Մատչելիության հղումներ

Ղարիբաշվիլիին ԱՄՆ-ում հարց են տվել նաև Ջավախքի մասին


Ջոն Քերրին և Իրակլի Ղարիբաշվիլին ԱՄՆ - Վրաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովի նստաշրջանի բացումից առաջ, Վաշինգտոն, 26-ը փետրվարի, 2014թ․

Ջոն Քերրին և Իրակլի Ղարիբաշվիլին ԱՄՆ - Վրաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովի նստաշրջանի բացումից առաջ, Վաշինգտոն, 26-ը փետրվարի, 2014թ․

Ջավախքի նկատմամբ որևէ խտրականություն չկա, վստահեցրել է Վրաստանի վարչապետը:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Վրաստանին լրացուցիչ օգնություն կտրամադրի՝ աջակցելու երկրի եվրոպական և եվրատլանտյան ձգտումներին: Մասնավորապես, խոսքը վերաբերում է նաև Եվրամիության և Վրաստանի միջև ազատ վիզային ռեժիմի սահմանմանը:

Պետքարտուղարը նաև բարձր է գնահատել Վրաստանի տնտեսական բարեփոխումները և հորդորել է արագ իրականացնել առևտրային և ներդրումային ծրագրերը՝ ներառյալ Միացյալ Նահանգների հետ:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մեկշաբաթյա այցը Միացյալ Նահանգներ շարունակվում է:

Իսկ Ատլանտյան խորհրդի նիստին Վրաստանի վարչապետին հարց է ուղղվել նաև Ջավախքի մասին: «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ Հայ դատի ներկայացուցիչ Լիլի Գասպարյանը այսպիսի հարց է ուղղել․ - «Նախկին իշխանությունների խտրական քաղաքականության պատճառով Սամցխե-Ջավախեթին գտնվում է տնտեսական բարդ իրավիճակում: Արդյոք Դուք համաձա՞յն եք ընդունել միջազգային հանրության, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կառավարության օգնությունը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար»:

Այս հարցին Իրակլի Ղարիբաշվիլին պատասխանել է․ - «Ցավոք, ոչ միայն Սամցխե-Ջավախեթին, այլ նաև մեր երկրի բոլոր շրջանները գտնվում են տնտեսական բարդ իրավիճակում: Մենք բոլոր շրջանների զարգացման պլան ենք մշակել՝ առանց որևէ խտրականության: Դուք կարող եք համոզված լինել, որ Վրաստանի կառավարությունը նույն ուշադրությամբ լուծում է Սամցխե-Ջավախեթիի բնակչության խնդիրները, ինչպես Վրաստանի մյուս շրջանների խնդիրները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG