Մատչելիության հղումներ

ԵԿՄ նորընտիր վարչությունը այցելել է Մայր Աթոռ


Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի

Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նորընտիր վարչության անդամներին` ղեկավարությամբ միության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Մանվել Գրիգորյանը համառոտ կերպով Վեհափառին է ներկայացրել ԵԿՄ-ի անցած ուղին ու նպատակները: Մասնավորապես անդրադառնալով հայրենասիրական ոգու բարձրացմանը և ազատամարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ԵԿՄ-ի ծրագրերին` նա հայցել է Վեհափառի օրհնությունը կառույցի տասներորդ հոբելյանական տարվա կապակցությամբ:

Ամենայն Հայոց կաթողիկոսը իր գնահատանքն ու օրհնություն է բերել ԵԿՄ-ի անդամներին: Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում իր յուրաքանչյուր զինվորին, խոնարհում է բերում կամավորականներին և աղոթում բոլոր նրանց համար, ովքեր իրենց կյանքն ընծայաբերեցին հայոց պետականության անսասանության և հայ ժողովրդի խաղաղ ու անվրդով ապագայի համար:

Վեհափառն անդրադարձել է նաև այսօր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին` նշելով, որ «դժվարությունների հաղթահարման միակ ճանապարհն այն ոգին է, որ դրսևորվեց Արցախյան հերոսամարտում»:

Հանդիպման ընթացքում որոշվել է Երկրապահի օրն առանձնահատուկ կերպով նշել Մայր Աթոռում` առիթ ընձեռելով երկրապահ կամավորականներին այցելելու Սուրբ Էջմիածին և նորոգելու հայրենիքին կամավորաբար ծառայելու իրենց սրբազան ուխտը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG