Մատչելիության հղումներ

Հայաստանում գազը շատ ավելի թանկ է, քան ՄՄ մյուս երկրներում


Հայաստանում գազը շատ ավելի թանկ է, քան ՄՄ մյուս երկրներում
please wait

No media source currently available

0:00 0:02:49 0:00
Մաքսային միություն շտապող Հայաստանում գազը այսօր բնակիչների համար ավելի քան 7.5 անգամ թանկ է, քան միության անդամ Բելառուսի բնակիչների:

Այս փաստը ուշադրություն է գրավում հատկապես այն պատճառով, որ Մաքսային միության անդամակցությանը կողմնակից Հայաստանի իշխանությունները որպես փաստարկ, թե ինչու պետք է մեր երկիրը միանա Մոսկվայի նախաձեռնած այդ միությանը, նշում են, որ անդամակցությունն էժան գազ կապահովի Հայաստանի համար:

Եվ այսպես, Բելառուսի կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1166 որոշմամբ (որն առկա է պաշտոնական կայքէջում), այս տարվա հունվարի 1-ից մինչև 3 հազար խորանարդ մետր գազ սպառողները՝ այսինքն բնակիչները և փոքր ձեռնարկությունները, ջեռուցման ժամանակաշրջանում մեկ խորանարդ մետ գազի դիմաց վճարում են 520.9 բելառուսական ռուբլի կամ այսօրվա փոխարժեքով՝ 5 ամերիկյան ցենտ: Հետևաբար, հազար խորանարդ մետրի դիմաց գինը կկազմի Բելառուսում բնակիչների համար 50 ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանում այսօր բնակիչները վճարում են 156 դրամ կամ հազար խորանարդ մետրի դիմաց՝ մոտ 380 ԱՄՆ դոլար:

Ամառային ժամանակաշրջանի համար, ինչպես սահմանված է Բելառուսի կառավարության այդ որոշմամբ, գազի գինը փոխվում է, և մեկ խորանարդ մետրի դիմաց դառնում է 1906.6 բելառուսական ռուբլի կամ հազար խորանարդ մետրի համար մոտ 195 դոլար, որը շուրջ երկու անգամ էժան է հայաստանյան գնից:

Այսօր կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպել էր Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը, ով խոսում էր այն մասին, թե ինչ առավելություններ կարող է ստանալ Հայաստանի տնտեսությունը՝ անդամակցելով Ռուսաստանի նախաձեռնած միությանը: «Ազատության» հարցին, թե ինչու է գազի գինը այդչափ տարբերվում Բելառուսում և Հայաստանում, փոխնախարարը պատասխանեց․ - «Մենք ունենք համաձայնագիր, որտեղ հստակ գրված է գազի գնագոյացման ֆորմուլան․․․ [որի համար] որպես հիմք դրված է Օրենբուրգի մարզում գազի գինը, որը լրիվ տարբերվում է այն ֆորմալայից, որը մենք ունեինք ժամանակին»:

Ըստ այդ բանաձևի, ինչպես փոխանցեց Իսայանը՝ Հայաստանում գազի գինը ձևավորվում է Օրենբուրգի մարզում գազի գնին գումարած տրանսպորտային ծախսերը մինչև Հայաստանի սահմանը:

Ուղիղ գծով Օրենբուրգ քաղաքից մինչև Բելառուսի սահման կազմում է մոտ 1520 կիլոմետր, իսկ մինչև Հայաստանի սահման՝ մոտ 1400 կիլոմետր: Եվ եթե ռուսական գազի գնի որոշման նոր բանաձևն է՝ կապույտ վառելիքի գինը Ռուսաստանի Օրենբուրգի նահանգում գումարած տրասնպորտային ծախսեր, ստացվում է Հայաստանում գազը պետք է էժան լինի Բելառուսից, սակայն հակառակն է, ընդ որում գազը բելառուսական սպառողների համար էժան է անգամներով:

Իոսիֆ Իսայանը արձագանքեց, թե Բելառուսում պետությունը սուբսիդավորում է գազի գինը, ուստի և այն այդքան էժան է:

«Ազատության» դիտարկմանը, թե երբ Հայաստանի կառավարությունը ամեն անգամ Ռուսաստանին էր վաճառում հերթական պետական գույքը (վերջինը՝ «Հայռուսգազարդ»-ի 20%-ն էր), նշում էր, թե այդ քայլին է գնում գազի գները ցածր պահելու համար, փոխնախարարն արձագանքեց․ - «Լրիվ շեղվեցինք»:

Իոսիֆ Իսայանը պահանջում էր հարցեր տալ միայն Մաքսային միության վերաբերյալ, քանի որ այսօր նա լրագրողների հետ հանդիպել է այդ թեմայի շրջանակում:

Ի դեպ, հայաստանյան գների համմեատ գազի գները բնակիչների ու ձեռնարկությունների համար էժան են ոչ միայն Բելառուսում, այլև Մաքսային միության անդամ մյուս երկրում՝ Ղազախստանում: Ինչպես այսօր «Ազատությանը» փոխանցեցին Ղազախստանի Նավթի ու գազի նախարարության մամուլի ծառայությունից, իրենց երկրի արևմտյան՝ գազով ու նավթով հարուստ մարզերում բնակչության համար հազար խորանարդ մետր բնական գազի գինը միջինը կազմում է 5.5 հազար թենգե կամ մոտ 30 ամերիկյան դոլար, իսկ արևելյան մարզերում՝ 21 հազար թենգե կամ մոտ 113 դոլար:

«Սիվիլնեթ»-ի տնտեսական մեկնաբան Արմենակ Չատինյանի ներկայացմամբ, այս փաստերը պարզորոշ ցույց են տալիս, թե որքանով է արդյունավետ բանակցել Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի հետ գազի գների շուրջ․ - «Եթե մեկ խոսքով ասենք՝ Բելառուսի իշխանությունները կարողացել են ավելի լավ բանակցել և ստանալ որոշակի զեղչեր: Իհարկե, դրա դիմաց որոշակի ակտիվներ են հանձնել Ռուսաստանին, բայց մենք նույնպես ակտիվներ ենք հանձնել»:

Ըստ Չատինյանի, Մաքսային միության այլ երկրների հետ համեմատած թանկ գազը խնդիր կլինի հայաստանյան գործարարաների համար, երբ մեր երկիրը դառնա Մաքսային միության անդամ․ - «Եթե նույնանման ապրանքներ մենք արտադրենք, ապա մենք իսկապես անհավասար պայմաններում ենք լինելու, որովհետև մենք չպետք է մոռանանք, որ տարանցիկ երկրի տարածքով պետք է անցնենք, այնտեղ նաև որոշակի վարչարարության խնդիրներ են առաջանալու»:
XS
SM
MD
LG