդում է ևս երկու ամսով երկարացնել նրանց կալանքի ժամկետը: Հարցին ի պատասխան՝ ոստիկանությունից նախընտրեցին միայն ասել, թե նախաքննությունը շարունակվում է:

Իսկ Արմեն Հովհաննիսյանի կինը կարծիք հայտնեց, որ, ի վերջո, ստիպված են լինելու ազատել նոյեմբերի 5-ի գործով բանտարկյալներին։

«Մյուս պետությունների փորձն է ցույց տալիս. Թուրքիայում, օրինակ, Գեզի այգու գործով ձերբակալվածներին արդարացրեցին, ազատ արձակեցին, Ուկրանիայում ազատ արձակեցին, իսկ մեր տղաների մասով այնպիսի տպավորություն է, որ սպասում են։ Ես չգիտեմ՝ ինչի են սպասում, դա արդեն բոլորին հասկանալի է»,- ասաց Հակոբյանը։

Հավելենք, որ նոյեմբերի 5-ի գործով կալանավորվածներին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք է կազմակերպվել Երևանում, Մասիսում, Էջմիածնում, Մեղրիում, Վարդենիսում, Ախալքալաքում, Չարենցավանում: Ըստ Շողեր Հակոբյանի, այս պահին ավելի քան 7000 ստորագրություն կա: Ստորագրությունների թիվն ամփոփելուց հետո համապատասխան նյութերը նախատեսվում է փոխանցել միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին:
XS
SM
MD
LG